• Latest news

3 առասպել մամոգրաֆիայի մասին

2 հունվարի, 2017  20:52

Մամոգրաֆիան կրծքագեղձի հետազոտման մեթոդ է, որը շատ փոքր գոյացությունները հայտնաբերելու հնարավորություն է ընձեռում, որոնք այլ մեթոդներով անհնար է տեսնել: Հատկապես մամոգրաֆիայի զարգացման շնորհիվ է հնարավոր կրծքագեղձի քաղցկեղը ամենավաղ փուլերում ախտորոշել, երբ բուժումն արդյունավետ և հեշտ կլինի:

Ժողովրդի և նույնիսկ մասնագետների շրջանում, սակայն, այս հետազոտության վերաբերյալ շատ առասպելներ են տարածված: NEWS.am Medicine-ը «Աստղիկ» բժշկական կենտրոնի մամոգրաֆիայի ծառայության ղեկավար Նունե Մաշուրյանի հետ զրուցել է դրանցից որոշների շուրջ եւ թե ինչու են դրանք սխալ:

Առասպել 1. Որքան վաղ սկսես կանոնավոր մամոգրաֆիա անցնել, այնքան ավելի լավ

Ոմանք կարծում են, որ եթե կրծքագեղձի քաղցկեղը «երիտասարդանում» է, ապա պետք է սկսել տարեկան մեկ անգամ մամոգրաֆիա կատարել 35 տարեկանից սկսած: Սակայն մասնագետի պարզաբանմամբ՝ երիտասարդ կանանց կրծքագեղձերի խտությունը մեծ է, ուստի այս տարիքում մամոգրաֆիայի ինֆորմատիվությունը այնքան մեծ չէ:

Երիտասարդ կանանց խորհուրդ է տրվում կանոնավորապես կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն անցնել: Խնդիր հայտնաբերելիս մասնագետը նրանց մամոգրաֆիկ հետազոտություն կնշանակի, սակայն կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգի համար մամոգրաֆիա կիրառելը սխալ է մինչև 40 տարեկան կանանց մոտ, համոզված է մասնագետը:

American Cancer Society-ի վերջին ուղեցույցների համաձայն՝ ամեն տարի մամոգրաֆիա պետք է անցնեն 45-ից մինչև 54 տարեկան կանայք, քանի որ կրծքագեղձի  քաղցկեղով  ավելի հաճախ հիվանդանում են  հենց այս տարիքային խմբի կանայք: 54 տարեկանից հետո խորհուրդ է տրվում այս հետազոտությունն անցնել 2 տարին մեկ անգամ:

Մասնագետը նշեց, որ այս ուղեցույցները վերաբերում են այն կանանց, որոնց որակյալ կյանքի ակնկալվող տևողությունը 10 և ավելի տարի է: Այսինքն՝ եթե կինը այլ լուրջ հիվանդություններով է տառապում (օրինակ՝ կաթված), որոնք կարող են կրճատել նրա կյանքի տևողությունը, նրան մամոգրաֆիկ խիստ  կանոնավոր հետազոտությունները նպատակահարմար չեն:

Առասպել 2. Մամոգրաֆիայի ժամանակ ստացած ճառագայթումը առողջության համար վտանգավոր է

Մյուս տարածված առասպելը վերաբերում է մամոգրաֆիական հետազոտության ժամանակ ստացած ռենտգեն ճառագայթմանը: Իսկապես այս հետազոտության ժամանակ առկա է  ռենտգեն ճառագայթում, սակայն ժամանակակից սարքերի օգտագործման դեպքում այն չափազանց փոքր է, որպեսզի առողջության վրա լուրջ վնասի մասին խոսենք: Ն. Մաշուրյանը նշեց, որ ժամանակակից թվայնացված մամոգրաֆների ճառագայթային ծանրաբեռնվածությունը 30 տոկոսով ցածր է, քան անալոգային մամոգրաֆների դեպքում:

Ներկայումս, ոչ մի հետազոտությամբ կապ չի հայտնաբերվել մամոգրաֆիայի հետևանքով ճառագայթման և հիվանդների շրջանում որևէ բարդության միջև: Ամբողջ աշխարհի փորձագետները նշում են, որ մամոգրաֆիայի օգուտները (այս հետազոտությամբ հնարավոր է գոյացություններ հայտնաբերել, որոնք անհնար է տեսնել ո՛չ ուլտրաձայնային հետազոտությամբ, ո՛չ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի, եւ որոնք, բնականաբար, անհնար է շոշափել) շատ ավելին են, քան հնարավոր վնասը:

Առասպել 3. Մամոգրաֆիան կուրծքը վնասում է

Ոմանք կարծում են, որ մամոգրաֆիական հետազոտությունը կուրծքը վնասում է: Մասնագետը, սակայն, նշեց, որ մամոգրաֆիայից հետո որևէ բարդություն կարող է լինել 100 հազար կանանցից միայն մեկի մոտ, եւ նույնիսկ այս դեպքում փաստ չէ, որ բարդությունները եղել են հենց մամոգրաֆիայի հետևանքով, ի վերջո՝ խնդիրներ կարող էին առաջանալ նրա հիվանդության զարգացման ընթացքում՝ անկախ ամեն ինչից:

Ինչպես եւ նախորդ, այս դեպքում եւս մամոգրաֆիայի օգուտներն ավելի շատ են, քան պոտենցիալ վնասները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել