• Latest news

«Էրեբունի» ԲԿ-ում ողնաշարային զարկերակի վիրահատությունը պացիենտին վերադարձրել է բնականոն կյանքին

17 հունվարի, 2017  19:19

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ողնաշարային զարկերակի վիրահատություն է կատարվել, որը սրտխառնոցով, գլխապտույտներով եւ գլխացավերով տառապող կնոջը վերեդարձրել է բնականոն կյանքին։

Ինչպես հայտնում է հիվանդանոցի կայքը, 71–ամյա Լ.Շ.–ն ընդունվել է սրտի եւ անոթների վիրաբուժության բաժանմունք (ղեկավար - բ.գ.դ. Մեսրոպ Շատախյան) ծայրահեղ ծանր վիճակում՝ հիվանդը մեկ շաբաթվա ընթացքում չէր ընդունել սնուննդ, կլման փորձերի ժամանակ սկսվում էր փսխում, ջրազրկված էր, ինչի պատճառով էլ գտնվում էր պարէնտերալ (ներերակային) սնուցման տակ, չափազանց թույլ լինելու պատճառով չէր կարողանում քայլել, սակայն վերջույթներում շարժումները խանգարված չէին:

Ֆիզիկական զննման ընթացքում անրակի ձախ կողմից պարանոցի վրա հայտնաբերվել է կլոր պինդ գոյացություն: Նկատվում էր նաեւ Գորների համախտանիշ, որն արտահայտվում էր վերին կոպի իջեցմամբ: ԿՏ–անգիոգրաֆիայի եւ դուպլեքս հետազոտության արդյունքում հայտնաբերվեց մեծ գոյացություն 5×6 սմ չափսերով, որը սեղմում էր եւ դեֆորմացնում դոմինանտ ձախ (2.5-3մմ) ողնաշարային զարկերակը արյան հոսքի արտահայտված խանգարումով: Աջ ողնաշարային զարկերակը թերզարգացած էր (հիպոպլազիա) եւ տրամագիծը կազմում էր 1.5 մմ: Ձախ դոմինանտ զարկերակի սեղման արդյունքում նկատվում էր գլխուղեղի ցողունի արտահայտված իշեմիա:

24 ժամ ներերակային հեղուկ ներարկելուց եւ աղեջրային հավասարակշռությունը վերականգնելուց հետո որոշվեց անցկացնել վիրահատական միջամտություն դոմինանտ ձախ ողնաշարային զարկերակի անցանելիությունը վերականգնելու եւ գլխուղեղի հետին բաժինների արյան հոսքը լիարժեք ապահովելու նպատակով: 02.12.2016թ. վիրաբուժական թիմը (վիրաբույժ- սրտի եւ անոթների վիրաբուժության բաժանմունքի ղեկավար բ.գ.դ Շատախյան Մ.Պ., ասիստենտներ՝. Արզումանյան Ս.Ի., Աֆյան Ն.Ս., անեստեզիոլոգ՝ Մուրադյան Ա.Ռ.) կատարեց գոյացության հեռացում, որը սեղմում էր ողնաշարային զարկերակը եւ սիմպաթիկ նյարդային ցողունը:

Այնուհետեւ ողնաշարային զարկերակը կտրվեց ենթանրակային զարկերակից եւ տեղափոխվեց սիմպաթիկ ցողունից դեպի առաջ, որից հետո «վերջ – կողք» անաստամոզ դրվեց քնային զարկերակի հետ՝ գլխուղեղի ցողունին լիարժեք արյան հոսք ապահովելու նպատակով:

Հետվիրահատական շրջանը ընթացավ սահուն, առանց բարդությունների: Հիվանդը էքստուբացվեց վիրահատությունից մեկ ժամ անց, սկսեց ուտել 3 ժամ անց , վիրահատությունից 12 ժամ անց քայլեց: Վիրահատությունից 3 օր անց դուպլեքսային սկանավորումը հաստատեց ողնաշարային ձախ զարկերակի նորմալ արյան հոսքը եւ հիվանդը դուրս գրվեց տուն: Վիրահատությունից 20 օր անց հիվանդը ինքնուրույն տեղաշարժվում էր , նորմալ սնվում: Գլխապտույտը եւ վերին կոպի իջեցումը անհայտացել էին:

Ըստ հիստոլոգիական հետազոտության տվյալների գոյացությունը իրենից ներկայացնում էր կալցիֆիկացված եզրերով խոռոչ խրոնիկ հեմորագիկ պարունակությամբ: Ըստ համաշխարհային գրականության տվյալների, գոյացությունները, որոնք սեղմում են ողնաշարային զարկերակը, հազվադեպ են հանդիպում, եւ պահանջում են անհապաղ վիրահատական միջամտություն: Այսպիսի հիվանդները, որպես կանոն, դիմում են բժիշկի ծանր կլինիկական վիճակում: Եթե գոյացությունը մեծ է, հիվանդները մեծ դժվարությամբ կամ ընդհանրապես չեն կարողանում սնունդ ընդունել, հաճախ տանում են ուղեղիկի կաթված, ունենում են արտահայտված գլխապտույտներ եւ շարժումների դիսկոորդինացում, չեն կարողանում տեղաշարժվել: Ծանր կլինիկական պատկերը հաճախ կարող է ստեղծել վիրահատական միջամտության հուսահատական պատկեր: Սակայն մեխանիկական խոչընդոտների վերացնելուց եւ դեպի գլխուղեղի ցողուն նորմալ արյան հոսքը վերականգնելուց հետո, հիվանդը շատ շուտ ապաքինվում է՝ ամբողջովին վերականգնելով բոլոր ֆունկցիաները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է