• Latest news

«էրեբունի» ԲԿ–ում թոքային հիպերտենզիայով հիվանդների բուժման նոր մեթոդներ են կիրառվում

25 հունվարի, 2017  20:06

Occlutech ընկերության հրավերով «էրեբունի» ԲԿ–ի սրտաբանական կլինիկան՝ որպես տարածաշրջանում առաջատար կլինիկաներից մեկը, Occlutech® AFR նոր սարքի կլինիկական հետազոտությունների անցկացման բազա կդառնա։ Դա հնարավորություն կտա ծանր դիաստոլիկ դիսֆունկցիայով, թոքային հիպերտենզիայով եւ աջ փորոքային անբավարարությամբ տառապող մարդկանց օգտվել ավելի քան 4000 եվրո արժողությամբ սարքի իմպլանտացիայի հնարավորությունից, որը ընկերությունն անվճար կտրամադրի։

«Էրեբունի» ԲԿ–ի Սրտաբանական կենտրոնում օրերս կայացավ գերմանական Occlutech® ընկերության Atrial Flow Regulator (AFR, միջնախասրտային շունտի կարգավորիչ) նորագույն ներսրտային պրոթեզի ցուցադրությունը, որը նախատեսված է դիաստոլիկ դիսֆունկցիայի, թոքային հիպերտենզիայի եւ աջ փորոքային անբավարարության բուժման համար։ Այն կոչված է ոչ միայն բարելավել հիվանդների ծանր վիճակը, այլ նաեւ բարձրացնել նման հիվանդների կյանքի որակը։

Հիվանդանոցի կայքը հայտնում է, որ թոքային հիպերտենզիան ծանր, զարգացող հիվանդություն է, որը հանգեցնում է աջ փորոքի վրա ճնշման աստիճանական աճի, աջփորոքային անբավարարության զարգացմանը, որն ավարտվում է մահացու ելքով։ Չնայած նորագույն նվաճումներին՝ հիվանդներից շատերը շարունակում են ծանր վիճակում մնալ՝ հոսպիտալացման եւ դեղորայքային բուժման բարձր ռիսկով։

Ակնհայտ է բուժման նորարարական մեթոդների անհրաժեշտությունը։ Միջնախասրտային աջից  ձախ շունտի ստեղծումը այդ հիվանդների մոտ կարող է մեծացնել համակարգային արտանետումը՝ դրանով բարելավելով թթվածնի մատակարարումն անգամ ցածր սատուրացիայի պարագայում։ Սակայն դրա համար կիրառվող դիլատացիայով բալոնային սեպտոստոմիան կամ ստենտի իմպլանտացիան այնպիսի լուրջ թերություններ ունեն, ինչպիսին է ստեղծված միջնախասրտային բացվածքի սպոնտան փակումը, չափից դուրս մեծ դեսատուրացիան, ստենտի օկլյուզիան, շունտի չափերի կարգավորման անհնարինությունը եւ այլն։

Occlutech ընկերության ներկայացուցիչ Ռոման Շեյնը մասնագետների ուշադրությանն է ներկայացրել Occlutech® AFR–ի նոր մշակումը, դրա կառուցվածքն ու ֆունկցիաները։

Պատկեր 1

«Սարքը բալոնային սեպտոստոմիայից հետո տեղադրվում է նախասրտի պատի մեջ արյունը ձախից աջ նախասիրտ կայուն դոզավորված փոխանցման համար (պատկեր 2)։ Մենք ակնկալում ենք, որ այդ սարքի օգտագործումը կբարելավի կլինիկական ցուցանիշները՝ ձախ նախասրտում ճնշման նվազում, հեւոցի կրճատում, հեմոդինամիկայի կայունացում, բարելավում, կյանքի որակի բարելավում», – ասել է նա։

Պատկեր 2. Պրոթեզի իմպլանտացիայից հետո գունավոր դոպլեր սկանավորման ժամանակ հստակ երեւում է միջսրտային շունտը։

Ռոման Շեյնը նշեց, որ ներկայումս Occlutech® AFR սարքը կլինիկական փորձարկումների փուլում է եւ արդեն առաջատար եվրոպական կլինիկաներում 20 հիվանդների են փոխպատվաստել։ Ստացված տվյալները շատ խոստումնալից են. հեմոդինամիկ եւ կլինիկական ցուցանիշների բարելավում, ասցիտի եւ պերիֆերիկ այտուցվածության անհետացում առանց միզամուղ դեղերի դոզայի ավելացման, ձախ նախասրտում ճնշման նվազում, հեւոցի կրճատում, աշխատունակության բարձրացում, կյանքի որակի բարելավում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել