• Latest news

Ալցհեյմերի հիվանդության ռիսկը կարող է առաջանալ ներարգանդային փուլում. գիտնականներ

30 հունվարի, 2017  10:49

Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը մեծացնող բիոքիմիական ռեակցիաները կարող են սկսվել ներարգանդային զարգացման կամ երեխայի ծնունդից անմիջապես հետո որոշ սննդարար նյութերի պակասի պատճառով։ Այս մասին հայտնել են University of British Columbia–ի մասնագետները։

Հետազոտությունը, որն անցկացրել են հոգեբույժ Վեյհոնգ Սոնգի ղեկավարությամբ, հիմնված էր ավելի վաղ գիտական աշխատությունների վրա, որոնք ցույց են տվել, որ վիտամին A–ի պակասը կարող է ուղեղի ճանաչողական աշխատանքի վատացման պատճառ դառնալ։

Կանադացի գիտնականները փորձեր են կատարել մկների վրա նախածննդյան եւ հետծննդյան շրջանում, որոնք ծայրահեղ կարեւոր են, քանի որ հենց այդ ժամանակ են ուղեղի հյուսվածքները «ծրագրավորվում» հետագա կյանքի համար։ Այդ փուլերում վիտամին A–ի անգամ չափավոր պակասը հանգեցնում է բետա–ամիլոիդների արտադրության աճի։ Իսկ դրանք ձեւավորում են վահանակներ, որոնք նեյրոններին խանգարում են փոխանակել ազդակները, «խեղդում են» նյարդային բջիջները եւ ի վերջո սպանում դրանք։ Բացի այդ, վիտամին A–ի պակաս ունեցող մկները հասուն տարիքում ավելի վատ են կատարում հիշողության հետ կապված առաջադրանքները։

Գիտնականները փորձերի ժամանակ համեմատել են մկների 2 խմբերի։ Առաջին խմբում դեռեւս էմբրիոն վիճակում կենդանիները այդ վիտամինի բավարար քանակ չեն ստացել, բայց հետո՝ մանկական տարիքում, բավարար վիտամիններ են ընդունել։ Երկրորդ խմբի մկները էմբրիոն վիճակում ստացել են անհրաժեշտ քանակությամբ վիտամինները, սակայն մանկական տարիքում դրանց պակաս են ունեցել։  Առաջին խմբի մկները ճանաչողական թեստերն ավելի վատ է հանձնել, քան երկրորդ խմբինը։ Այսպիսով՝ նախածննդյան փուլում վիտամինի պակասը հնարավոր չի եղել լրացնել հետծննդյան ժամանակ։

Գիտնականների կարծիքով վիտամին A–ի պակասի եւ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների միջեւ զարգացման կապը բնութագրական է նաեւ մարդկանց համար։ Մասնագետները հետազոտել են 330 տարեցների եւ հայտնաբերել, որ նրանք, որոնց օրգանիզմում վիտամին A–ի պակաս է եղել, ճանաչողական խնդիրներ են ունեցել 75 տոկոս դեպքերում։ Իսկ վիտամինների նորմալ քանակ ընդունած մարդկանց մոտ նման խնդիրներ են  նկատվել 47 տոկոս դեպքերում։

Հետազոտողները նախազգուշացնում են, որ վիտամին A–ի պակասը հղիության ժամանակ չի կարելի լրացնել սննդային հավելումների միջոցով, քանի որ դրա մեծ քանակը նույնպես կարող է վնասել օրգանիզմին։ Դրա փոխարեն գիտնականները առաջարկում են սննդակարգում ներառել ավելի շատ միրգ եւ բանջարեղեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է