• Latest news

«Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվել են օնկոուրոլոգիական եզակի վիրահատություններ՝ նորագույն լազերի կիրառմամբ

30 հունվարի, 2017  16:38

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հաջողությամբ կատարվում են միզածորանի ուռուցքների հեռացման էնդոսկոպիկ վիրահատություններ՝ նորագույն լազերային սարքավորման կիրառմամբ:

Ուրոլոգ Համլետ Դվոյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ վերջերս կլինիկայում հաջողությամբ կատարվել է 2 այդպիսի վիրահատություն, որոնց արդյունքները չեն տարբերվում միջազգային առաջատար կլինիկաներում կատարված նմանատիպ վիրահատություններից:

Այս նորագոյացությունները հիմնականում ախտորոշվում են ուշ փուլերում, և բժիշկները ստիպված են կատարել արմատական նեֆրոուրետերէկտոմիա՝ երիկամի, միզածորանի ամբողջական և միզապարկի մի հատվածի միաժամանակյա հեռացում։  Սա բավական ագրեսիվ և ծավալուն  վիրահատություն է: Սակայն վաղ փուլերում (Т1) հնարավոր է կատարել էնդոսկոպիկ վիրահատություն լազերի կիրառմամբ՝ ուրետերոռենոսկոպիա, լազերային ռեզեկցիա և աբլացիա: Լազերային զոնդի փոքր տրամաչափը թույլ է տալիս կոնտակտային գործողություն կատարել միզածորանի լուսանցքում, որի տրամագիծը սովորաբար 3-6մմ է և հնարավոր է լայնացնել մինչև 1սմ:

Բժիշկը նշեց, որ հյուսվածաբանական հետազոտությամբ երկու հիվանդների մոտ միզածորանների մկանային հյուսվածքներում չարորակ բջիջներ չեն հայտնաբերվել, դրանք եղել են միայն լորձաթաղանթում (Т1 փուլ): Եվրոպական եւ ամերիկյան ուղեցույցների համաձայն՝ խորհուրդ է տրվում այդ փուլերի ուռուցքները հեռացնել էնդոսկոպիկ լազերային մեթոդով՝ լազերի հասանելիության պարագայում, ինչը և կատարվել է:

Վիրահատությունը վերջացնելուց  հետո հիվանդները ստացել են տեղային քիմիաթերապիա, երբ դեղը ներարկվում է անմիջապես միզապարկի, երիկամների եւ միզածորանի մեջ:

«Կարծում եմ, որ այս հիվանդների կյանքի որակի եւ ապրելիության տեսակետից մենք նույն լավագույն արդյունքները կստանանք, ինչպիսին ստանում են եվրոպական երկրներում կամ ԱՄՆ-ում»,- ասաց բժիշկը:

Համլետ Դվոյանը նշեց, որ այսօրվա դրությամբ իրենց կատարած վիրահատությունները Հայաստանում եզակի են, եւ ցանկացած նոր գործ հաջող է ստացվում, երբ այն կատարվում է արհեստավարժ թիմով՝ ինչպիսին «Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքն է։ Վիրահատությունները կատարվել են բժիշկներ՝ Գոռ Ավանեսյանի և Հարություն Զուռնաչյանի հետ համատեղ:

«Իզմիրլյան» ԲԿ-ի ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար Արթուր Գրաբսկին NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ իրենց կլինիկան ուրոլոգիայի ոլորտում Հայաստանում առաջատարներից մեկն է, իսկ լազերային ուրոլոգիայի ոլորտում՝ առաջինը:

Նա հիշեցրեց, որ «Իզմիրլյան» ԲԿ-ում այժմ 3 տարբեր լազերային սարք է տեղադրված, որոնք նվիրաբերել է ամերիկահայ բժիշկ և բարերար, պրոֆեսոր Կարո Դերձակյանը: 15 վատտ հզորությամբ առաջին լազերը 2010 թվականից օգտագործվում է էնդոսկոպիկ եղանակով քարափշրման համար: 70 վատտ հզորությամբ «REVOLIX» լազերն 2012թ-ից օգտագործվում է շագանակագեղձի և միզապարկի ուռուցքների վիրահատությունների ժամանակ, իսկ ամենահզորը՝ 150 վատտ հզորությամբ «Quanta» համակարգի լազերը, օգտագործվում է 2016 թվականի սեպտեմբերից փափուկ հյուսվածքների վիրահատությունների ժամանակ՝ սկզբում շագանակագեղձի գերաճի հեռացման, իսկ հիմա արդեն նաև՝  ուրոէպիթելային ուռուցքների հեռացման և երիկամի մասնահատման համար:

Արթուր Գրաբսկիի խոսքով՝ այսպիսի նորագույն սարքավորման առկայությունը հայ բժիշկներին թույլ է տալիս Հայաստանի բնակչությանը մատուցել նույն մակարդակի ծառայություններ, ինչպիսին զարգացած երկրներում են, ինչպես նաև միջազգային գիտաժողովներում պատշաճ ներկայացնել Հայաստանի ձեռքբերումները:

Արթուր Գրաբսկին պատմեց, որ երբ «Quanta» համակարգի իտալական ընկերության տնօրինությունը տեղեկացավ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկան «Իզմիրլյան» ԲԿ-ն առաջարկում է լազերային վիրահատություններ, պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա առավել սերտ համագործակցության համար:

Նա նշեց, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի բժիշկները պրակտիկ փորձ են կուտակում, կատարելագործում իրենց հմտությունները և ընդլայնում նոր սարքավորման կիրառման ոլորտները: «Մեր բաժանմունքում 9 բժիշկ է աշխատում, միջին տարիքը 40-ից ցածր է և ևս 9 երիտասարդ բժիշկներ մասնագիտանում են: Այսինքն՝ զարգանալու լավ միտում կա»,- նշեց նա:

Արթուր Գրաբսկին հավելեց, որ հեռանկարային ծրագրերում նախատեսվում է ակտիվացնել աշխատանքները «Intuitive» ընկերության հետ՝ «Da Vinci» ռոբոտիկ համակարգը Հայաստանում հասանելի դարձնելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել