• Latest news

Գիտնականները վերծանել են ամբողջովին կաթվածահարված մարդկանց մտքերը

1 փետրվարի, 2017  19:43

Նեյրոֆիզիոլոգները նոր նեյրոկրիչ են ստեղծել, որը թույլ է տալիս կարդալ մարդկանց մտքերը, որոնք ամբողջովին կաթվածահարվել են ավտովթարներից կամ ծանր հիվանդություններից հետո: Այս մասին նշված է PLOS Biology ամսագրում:

«Այս զարմանալի արդյունքը հերքում է իմ սեփական տեսությունն այն մասին, որ «ներփակված անձի ախտանիշով» մարդիկ սկզբունքորեն արտաքին աշխարհի հետ շփվելուն ընդունակ չեն: Մեր փորձերը ցույց են տվել, որ 4 կամավորներն էլ կարողանում էին հարցերին պատասխանել՝ օգտագործելով միայն միտքը: Եթե այս արդյունքները հաջողվի կրկնել, մենք կկարողանանք խոսելու ունակությունը վերադարձնել այն մարդկանց, որոնք տառապում են շարժողական նեյրոնների դիսֆունկցիայով»,- ասել է Տյուբինգենի (Գերմանիա) համալսարանից Նիլս Բիրբաումերը:

Այսպես կոչված, «ներփակված անձի ախտանիշը» որոշակի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, ինչպիսին է ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզը (ԱԿՍ), զարգացման վերջնակետն է, նաեւ ուղեղի տարբեր վնասվածքների, թունավորումների կամ դեղերի գերչափաքանակի հետեւանք: Դրա զարգացման ժամանակ մարդն ասես արտաքին աշխարհի հետ կապը կորցնում է եւ գլխուղեղում ու ողնուղեղում շարժողական նեյրոնների վնասման պատճառով դադարում է մկանային համակարգը կառավարել, այդ թվում՝ շնչառական:

ԱԿՍ-ի զարգացման վերջին փուլերում գտնվող 4 կամավորների հետ անցկացրած փորձով Բիրբաումերը եւ նրա գործընկերները փորձել են պարզել՝ կարելի՞ է նրանց հետ կապ հաստատել՝ օգտագործելով, այսպես կոչված, «ուղեղ-համակարգչի» նեյրոկրիչները եւ ինտերֆեյսերը:

Գիտնականներն օգտագործել են 2 սարք՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ, որը հետեւել է ուղեղի կեղեւի տարբեր հատվածների եւ խորքային շերտերի աշխատանքին, եւ ինֆրակարմիր սպեկտրաչափ: Մարդու մարմինն ամբողջովին թափանցիկ է 700-900 նանոմետր երկարության ալիքների ջերմային ճառագայթման դեպքում, սակայն արյան մեջ թթվածնի հիմնական փոխադրող հեմոգլոբինն այն կլանում է: Համապատասխանաբար հյուսվածքը որքան շատ թթվածին է օգտագործում եւ այն էրիթրոցիտներից ստանում, այնքան տվյալ սարքի համար ավելի «սեւ» է:

Մի քանի տարի առաջ գիտնականների մեկ այլ խումբ պարզել է, որ որոշ ոչ բարդ հարցերի պատասխանելիս հեմոգլոբինի խտությունը կանխատեսելի կերպով է փոխվում՝ «այո» պատասխանի դեպքում ուղեղում նրա բաժինը մեծանում է, իսկ «ոչ» պատասխանի դեպքում նույնն է մնում կամ նվազում է: Այս գաղափարով առաջնորդվելով՝ գիտնականները ծրագիր են ստեղծել, որը համանման ազդանշանները թարգմանում էր «այո» եւ «ոչ» պատասխանների:

Այս՝ ընդհանուր առմամբ պարզ համակարգի աշխատանքի ստուգումը գերազանցել է գիտնականների բոլոր սպասումները՝ փորձին մասնակցած 4 կաթվածահարվածներն ընդհանուր առմամբ անսխալ որոշել են իրենց կանանց եւ ամուսիններին, ազգականներին, պատասխանել են իրենց անձնական կյանքին վերաբերող հարցերին, իսկ տղամարդկանցից մեկը նույնիսկ դստերն արգելել է ամուսնանալ ընկերոջ հետ:

Գիտնականներին ամենից ավելի այն է զարմացրել, որ փորձի մասնակիցներն ընդհանուր առմամբ գոհ էին, որ շարունակում են իրենց գոյությունը, չնայած նրանց մի մասի կյանքը ստիպված էին պահպանել թոքերի արհեստական օդափոխության համակարգերի օգնությամբ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել