• Latest news

Երեխաներին կարելի՞ է կոնֆետ ուտել եւ գազավորված ըմպելիք խմել

2 փետրվարի, 2017  18:06

Բոլոր երեխաները քաղցրեղեն սիրում են, բայց արժե՞ նրանց թույլ տալ կոնֆետ ուտել եւ գազավորված ըմպելիք խմել: Այս մասին ի՞նչ կարծիքի են մասնագետները:

Մանկաբույժ Հրաչուհի Ղազարյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ շաքարը վնասակար է բոլորին՝ եւ՛ երեխաներին, եւ՛ մեծահասակներին: Հետեւաբար՝ երեխան որքան ուշ համտեսի շաքար պարունակող քաղցրեղենը, այնքան քիչ կուտի եւ նրա առողջության համար լավ կլինի:

Մասնագետի կարծիքով՝ անկախ տարիքից երեխաներին չի կարելի տալ քաղցր գազավորված ըմպելիքներ: Այդ ըմպելիքները շաքար (կամ, որն ավելի վատ է, շաքարի սինթետիկ փոխարինիչներ), բուրավետ եւ քիմիական նյութեր շատ են պարունակում, դրանք օրգանիզմին ոչ մի վիտամին, հանքանյութեր եւ սնուցող նյութեր չեն տալիս, դրա փոխարեն ահռելի քանակով փուչ կալորիաներ են պարունակում, որոնք կնպաստեն ավելորդ քաշ հավաքելուն:

Մանկաբույժների հայկական ասոցիացիայի ղեկավարի տեղակալ, մանկաբույժ Լյուդմիլա Սիմոնյանցը կարծում է, որ չարժե երեխաներին քաղցրեղենից ամբողջովին զրկել, չնայած դա հազիվ թե հնարավոր էլ լինի: Սակայն մասնագետը խորհուրդ է տալիս հիշել, որ կոնֆետները եւ այլ քաղցրեղենը քայքայում են երեխաների ատամները, կարիես առաջացնում եւ բացասաբար ազդում ատամնաշարի ձեւավորման վրա: Ուստի քաղցր օգտագործելիս չափազանց կարեւոր է չափավորության պահպանումը, ընդգծեց մանկաբույժը:

Մաշկաբան-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի կարծիքով՝ մինչեւ 3 տարեկան երեխաներին ընդհանրապես չի կարելի շաքար կամ շաքարի փոխարինիչներ պարունակող մթերքներ տալ: Բանն այն է, որ հենց այդ տարիքում է երեխայի մոտ սննդային հակվածություն առաջանում, եւ եթե նա մինչեւ 3 տարեկանը վարժվում է քաղցրեղեն ուտելուն, հետագայում եւս ամբողջ ժամանակ ցանկանա այն ուտել: Մասնագետի խոսքով՝ հենց այսպես է սկսվում, այսպես կոչված, շաքարային «թմրամոլությունը»:

Երեխային առողջ սնվելուն ընտելացնելու համար ցանկալի է նրան 6 ամսական տարիքից մրգեր, բանջարեղեն, հատիկավոր մթերքներ եւ միս տալ: Բնականաբար, այս ամենը պետք է պատրաստել առանց շաքարի եւ աղի նվազագույն քանակով: Չպետք է մտածել, որ առանց շաքարի եւ աղի կերակուրը երեխային համեղ չի թվա. Չպետք է մոռանալ, որ երեխայի համային նախապատվությունները նոր են ձեւավորվում, եւ նա դեռեւս չգիտի՝ ինչն է համեղ, ինչը՝ ոչ: Նրա համար հետագայում համեղ կլինի այն կերակուրը, որին նա կընտելանա: Հետեւաբար՝ չարժե երեխային քաղցրին վարժեցնել, ավելի ճիշտ կլինի նրան առողջ եւ օգտակար սնվելուն վարժեցնելը, դա նրան կօգնի խուսափել եւ՛ ավելորդ քաշից, եւ՛ առողջական շատ խնդիրներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել