• Latest news

Ակուտագավայի «Թավուտում»-ը հայկական տարբերակով․ Տոնոյանն ու Բալայանը «Երեւան» ԲԿ-ի շուրջ կոնֆլիկտի մասին

11 փետրվարի, 2017  21:09

Արդեն 5 ամիս է «Երեւան» բուժկենտրոնը չի գործում։ Շենքում չկա ջուր, միջանցքներում խոնավության հոտ է գալիս, իսկ լույսը միայն պահակների ու մեկ էլ հիվանդանոցի տնօրեն ու համասեփականատեր Տարոն Տոնոյանի սենյակում է։ Այստեղ նրա մոտ առավոտյան հիվանդներ են գալիս, չնայած արդեն մի քանի ամիս է բժիշկ- վիրաբույժ Տոնոյանը վիրահատում է այլ հիվանդանոցներում։ Հիվանդանոցի մյուս համասեփականատեր Հայկ Բալայանը եւս մեկ այլ կլինիկայում է աշխատում, որտեղ էլ ընդունում է իր հիվանդներին։

Ի սկզբանե «Երեւան» ԲԿ-ն դադարել է գործել հենց էլեկտրականության անջատման պատճառով՝ հիվանդանոցը պարտքեր ուներ հարկային տեսչությանը, բանկային հաշիվների վրա կալանք էր դրվել, ու Հայաստանի «Էլցանցերին» գումար փոխանցելը անհնար է դարձել։ Ավելին, փոխանցող էլ չկար՝ հիվանդանոցը գործադիր տնօրեն չուներ։

NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում Տարոն Տոնոյանը նշեց, որ այսօր հարկային ծառայությանը բոլոր պարտքերը մարված են։ Եթե նշանակվի նոր գործադիր տնօրեն ու եթե հաջողվի վճարել բոլոր մյուս պարտքերը, հիվանդանոցը նորից կկարողանա աշխատել։

Բայց հենց այդ հարցերի շուրջ է, որ համասեփականատերերը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ՝ Հայկ Բալայանը, իր իսկ խոսքով, չի վստահում գործընկերոջը ու ուզում է ինքնուրույն ղեկավարել հիվանդանոցը գործադիր տնօրենի պաշտոնում։

Տնօրեն

«Տարոն Տոնոյանը, լինելով տնօրեն, աշխատել է շատ անբարեխիղճ, ու նրա ղեկավարությամբ է հիվանդանոցը հայտնվել ներկայիս վիճակում,- ասել է Հայկ Բալայանը NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում,- Պատկերացրեք, որ դուք արդեն երկու անգամ նստել եք նույն մեքենան ու գիտեք, որ վարորդը վատ է վարում ու ամենայն հավանականությամբ վթարի կենթարկի մեքենան։ Դուք կհամաձայնե՞ք երրորդ անգամ էլ նույն մեքենան նստել։ Կարծում եմ՝ ոչ։ Դուք գոնե կառաջարկեք, որ ինքներդ ղեկի մոտ նստեք, մանավանդ հաշվի առնելով, որ մեքենան 50 տոկոսով ձերն էլ է»։

Հայկ Բալայանի խոսքով ինքը ադմինիստրատիվ աշխատանքի փորձ ունի, անցել է պրոֆեսիոնալ վերապատրաստման դասընթացներ։ Բալայանը վստահ է, որ կկարողանա ղեկավարել մի ամբողջ կլինիկա, ու իրեն կշրջապատի պրոֆեսիոնալներով։ Բացի դրանից, Բալայանի խոսքով, Տոնոյանի հետ ինքը բանավոր պայմանավորվածություն է ունեցել, որ 5 տարին մեկ իրենք պետք է տեղերով փոխվեն՝ 5 տարի մեկը պետք է ղեկավարի կլինիկան, 5 տարի էլ՝ մյուսը։

Տարոն Տոնոյանն էլ իր հերթին չի վստահում գործընկերոջը։ Նրա խոսքով հենց Հայկ Բալայանն էր առաջ ընտրում տեղակալներին ու մյուսներին, որոնք մասնակցել են կլինիկայի կառավարմանը։ Ավելին, Տոնոյանի խոսքով, Բալայանը փորձել է նրանց միջոցով ոչ այնքան օրինական գործեր անել։

Ինչ վերաբերում է 5 տարին մեկ տեղերով փոխվելուն՝ Տոնոյանի խոսքով նման պայմանավորվածություն չի եղել։

Այս պահին հիվանդանոցը մի շարք պարտքեր ունի, այդ թվում էլեկտրաէներգիայի ու հեռախոսի համար։ Տոնոյանի խոսքով ինքը երկու անգամ դիմել է գործընկերոջը՝ առաջարկելով հիվանդանոցի բանկային հաշիվ մտնող փողերը տրամադրել այդ պարտքերը մարելուն։ Սակայն Հայկ Բալայանը, ըստ Տոնոյանի, հաշվապահին թույլ չի տվել վճարել էլեկտրաէներգիայի ու հեռախոսի համար, բայց դեմ չի եղել, որ մարվեն մյուս ՝ նվազ խոշոր պարտքերը։

«Այնպիսի զգացողություն ունեմ, որ նա այդ ամենն անում է, որ հիվանդանոցը չգործի»,- ասել է Տոնոյանը։

Տոնոյանի կարծիքով Հայկ Բալայանն ու նրա հայրը՝ հայտնի գործիչ Զորի Բալայանը, կցանկանային, որ հիվանդանոցը սնանկանար, այդ դեպքում իրենց ձեռքը կվերցնեին այն։ Նման վարքագծի համար այլ բացատրություն Տոնոյանը չունի։

Տոնոյանի խոսքով ինքը առաջարկում էր լույսով ապահովել գոնե պահակի ու երկու համասեփականատերերի սենյակները։ Դրան ի պատասխան գործընկերը առաջարկել էր լույսը միացնել միայն պահակների սենյակում։

«Նա ասաց, որ սխալ է, որ մենք ունենանք լույս, իսկ բժիշկները ՝ ոչ։ Բայց հիմա հիվանդանոցը չի աշխատում, ու բժիշկներ այստեղ չկան։ Իսկ մեզ լույսը պետք է»,- ասաց Տոնոյանը։

Ի վերջո նա այնուամենայնիվ իր աշխատասենյակում լույս անցկացրել է, օգտագործելով գեներատոր։ Իսկ ահա պահակի սենյակում, նրա խոսքով,Հայկ Բալայանը կարգադրել է անջատել լույսը։

«Ըստ երեւույթին նա դա անում է բարդ պայմաններ ստեղծելու համար, որպեսզի ստիպի ինձ զիջումների գնալ։ Չնայած այդ արարքի տրամաբանությունն ինձ այդքան էլ հասկանալի չէ»,- նշել է Տոնոյանը

Հայրեր ու որդիներ

Հիվանդանոցի շուրջ այս ամբողջ պատմությանը Զորի Բալայանի մասնակցության մասին մեղադրանքներին ի պատասխան՝ Հայկ Բալայանը նշել է, որ հիմա իր հայրը ոչ մի կապ չունի հիվանդանոցի հետ, չնայած ժամանակին շատ բան է արել դրա համար։

«Անցյալում հայրս շատ բան է արել այս հիվանդանոցի համար։ Նրա ջանքերի շնորհիվ հիվանդանոցը գոյություն ունի ու նրա շնորհիվ է Տարոն Տոնոյանը դարձել համասեփականատեր։ Սակայն հայրս արդեն 2 տարի է առհասարակ չի զբաղվում հիվանդանոցով՝ ես պաշտոնապես հայտարարում եմ այդ մասին։ Զորի Բալայանը հիմա միայն գրականությամբ ու հասարակական գործունեությամբ է զբաղվում»,- նշեց Հայկ Բալայանը։

Ի՞նչ է լինելու հետո

Հիվանդանոցի համասեփականատերերից յուրաքանչյուրը իր կարծիքն ունի ստեղծված իրավիճակի մասին։ Հայկ Բալայանը, ինչպես նշեցինք, ուզում է դառնալ գործադիր տնօրեն ու ինքնուրույն ղեկավարել հիվանդանոցը, ինչին դեմ է Տարոն Տոնոյանը։

Հայկ Բալայանը նաեւ համաձայն է գործընկերոջից գնել նրա մասնաբաժինը ու դառնալ հիվանդանոցի լիիրավ սեփականատեր։ Նա նաեւ առաջարկում է վաճառել բաժնետոմսերի մի մասը, նոր համասեփականատերեր ներգրավել, անցկացնել տնօրենների ժողով ու գտնել խնդրի համատեղ լուծում։

Տարոն Տոնոյանն էլ իր հերթին ուրիշ ուղիներ է առաջարկում՝ օրինակ հիվանդանոցը երկու մասի բաժանել՝ շենքը բարեբախտաբար նման հնարավորություն տալիս է։ Կամ էլ նոր գործադիր տնօրեն նշանակել, որը չեզոք մարդ կլինի։

Նոր տնօրեն նշանակելու գաղափարը Հայկ Բալայանի սրտով չէ՝ նրա խոսքով իրենք արդեն ունեն չեզոք տնօրենի (Հակոբ Բալայանի- խմբ) հետ աշխատելու փորձ ու դա ոչ մի լավ բանով չի ավարտվել։

Մեկ այլ տրամաբանական լուծում է հիվանդանոցը երրորդ անձի վաճառեը ու ստացված գումարը կիսելը, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա գնալ իր ճանապարհով։

Հայկ Բալայանին նման լուծումը ձեռնտու չէ, ու նոր կլինիկա նա չի ուզում բացել։

«Ես բժիշկ եմ ու արդեն ունեմ կլինիկա, որտեղ բաժնետոմսերի 50 տոկոսի սեփականատերն եմ։ Ես ուզում եմ, որ իմ կլինիկան նորից սկսի աշխատել։ Ինչո՞ւ բացեմ նոր կլինիկա, եթե ես այդքան եռանդ ու ուժ եմ ներդրել այս մեկի մեջ»,- հարցնում է նա։

Տարոն Տոնոյանը դեմ չէ նման լուծման, չնայած այն նրան ամենեւին էլ իդելական չի թվում։

«Այսօրվա դրությամբ հիվանդանոցը միեւնույն է չի գործում։ Եթե այն վաճառենք ու ստացված գումարը կիսենք մեր միջեւ, ես կկարողանամ նոր կլինիկա բացել կամ էլ կշարունակեմ աշխատել մեկ այլ հիվանդանոցում, ինչպես հիմա եմ անում։ Ինձ համար դա բոլորովին խնդիր չէ, բայց ես անհանգստանում եմ մեր աշխատողների համար՝ մեր 175 աշխատողները հիմա անգործ են, ու ես նրանց ճակատագրի համար ինձ պատասխանատու եմ զգում»,- ասում է Տարոն Տոնոյանը։

Սակայն․․․

Հիվանդանոցի համասեփականատերերից յուրաքանչյուրն ունի իր դիրքորոշումն ու իր փաստարկները։ Սակայն քանի դեռ նրանք չեն կարողանում պայմանավորվել, տուժում են հիվանդները։ Տուժում են նաեւ այն 175 աշխատողները, որոնք արդեն 5 ամիս է աշխատանք չունեն։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել