• Latest news

Ճենապակուց մածուկներ ու եռացող մեղրամոմից ատամնալիցքեր․ ինչպես էին բուժում ատամները մեր նախնիները

12 փետրվարի, 2017  12:16

Այսօր մեր կյանքն անհնար է պատկերացնել առանց ատամնաբույժների։ Մինչդեռ ընդամենը երկու դար առաջ մարդկությունն ատամներն այնպես չէր բուժում, ինչպես այսօր է ընդունված գրում է «ԱիՖ»-ը։

Մեր նախնիները սնվում էին կոպիտ ու հում մթերքներով, նրանց ատամներն էլ էին ցավում ու նրանք բուժում էին դրանք։ Այդ մասին են վկայում պակիստանյան Բելուջիստան նահանգում արված պեղումները։ Ք․ա 7-5 հազարամյակներում ապրած մարդկանց աճյուններում գտել են ատամներ, որոնց վրա անցքեր են փորված։ Ատամնալիցքի նյութը չի պահպանվել։

Իսկ առաջին անգամ ատամների հիվանդությունները մանրակրկիտ նկարագրված են եգիպտական Էբերսի բժշկական պապիրուսում դեռ Ք․ա 1550 թ։ Իսկ պատմության մեջ առաջին ատամի մածուկը, որը պատրաստված էր պեմզայի, ձվի կեղեւի ու ցուլի այրված ներքին օրգանների մոխրից, հայտնվել է Միջագետքում։

Հին ժամանակների հմուտ ատամնաբույժներ են եղել նաեւ էտրուսկները , որոնք բավականին լավ էին կարողանում ատամի պրոթեզներ պատրաստել։ Ոսկե լարի օգնությամբ նրանք իրար էին կապում շարժվող ատամները կամ էլ առողջ ու արհեստական՝ կենդանիների ատամներից պատրաստված ատամները։

Որպեսզի բերանից թարմության հոտ գա, մարդիկ գործածում էին այծի կաթ, կենդանիների այրված ներքին օրգանների մոխիրն էին տրորում լնդերի վրա, տարեկան երեք անգամ ատամները ողողում կրիայի արյունով ու դիմում այլ միջոցների։ ՀԻն հռոմեացիները , օրինակ, պատրաստում էին փոշի մանրացված մարգարիտից կամ մարջաններից։ Իսկ գերմանացի գիտնական Կարդանուսը 400 տարի առաջ խորհուրդ էր տալիս հիվանդին մի քանի ժամ բաց բերանով նստել՝ շրջվելով Լուսնի կողմը։

Բերանի խոռոչի հիգիենայի հարցում հայտնագործություն էր դարձել բենեդիկտյան վանականների պատրաստած ատամների ողողման հեղուկը։ 1373 թ․նրանց ստեղծած ատամի էլիքսիրը մեծ համբավ ուներ ու մի քանի հարյուրամյակ վաճառվում էր դեղատներում։

18-րդ դարում Մեծ Բրիտանիայում առաջին անգամ ստեղծեցին ատամի փոշի ու մածուկ, որը ամենաշատն է հիշեցնում ժամանակակից մածուկները։

Հետաքրքիր են տարբեր ժամանակներում գործածվող ատամի փոշու բաղադրությունները՝ մոխիր, փայտածուխ ու գիպս, աղացած քարեր ու մանրացրած ապակի; բուրդ՝ մեղրով ներծծված, կակաոյի հատիկներ, բույսերի արմատներ ու խեժ; պեմզա ու ձվի կեղեւ՝ գինու քացախով; աղյուսի փոշի, մանրացրած ճենապակի ու կավի բեկորներ; նաեւ օճառ, կավիճ ու գլիցերին՝ մրգային խտահյութերի ու եթերային յուղերի հավելումով ։

Մեր նախնիները վստահ էին՝ ատամը սկսում է ցավել, որովհետեւ դրա մեջ սկսում է բնակվել «ատամի որդը» ու սկսում է այնտեղ անցք փորել։ Նրանք այդ «որդին» փորձում էին այնտեղից հանել ոչ միայն կոփած երկաթով, այլեւ անցքի մեջ հալեցրած մեղրամոմ, թթու լցնելով։

605-690 թթ. հույն Պողոս Էգինյանն առաջարկել է ատամնաքարերը հեռացնել հատուկ գործիքների օգնությամբ։

Ատամների բուժման պատմության մեջ առանձնահատուկ դեր ունեցան հռոմեական կայսր Տրայանի անձնական բժիշկ, վիրաբույժ Արխիգենի աշխատությունները։ Ք․հ 1-ին դարում նա առաջինն է բուժական նպատակներով ատամի խոռոչը բացել տրապանի օգնությամբ։

Իսկ հետո, միջնադարում, այդ տեխնիկան 1400 տարով մոռացության մատնվեց։ Եվ միայն 15-րդ դարում Բոլոնյան համալսարանի պրոֆեսոր Ջիովանի դի Արկոլան նորից կիրառեց Արխիգենի միջոցը։

Հին ժամանակներում առաջին ատամնաբույժներն են եղել քրմերը, հոգեւորականները ու վանականները, իսկ միջնադարում՝ հոգեւորականներից բացի նաեւ սափրիչները, վարսավիրները։ Այդ մարդիկ ատամնացավից փրկում էին ածելիի, դանակի ու ունելիի օգնությամբ։

Ցարական Ռուսաստանի ամենահայտնի ատամնաբույժը եղել է հենց ցար Պետրոս առաջինը։ Նա միշտ ձեռքի տակ ունեցել է գործիքներ, այդ թվում այսպես կոչված «պելիկաններ», որոնցով նա սիրում էր հեռացնել իր պալատականների հիվանդ ատամները։ Նա իր ձեռքով հանել է 73 ատամ, որոնք հիմա պահվում են Պետերգոֆում։

Մոտավորապես նույն ժամանակաշրջանում ֆրանսիացի Պյեր Ֆոշարը հրատարակել է «Ատամնաբույժ-վիրաբույժ կամ աշխատություն ատամի հիվանդությոունների մասին» աշխատությունը, որում «քննադատել է» խորհրդավոր ատամի որդերին, զանազանել ատամի 102 տարբեր հիվանդություններ, նաեւ առաջարկել ատամի հեռացման ավելի մարդասիրական մեթոդ։ Բժիշկը հայտնի է նաեւ նրանով, որ ստեղծել է արհեստական ու շտիֆտով ամրացված ատամներ, ատամների համար շապիկներ՝ ճենապակյա էմալով, սկսել է գործածել պարզունակ բրեկետ համակարգեր։

Ատամնաբուժության մեջ հաջորդ կարեւոր քայլը արվել է գրեթե հարյուր տարի հետո։ 1790-ին Ջորջ Վաշինգթոնի ատամնաբույժ Ջոն Գրինվուդը պատրաստել էր ատամնաբուժական հորատիչ։ Ավելի ուշ ամերիկացի բժիշկ Ջեյմս Մորիսոնը կատարելագործել է Գրինվուդի սարքը ու պատենտավորել իր գյուտը։ 1876-ին ընկերությունը գործարկել է ատամնաբուժական նորույթը ու սկսել դրա զանգվածային արտադրությունը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել