• Latest news

Դեղերի շուկան պետությունը ամբողջական մենաշնորհման է տանում. փոքր դեղատների սեփականատերեր

17 փետրվարի, 2017  23:44

Հայաստանի դեղերի շուկան պետությունը ամբողջական մենաշնորհման է տանում, կարծում են փոքր եւ միջին դեղատների սեփականատերերը: Նման մտահոգությունների տեղիք են տվել դեղատներում անցկացված ստուգումները եւ նշանակված տուգանքների գումարները, ինչպես նաեւ «Դեղերի մասին» նոր օրենքի այն դրույթի կիրառումը մինչեւ 2025 թվականը հետաձգելը, որը վերաբերում է դեղերի մեծածախ եւ մանրածախ առեւտրի տարանջատմանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Առողջապահության պետական տեսչությունը դեղատներում ստուգումներ է անցկացրել եւ ընդհանուր 6 780 000 դրամի տուգանք նշանակել: Դեղատներից մի մասին «Դեղերի մասին» հին օրենքով տուգանել են 100 000 դրամով, իսկ այն դեղատներին, որտեղ տեսչությունը ստուգումներ է անցկացրել դեկտեմբերի 15-ից հետո, նոր օրենքով են տուգանել՝ մոտ 1 մլն դրամով: Այսպիսի մի քանի տուգանքները կարող են փոքր դեղատներին ուղղակի սնանկացնել, պնդում են սեփականատերերը: Դրա հետ մեկտեղ, այս դեղատներում հայտնաբերված «չգրանցված» դեղերը նրանք ձեռք են բերել ներմուծողներից հաշիվ-ապրանքագրերով, սակայն ներմուծողների պահեստներում ստուգումներ չեն անցկացվել: Ի դեպ, ներմուծողները պնդում են, որ այդ բոլոր դեղերը ներկայացված են դեղերի պետական գրանցամատյանում:

Ինչ վերաբերում է դեղերի մեծածախ եւ մանրածախ վաճառքի տարանջատման մասին օրենքի դրույթին, ապա փոքր եւ միջին դեղատների սեփականատերերի խոսքով՝ դա նոր օրենքի միակ դրույթն է, որը քիչ թե շատ արտահայտել է իրենց շահերը: Դեղ ներմուծողների բողոքների հիման վրա (մեծ մասամբ արդարացի) այս դրույթը որոշվել է  հետաձգել, սակայն տարակուսանք է հարուցում, որ դրույթի կիրառումը հետաձգվել է ոչ թե, ասենք, մեկ տարով, այլ մինչեւ 2025 թվականը:

Հիշեցնենք, որ այս դրույթի համաձայն՝ ներմուծող ընկերությունները, որոնք նաեւ դեղատների ցանցի սեփականատեր են, պետք է նոր ընկերություն հիմնեին, եւ դրան կա՛մ դեղատների ցանցը փոխանցեին, կա՛մ մեծածախի գործունեությունը: Դեղատների ցանցը փոխանցելու դեպքում, բոլոր դեղատները պետք է նոր լիցենզիա ստանային: Մեծածախ առեւտրի փոխանցման դեպքում ընկերության անվանման փոփոխության պատճառով մատակարարաների հետ նոր պայմանագրերի կնքման խնդիր էր առաջանում: Ներմուծողներն առաջարկել էին կա՛մ ուժի մեջ թողնել դեղատների հին լիցենզիաները, կա՛մ մատակարարների հետ կնքած պայմանագրերն ավարտելու հնարավորություն տալ: Մեր տեղեկություններով՝ նրանց մի մասն արդեն սկսել է ըկերությունների բաժանման ընթացակարգը՝ հին ընկերության տնօրինությանը թողնելով դեղատների ցանցը: Մատակարարող ընկերությունների հետ պայմանագրային բոլոր հարցերը նրանք կարող են լուծել մինչեւ ընթացիկ ֆինանսական կամ օրացույցային տարեվերջ: Այդ իսկ պատճառով 8 տարով հետաձգումը հարուցել է շատերի տարակուսանքը:

Ոչ ցանցային դեղատներից մեկի սեփականատերը պարզաբանեց, որ սխեման, որով մինչեւ հիմա աշխատել են խոշոր ներմուծողները եւ դեղատնային ցանցի սեփականատերերը, այսպիսին է՝ դեղերի մեծածախի հավելագինը կազմել է 40-50 տոկոս: Մանրածախում ավելանում է եւս 15 տոկոս: Սակայն բոնուսային համակարգը հաշվի առնելով՝ իրատեսական հավելագինը կարող էր լիներ 7-8 տոկոսի սահմաններում: Այսինքն՝ իրենց շահույթի հիմնական մասը նրանք դնում են մեծածախի արժեքի մեջ:

Փոքր դեղատները ստիպված են աշխատել այդ 15 տոկոսի սահմաններում, իսկ երբեմն՝ 7-8 տոկոսի, ինչը հանգեցրել է դրանց մի մասի փակվելուն: Մինչդեռ ճիշտ կլիներ, որ մեծածախի հավելագինը կազմեր 15-20 տոկոս, իսկ մանրածախինը՝ 20-30 տոկոս: 2016-ի ամռանը «Վագա Ֆարմ» ընկերության կողմից մեծածախի գների նվազեցումը արդեն փոքր-ինչ սասանել է այս հաստատված կարգը:

Մեր զրուցակցի խոսքով՝ ներմուծողները եւ միաժամանակ դեղատնային ցանցի սեփականատերերը, որպես կանոն, մեծածախի գնի մեջ են մտցնում դեղատների ծախսերը, մինչդեռ այս ծախսերը պետք է մտնեն մանրածախի հավելագնի մեջ: Մեծածախի եւ մանրածախի տարանջատումը կբերեր այս վերադիրների ճիշտ բաշխմանը, եւ փոքր դեղատները կհայտնվեին ցանցային դեղատների հետ մրցակցային քիչ թե շատ հավասար պայմաններում, կարծում է նա:

Հավասար մրցակցություն կստեղծեր նաեւ նորմալ գործող զուգահեռ ներմուծումը, եթե ներմուծող ընկերությունները կամ նույն փոքր դեղատները ավելի մատչելի գներով դեղեր ներկրելու հնարավորություն ունենային:

Մեր զրուցակցի խոսքով, սակայն, «Դեղերի մասին» նոր օրենքը, չնայած զուգահեռ ներմուծման թույլտվության դրույթին, այդ գործընթացի համար այնքան պատնեշներ է պարունակում, որ իրականում դա ահնար է դառնում:

Ըստ նրա՝ այս ամենը կհանգեցնի փոքր դեղատների փակմանը եւ դեղերի շուկայի մենաշնորհմանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել