• Latest news

Ինքնասպանության անհաջող փորձից հետո տղամարդը նոր դեմք եւ նոր կյանք է ստացել (ֆոտո)

17 փետրվարի, 2017  20:09

2006 թվականի դեկտեմբերի 23-ին Էնդի Սանդնեսը, որը ծանր դեպրեսիայով էր տառապում, հրացանը դրել է կզակի տակ եւ ձգանը քաշել: Նա ողջ էր մնացել, սակայն դեմքը խեղվել էր: Այսօր՝ 10 տարի անց, Էնդին նոր դեմք ունի: Նրա խոսքով՝ փոխպատվաստման վիրահատությունը գերազանցել է իր բոլոր ակնկալիքները:

Էնդին ասել է, որ կրակելուց անմիջապես հետո հասկացել է, որ սարսափելի սխալ է թույլ տվել: Երբ ոստիկանները ժամանել են, նա նրանց բղավել է. «Խնդրում եմ, օգնեք ինձ: Ես չեմ ուզում մահանալ»:

Նրան 2 կլինիկաներում են բուժել, որից հետո տեղափոխել են Mayo Clinic հայտնի հիվանդանոց, որտեղ պլաստիկ վիրաբույժ Սամիր Մարդինին նրան խոստացել է հնարավոր ամեն ինչ անել նրա դեմքը վերականգնելու համար: «Բայց ինձ պետք է, որ դու ուժեղ հիվանդ լինես»,- ասել է նա:

Էնդիի դեմքի ստորին հատվածն ամբողջությամբ խեղված էր, բերանը եւ կզակը չկային, ատամներից երկուսն էին մնացել: Ձախ աչքի տեսողությունը նկատելիորեն վատացել էր: Նա չէր կարողանում նաեւ խոսել՝ շփվում էր թուղթ ու գրիչով: Էնդին իր դեմքին չէր կարողանում նայել եւ հիվանդասենյակի հայելին սրբիչով ծածկում էր:

Մարդինին բժիշկների իր խմբի հետ 8 վիրահատություն է կատարել, սակայն նրա դեմքը կրկին «նորմալ» դարձնելը նրա ուժերից վեր էր: Նրանք հեռացրել են մեռուկացած հյուսվածքները եւ փշրված ոսկրերը, տիտանե իմպլանտների միջոցով միացրել են մնացած դիմային ոսկորները, վերականգնել են որոշ ոսկորներ՝ փոխպատվաստելով ոտքից վերցրած ոսկրերի մասեր: Հատուկ լարերի միջոցով փորձել են իրենց անատոմիական տեղը վերադարձնել ակնակապիճները: Այդուհանդերձ, երբ Էնդին հայրենի քաղաք վերադառնալով՝ խանութ էր մտնում, երեխաները վախեցած նրան էին նայում եւ մայրիկներին հարցնում, թե ինչու է այդ քեռու տեսքն այդքան տարօրինակ:

Էնդին փորձում էր իր նոր վիճակին հարմարվել: Նրա բերանը միայն 2,5 սմ էր բացվում, եւ նա չէր կարողանում գդալով ուտել, ստիպված էր հեղուկ սնունդ ընդունել խողովակով: Նա նաեւ արհեստական քիթ էր կրում, որն ամբողջ ժամանակ ընկնում էր: Էնդին մշտապես իր մոտ հատուկ սոսինձ էր պահում՝ այն կպցնելու համար:

2012 թվականի գարնանը ստացած զանգը նրա կյանքը փոխել է: Նրա պլաստիկ վիրաբույժ բժիշկ Մարդինին ասել է, որ պատրաստվում է դեմքի փոխպատվաստման ծրագիր մեկնարկել, որի համար Էնդին կատարյալ հիվանդ է: Էնդին այս գաղափարից ցնծության մեջ էր, բայց վիրաբույժը նրան բացատրել է, որ աշխարհում այսպիսի 24 վիրահատությունից ավելի չի արվել, այնպես որ՝ այս ոլորտում դեռեւս փորձի պակաս կա: Դրանից բացի, Էնդին պետք է պատրաստ լինի, որ նույնիսկ վիրահատության հաջող ընթացքից հետո մինչեւ կյանքի վերջը պետք է դեղեր ընդունի նոր դեմքի անջատումը կանխելու համար:

Էնդին այս ամենը հասկանում էր, եւ, միեւնույն է, ցանկանում էր այդ ամենի միջով անցնել:

Նա հարկադրված էր 3 տարի սպասել, մինչեւ բժիշկ Մարդինիի ծրագիրը հավանության արժանացավ: Այնուհետեւ Էնդին մի շարք հետազոտություններ եւ փորձաքննություններ անցավ: Մասնագետներին մտահոգում էր այն հարցը, թե արժե՞ արդյոք նման վիրահատություն կատարել մի մարդու, որը փորձել է ինքնսպան լինել:

Սակայն շատ փաստարկներ նրա օգտին էին. նախ՝ այդ օրից ի վեր շատ ժամանակ էր անցել, եւ ինքնասպանության կրկնակի փորձեր չէին եղել, հակառակը՝ նա նորմալ կյանքի վերադառնալու պատճառներ ուներ: Դրանից բացի, բժիշկները նշում էին, թե շատ ալկոհոլամոլների են լյարդի փոխպատվաստում կատարում, ուրեմն ինչու այս երիտասարդն արժանի չէ երկրորդ շանսն ստանալուն:

Արդյունքում ծրագրին Էնդիի մասնակցությանն աջակցեցին եւ նրան դոնորի սպասողների հերթում գրանցեցին: Կարծիք կար, որ դոնորի որոնումների համար կարող է 5 տարի պահանջվել. դոնորը պետք է ունենար արյան նույն խումբը, նման լինեին մաշկի գույնը, դեմքի չափերը, տարիքով էլ նրան մոտ լիներ:

Սակայն դոնորը գտնվեց 2016-ի կեսերին. 21-ամյա Կալեն Ռոսը գնդակահարվել էր, եւ նրա կինը՝ Լիլին, որը 8 ամսական հղի էր, համաձայնվեց ամուսնու դեմքը եւ օրգանները տալ փոխպատվաստման համար, առավել եւս, որ Կալենի վարորդական վկայականի մեջ նշված էր, որ նա մահվանից հետո պատրաստ է դոնոր դառնալ:

Վիրահատությունը երկարատեւ էր եւ բարդ, մոտ24 ժամ է պահանջվել դոնորի դեմքը պատրաստելու համար, եւ գրեթե նույնքան Էնդիին պատրաստելու համար: Այնուհետեւ մոտ 32 ժամ մասնագետները փոխպատվաստումն են կատարել:

Միայն 3 շաբաթ հետո Էնդին առաջին անգամ տեսավ իր նոր դեմքը: Նա ցնցված էր, քանի որ տեսածը գերազանցում էր նրա բոլոր ակնկալիքները: Նա քիթ ուներ, որով կարող էր շնչել, եւ բերան, որով կարող էր ուտել եւ խոսել: Նրա խոսքով՝ դա նրա համար երջանկություն էր: Իսկ այն, որ նա նորմալ տեսք ստացավ, հաճելի բոնուս էր:

Էնդին, ով այժմ 31 տարեկան է, վերջերս նամակագրություն է հաստատել իր նոր դեմքի դոնորի այրու՝ Լիլիի հետ: Նրանք հույս ունեն, որ մի օր կհանդիպեն:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել