• Latest news

Քաղցկեղը բուժելիս վերարտադրողականության պահպանման տեխնոլոգիաները Հայաստանի բնակչներին դեռեւս հասանելի չեն

20 փետրվարի, 2017  17:55

Նախկինում քաղցկեղը հաղթահարած մարդկանց մեծամասնությունը զրկվում էր երեխաներ ունենալու հնարավորությունից՝ այն վնասի պատճառով, որը վերարտադրողական առողջությանը պատճառում է քիմիաթերապիայի դեղորայքի մեծ մասը: Սակայն ժամանակակից վերարտադրողական տեխնոլոգիաները օգնում են պահպանել սերունդ ունենալու ունակությունը, եւ օնկոհիվանդները բուժումն ավարտելուց հետո կարող են մայրեր եւ հայրեր դառնալ:

Վերարտադրողականության պահպանման գերժամանակակից տեխնոլոգիաների մեծ մասն այսօր Հայաստանում օգտագործվում է, սակայն Նաիրի ԲԿ–ի օնկոգինեկոլոգ Արտեմ Ստեփանյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ պետական ֆինանսավորման եւ բժշկական առողջապահության բացակայության պատճառով այս տեխնոլոգիաները ոչ բոլոր հիվանդների համար են մատչելի:

Մասնագետի խոսքով՝ վերարտադրողականության մասնագետների լավ թիմ կա, քիմիաթերապիայից առաջ ձվաբջիջները սառեցնելու հնարավորություն եւս կա, նաեւ քիմիաթերապիայի ընթացքում կանանց ձվարանները պաշտպանող հատուկ դեղեր օգտագործելու հնարավորություն կա: Հիվանդներից շատերն այսօր այդ տեխնոլոգիաներից օգտվում են, սառեցնում են ձվաբջիջները (տղամարդիկ՝ սերմնաբջիջները), ուռուցքային հիվանդությունների դեմ հաջողությամբ բուժվում են, այնուհետեւ հղիանում են սառեցված բջիջների օգնությամբ եւ առողջ երեխաներ ունենում: Բայց եթե զարգացած երկրներում պետական ծրագրեր եւ բժշկական ապահովագրություն կան, որոնք այդ ամենի դիմաց վճարում են, ապա Հայաստանում ֆինանսական ամբողջ ծանրությունը հիվանդի ուսերին է դրված, որոնց մեծ մասի համար այն նրանց ուժերից վեր է: Այս բոլոր տեխնոլոգիաների ֆինանսական անմատչելիության պատճառով հայ հիվանդները դադարում են տեղացի բժիշկներին վստահել:

Վերջին շրջանում մենք ավելի մեծ թվով մարդկանց պատմությունների ենք տեղեկանում, որոնք բուժումից հետո պետք է անպտուղ դառնային, բայց կարողացել են հղիանալ եւ երեխա ունենալ: Օրինակ՝ բոլորովին վերջերս Մեծ Բրիտանիայում 33-ամյա կնոջը ձվարաններ են փոխպատվաստել, որոնք 11 տարի առաջ քիմիաթերապիայի կուրս ստանալուց առաջ հեռացրել էին եւ սառեցրել: Փոխպատվաստելուց հետո կինը կարողացել է հղիանալ եւ առողջ երեխա ծննդաբերել:

Բրիտանիայում առաջին անգամ էին այսպիսի վիրահատություն կատարում, նույնիսկ աշխարհում նման վիրահատություններն այնքան էլ հաճախ չեն կատարում, քանի որ ձվարանների հյուսածքների սառեցումն ու հալեցումը բավական բարդ է, եւ վտանգ կա, որ փոխպատվաստելուց հետո օրգանը, չնայած ինչ-որ ժամանակ հենց իրեն հիվանդին պատկանելուն, կարող է անջատվել: Իսկ ահա ձվաբջիջները, սերմնաբջիջները եւ սաղմերը շատ երկրներում մեծ արդյունավետությամբ են սառեցվում ու հալեցվում, իսկ հետագայում դրանց օգտագործմամբ հնարավոր է մեծ հավանականությամբ հղանալ:

Այսօր աշխարհի առաջատար բժշկական կենտրոնների մասնագետները սառեցնում են աղջիկների նույնիսկ սեռական հասունացման չհասած ձվաբջիջները: Վերջերս դա իրականացրել են Oxford University-ի բժիշկները, որոնք մշակել եւ սառեցրել են 2 տարեկան աղջկա ձվաբջիջները, եւ եթե աղջնակը հաղթահարի քաղցկեղը, 20 տարի հետո նա կկարողանա երեխաներ ունենալ:

Հայաստանում այսպիսի վիրահատություններ դեռեւս չեն կատարվում, բայց հայ մասնագետները հույս ունեն, որ մոտ ապագայում ձվաբջիջների սառեցմանը նման գոնե ավելի պարզ միջամտությունները հասանելի կդառնան բնակչության ավելի լայն շերտերին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել