• Latest news

Առողջապահության նախարարությունը պետպատվերի բաշխման նոր մեխանիզմներ է մշակում խաղի հի՞ն կանոններով

23 փետրվարի, 2017  11:43

Ներկայումս Առողջապահության նախարարությունը պետպատվերը բաշխելիս առաջնորդվում է գործող իրավական ակտերով, մասնավորապես՝ կառավարության 318 որոշմամբ, բայց ծրագրվում է մինչեւ ընթացիկ եռամսյակի ավարտը դրա մեջ փոփոխություններ կատարել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը՝ ի պատասխան այն հարցին, թե իրականում ի՞նչ է նշանակում պետպատվերի բաշխման հռչակված թափանցիկությունը, եթե բաշխման համակարգը փոփոխության չի ենթարկվել:

Սամվել Մարգարյանի խոսքով՝ 318 որոշման մեջ մանրամասն ներկայացված են գործիքները եւ պետպատվերը բաշխելիս քայլերի հաջորդականությունը: Հաստատությունների հետ պայմանագրերը ստորագրելիս պետպատվերի գումարը որոշվում է ամբողջ տարվա համար: Սա, սակայն, ինչպես հավելեց նա, 12 մեկամսյա պայմանագրերի հաջորդականություն է, եւ եթե ինչ-որ ամիս կառավարությունը որոշի փոփոխություն մտցնել, ապա այն կարող է մտցվել հաջորդ ամսվանից:

Նրա խոսքով՝ տվյալ պահին թափանցիկությունն արտահայտվում է այն բանում, որ խաղի գործող կանոնների պայմաններում մաքսիմալ թափանցիկ աշխատեն: Իսկ ֆինանսների մասին տեղեկությունը հասանելի է կառավարության կայքում:

Հարցին, թե նախարար Լեւոն Ալթունյանը պաշտոնը ստանձնելիս խոստացել էր պետպատվերի բաշխման համակարգը փոխել ըստ բիզնես սկզբունքի (փողը կգնա հիվանդի հետեւից, եւ որ բուժհաստատությունը շատ հիվանդ ունենա, շատ գումար կստանա), Սամվել Մարգարյանը նշեց, որ 318 որոշման մեջ արդեն առկա է բիզնես սկզբունքը, սակայն նաեւ նոր մեխանիզմներ են մշակվում:

«318 որոշման մեջ էդ լոգիկան կա՝ այս տարվա պետպատվերի չափը որոշվում է անցած տարվա մատուցած ծառայությունների չափով։ Ես չեմ վիճում՝ նախարարի ասած մեխանիզմները ամբողջությամբ ներդրված չեն։ Մենք ունենք մոտեցում, որ պետպատվերն ու մասնավոր մուտքերը պետք է որոշակի հավասարակշռության մեջ լինեն, որը ամենագործուն ինդիկատորը կլիներ, որովհետեւ մասնավոր մուտքերն արհեստական չեն ստեղծվում։ Էդ մեխանիզմները դեռ չեն գործում, մենք հիմա աշխատում ենք դրանք մաքսիմալ հղկենք ու մաքսիմալ թափանցիկ աշխատենք գործող խաղի կանոնների մեջ»,- ասաց նա։

Սամվել Մարգարյանը հավելեց, որ նախարարությունը խստորեն կվերահսկի պետբյուջեի շրջանակներում ծախսերը, աշխատանքներ են կատարվում Պետական առողջապահական գործակալության հմտությունների բարելավման համար: «Եթե մենք ինչ-որ տեղ դեռեւս նորը չենք ներդրել, դա չի նշանակում, որ մենք հին մեխանիզմների արդյունավետության վրա չենք աշխատում»,- նշեց նա:

Հարցին՝ ինչո՞ւ պետությունը բուժհաստատություններին ուղղակի չվճարի հիվանդի դիմելու փաստի հիման վրա, փոխնախարարը պատասխանեց, որ պետությունը չի կարող բուժհաստատությունների հետ բաց պայմանագրեր կնքել, եւ որ առողջապահության բյուջեի գումարը սահման ունի եւ անփոփոխ է՝ ընթացիկ տարում 85 մլրդ դրամ:

«Իսկ եթե 200 մլրդ դրամի հաշիվ ներկայացվի, այն որտեղի՞ց պիտի վճարենք, եթե ընդամենը 85 մլդ է: Սակայն այս խնդիրը լուծում ունի՝ ապահովագրական բժշկությունը: Եթե այդ փողերը տանք ապահովագրական ընկերությունների կառավարմանը, ապա նրանք կարող են ռիսկերը կառավարել: Հակառակ դեպքում դա տեխնիկապես անհնար է»,- ասաց նա:

Ի պատասխան հարցին՝ կա՞ն ապահովագրական բժշկությունը ներդնելու ծրագրեր, Սամվել Մարգարյանը նշեց, որ պիլոտային ծրագրեր են մշակվում, որոնք կարող են գործարկվել ընթացիկ տարվա կեսին:

Նրա խոսքով՝ ընդհանրապես ապահովագրական բժշկությունը խնդրի լուծում է, բայց այն բարդ է եւ թանկարժեք, եւ դրան պետք է գնալ փոքր քայլերով: Հարկավոր է տարբեր մոդելներ ուսումնասիրել, հարկավոր է, որ հակակշիռներ եւ մրցակցություն լինի: Մասնավորապես՝ սոցփաթեթի շրջանակում բժշկական ծառայության համար նախատեսված միջոցները սկզբում բաշխվում էին ապահովագրական ընկերությունների միջոցով, սակայն խնդիրներ ծագեցին, եւ այդ գործառույթը Պետգործակալությանը հանձնեցին: «Կառավարության ծրագրերի մեջ է մտնում ապահովագրական ընկերություններին ներգրավելու միջոցով առողջապահության ֆինանսավորման հարցի քննարկումը, բայց անցյալի սխալները հաշվի առնելով: Անհրաժեշտ է զգույշ լինել: Մենք ցանկանում ենք համակարգային եւ երկարաժամկետ լուծումներ տալ, այլ ոչ թե իրավիճակային: Այդպիսի կոնցեպտուալ լուծումների համար մի փոքր ավելի շատ ժամանակ է հարկավոր»,- ասաց նա:

Հ. Գ. Մինչ հոդվածը հրապարակման էր պատրաստվում, տեղեկություն ստացանք 2017-ի պետպատվերի բաշխման մասին: Փողի բաշխման սկզբունքի մեջ իսկապես ոչ մի բան չի փոխվել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել