• Latest news

2016-ին Հայաստանում ծնված տղաների եւ աղջիկների թվի տարբերությունը կրճատվել է

22 փետրվարի, 2017  13:38

2016 թվականին Հայաստանում ծնված տղաների եւ աղջիկների թվի տարբերությունը կրճատվել է՝ եթե նախկինում 100 աղջկա դիմաց 114 տղա էր ծնվում, ապա անցյալ տարի հարաբերակցությունը փոխվել է, եւ 100 աղջկա դիմաց արդեն 112 տղա է ծնվել, որը նորմային մի փոքր մոտ է: Այս մասին լրագրողներին հայտնեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ 2016-ի առաջին 6 ամիսներին Հայաստանում ծնված աղջիկների եւ տղաների հարաբերակցությունը նորմային շատ ավելի է մոտ եղել՝ 100 աղջկա դիմաց երկրում ծնվել է 108 տղա: Թե ինչու է տարեվերջին տարբերությունը մեծացել՝ առայժմ հավաստի հայտնի չէ:

Գարիկ Հայրապետյանը նշեց, որ Հայաստանում սելեկտիվ աբորտների եւ ծնվող աղջիկների ու տղաների հարաբերակցության լուրջ խախտման մասին սկսեցին խոսել 5 տարի առաջ: Այդ պահից ի վեր երկրում վիթխարի առաջընթաց է գրանցվել, որով քիչ երկրներ կարող են պարծենալ: Ըստ երեւույթին, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հայ հանրությունը հասկացավ, որ սելեկտիվ աբորտները եւ աղջիկների նկատմամբ խտրական վերաբերմունքը հայ ժողովրդի համար նորմալ չէ: Մասնագետի կարծիքով՝ մեծ դեր են ունեցել նաեւ լրատվամիջոցները, որոնք օգնել են խնդրի նկատմամբ հասարակության ուշադրությունը գրավելուն:

Հիշեցնենք, որ ըստ նորմայի 100 աղջկա դիմաց պետք է 104-106 տղա ծնվի (քանի որ տղաներն ավելի խոցելի են համարվում եւ պակաս կենսունակ, ավելի մեծ թվով են ծնվում, որ սեռական հասունացման հասնելիս տղաների եւ աղջիկների թիվը հավասարվի): Սակայն Հայաստանում այս հարաբերակցությունը խախտվել էր, եւ երկար տարիներ 100 աղջկա դիմաց 116 տղա էր ծնվում: Մասնագետներից շատերի գնահատմամբ՝ այս հարցում մեծ դեր են ունեցել սելեկտիվ աբորտները, որի հետեւանքով Հայաստանում ամեն տարի չի ծնվում 3000-3500 աղջիկ:

Հայաստանը ծնվող տղաների եւ աղջիկների խախտված հարաբերակցությամբ աշխարհում երրորդ տեղում է Չինաստանից եւ Ադրբեջանից հետո: Հայաստանի որոշ մարզերում այս խնդիրը շատ ավելի լուրջ է: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզում 100 աղջկա դիմաց 124 տղա է ծնվում՝ սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է:

Շատ փորձագետներ նշում են, որ ծնվող երեխաների սեռերի հարաբերակցության խախտումը երկրին կարող է ժողովրդագրական աղետի հասցնել՝ արդեն այսօր մինչեւ 20 տարեկանների տարիքային խմբում տղաների թիվը աղջիկների թվին 40 հազարով գերազանցում է, իսկ 2060 թվականին տվյալ միտումների պահպանման դեպքում մենք 93 հազար չծնված աղջիկ կունենանք կամ նույնքան «ավելորդ» տղա, որոնց համար զույգ գտնելը կդժավարանա:

Հիշեցնենք նաեւ, որ այս տարի Հայաստանի «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքի մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել՝ ուղղված սելեկտիվ աբորտների դեմ պայքարին: Նման ուղղվածություն են ունեցել նաեւ Հայաստանում անցկացված միջազգային կազմակերպությունների մի քանի ծրագրեր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել