• Latest news

Փոխնախարար. Էլեկտրոնային առողջապահությունը համակարգի արդյունավետության գնահատման գերազանց գործիք է

24 փետրվարի, 2017  11:48

Ներկայում մենք էլեկտրոնային առողջապահության ներդրման վճռորոշ փուլերից մեկում ենք՝ կատարվում է տվյալների համեմատություն Ոստիկանության բնակչության ռեգիստրի հետ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը:

Փոխնախարարի պարզաբանմամբ՝ համակարգում ներբեռնել են արդեն ավելի քան 480 բուժհաստատությունների, որոնք պետպատվերով բուժծառայություն են մատուցում, եւ այնտեղ աշխատող բժիշկների մասին տեղեկությունները: Կա նաեւ ինտերակտիվ քարտեզ, որը ցույց է տալիս Երեւանում եւ մարզերում բուժհաստատությունների տեղադրությունը:

Այժմ ստեղծվում է առաջնային բուժհաստատությունների տվյալների բազան, քանի որ երկրի ամբողջ բնակչությունը ըստ դրանց է տեղաբաշխված: Յուրաքանչյուր քաղաքացու տվյալները մուտքագրվում են համակարգ եւ համապատասխանեցվում Ոստիկանության բնակչության ռեգիստրի տվյալների հետ, որը օնլայն ռեժիմով թարմացվում է:

Սամվել Մարգարյանը հայտնեց, որ դրան զուգահեռ կատարվում է նաեւ ehealth տվյալների համապատասխանեցում Սոցիալական ապահովության նախարարության տվյալների հետ ըստ հաշմանդամություն ունեցող մարդկանց եւ սոցիալապես անապահով քաղաքացիների, որոնք ընդգրկված են «Փարոս» ծրագրի մեջ: Այսինքն՝ ehealth-ը (www.armed.am) հիմա գույքագրման փուլում է:

Երբ այս ամբողջ աշխատանքն ավարտվի, Սամվել Մարգարյանի կարծիքով, պետությունը գերազանց գործիք կստանա, որը կբացառի անբարեխիղճ մարդկանց կողմից պետպատվեր ստանալը կամ կրկնակի դիմելը, նաեւ առավելագույն հարմարավետ պայմաններ կստեղծի պետական արտոնյալ ծրագրերի շահառուների համար, որոնք այլեւս կարիք չեն ունենա մի ատյանից մյուսը վազել եւ տարբեր տեղեկանքներ հավաքել:  Մի բուժհաստատությունից դուրս գալը եւ մեկ ուրիշում հաշվառման կանգնելը նույնպես շատ արագ կկատարվի՝ առանց թղթատարության: «Մի կողմից՝ սա տվյալների համեմատություն է, ռիսկերը զսպելու մեխանիզմ, իսկ մյուս կողմից՝ քաղաքացու համար ավելի հարմարավետ ծառայություններ»,- ասաց նա:

Այսօր առաջնային բուժհաստատությունները ֆինանսավորվում են ըստ կցագրված քաղաքացիների թվի, էլեկտրոնային համակարգը հնարավորություն կտա առաջին՝ ճշտել այդ բազաները՝ բացառելով կրկնակի հաշվառման հնարավորությունը, եւ երկրորդ՝ գնահատել յուրաքանչյուր պոլիկլինիկայի աշխատանքի արդյունավետությունը, քանի որ պոլիկլինիկաներ հաճախումների եւ բուժծառայություններ ստանալու մասին տեղեկությունը արդեն ոչ միայն պարզապես քանակային կլինի, այլ անհատականացված: Որոշ ժամանակ անց հնարավոր կլինի գնահատել, թե հաշվառման կանգնած բնակիչների քանի տոկոսն է իսկապես օգտվում առաջնային բուժհաստատության ծառայություններից: Սամվել Մարգարյանը հավաստիացրեց, որ այս տեղեկությունների հիման վրա ուղղումներ կկատարվեն նաեւ ֆինանսավորման մեջ:

«Հիմա մենք չենք կարող գնահատել պոլիկլինիկաների աշխատանքի արդյունավետությունը: Վիճակագրության մեջ ասվում է, օրինակ, որ 70 հազար քաղաքացի է հաշվառված, 450 հազար այց են սպասարկել: Ով եւ քանի անգամ է այցելել, որեւէ տեղեկություն չկա: Իսկ հիմա պոլիկլինիկա այցելությունների դեպքում ցանկացած գործողություն պետք է նշվի համակարգչում: Մեկ փուլ անց, մեկ տարի անց մենք վիճակագրական տվյալներ կստանանք՝ պոլիկլինիկայի աշխատանքի արդյունավետության վերլուծության համար: Բժիշկներին դիմելիությունը տեսանելի կլինի, եւ կհաստանանք, թե ում մոտ են հաճախում հիվանդները, ում մոտ՝ ոչ»,- ասել է նա:

Սամվել Մարգարյանի խոսքով՝ ehealth համակարգը, երբ սկսի լիարժեք աշխատել, հնարավորություն կընձեռի մարդու երեւակայության սահմաններում ցանկացած տեսակի վերլուծություն կատարել. ըստ ակտիվ, տարիքային, սեռային խմբերի, հիվանդությունների եւ այլն: Արդյունքում դա լավ գործիք կլինի՝ մեր առողջապահության համակարգի արդյունավետությունը գնահատելու համար:

Բժիշկներին, բուժհաստատությունների ղեկավարներին եւ օպերատորներին www.armed.am կայքի հետ աշխատանքը սովորեցնելու համար նախարարությունում դասընթացներ են կազմակերպվել: Առայժմ համակարգում մուտքագրվում են պետպատվերի շրջանակում բուժսպասարկման տվյալները եւ, նախարարության ծրագրի համաձայն, ապրիլից ամբողջ պետպատվերն արդեն պետք է ներառվի ehealth համակարգում, բայց հետագայում դրանում կներառվի ամբողջ առողջապահությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել