• Latest news

Ալցհեյմերի հիվանդության 4 նախանշան

9 մարտի, 2017  19:32

Գրեթե յուրաքանչյուր ընտանիքում պահ է գալիս, երբ մերձավորներից մեկն սկսում է անհանգստանալ հիշողության կորստի պատճառով: Մարդը չի կարողանում հիշել, թե որտեղ է դրել բնակարանի դռան բանալին, որտեղ է թողել ակնոցը, որն իրականում իր գլխի վրա է, կամ հարեւանի անունը: Շատերը սկսում են մտածել Ալցհեյմերի հիվանդության մասին: Մեծ մասամբ նման վախերն ուռճացված են: Սակայն նրանց կարելի է հասկանալ, եթե հաշվի առնենք, որ Ալցհեյմերի հիվանդությունը չի բուժվում, նշված է առողջ կենսակերպի մասին ամերիկյան հայտնի Prevention ամսագրում:

2015 թվականին Ալցհեյմերի հիվանդության եւ ծերունական տկարամտության հետեւանքով աշխարհում ավելի քան 1.5 մլն մարդ է մահացել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության մտավոր առողջության դեպարտամենտի տնօրեն Շեհարա Սաքսենի տեղեկություններով՝ աշխարհում 47 մլն մարդ տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ: Բրիտանական Alzheimer Disease International վերլուծական կենտրոնի կանխատեսմամբ՝ ներկայիս միտումների պահպանման դեպքում 2050 թվականին աշխարհում այս հիվանդությամբ տառապող 131,5 մլն մարդ կլինի:

Ալցհեյմերի հիվանդության ամենագլխավոր նշանը, իհարկե, հիշողության կորուստն է, որը խախտում է կյանքի սովորական կարգը: Ոմանք սկսում են խճճվել ժամանակի կամ տարածության մեջ: Մյուսները դժվարանում են իրենց գործողությունները ծրագրելիս: Երրորդներն իրենց մտքերը կամ զգացողություններն արտահայտելիս բախվում են ճիշտ բառեր ընտրելու խնդիրների հետ: Մտավոր ունակությունների խանգարման այլ ախտանշաններ էլ կան:

Սակայն կան հիվանդությունը սկսվելու նաեւ պակաս ակնհայտ վաղ ախտանշաններ, որոնք թույլ են տալիս նկատել, որ ինչ-որ բան այնպես չէ Ալցհեյմերի հիվանդության արագ զարգացումից շատ ավելի վաղ: Դա կարող է լինել վիտամինների պակասը, որոշակի դեղերի նկատմամբ ռեակցիան, հնարավոր է՝ նաեւ սովորական դեպրեսիան: Գլխավորը հետեւյալ 4 ախտանշաններին ուշադրություն դարձնելն է, որոնք կարող են նախազգուշացնել Ալցհեյմերի հիվանդության սկսվելու մասին:

Ապատիա

Մարդը հրաժարվում է այնպիսի գործերի մասնակցելուց, որոնք նրան նախկինում հաճույք էին պատճառում՝ կինոդիտման գնալ, ընկերներին հանդիպել, թոռների հետ խաղալ: «Այսպիսի դեպքերում մարդիկ իրենց զբաղմունքների շրջանակը սահմանափակում են այն գործերով, որոնք իրենց ավելի հարմարավետ են թվում: Ըստ որում՝ ոչ թե պարտադիր ինքնամեկասանում են այն վախից, որ կարող են ինչ-որ բան մոռանալ կամ տանն ամեն ինչ խառնել, այլ պարզապես շատ բաների հանդեպ հետաքրքրությունը կորցնում են»,- ասում է Դորին Ռենցը:

Հիգիենայի կամ սեփական արտաքինի հանդեպ վերաբերմունքի փոփոխություններ

Ապատիան կարող է վերաճել սովորությունների եւ սովորական վարքագծի փոփոխությունների: Որոշ հիվանդներ կարող են երկար ժամանակ միեւնույն հագուստը հագնել կամ առավոտյան դադարել սանրվել: Բժիշկ Ռենցի խոսքով՝  հիվանդության նախնական փուլում պատահում է, որ մարդիկ հետաքրքրությունը կորցնում են արտաքին տեսքի կամ սեփական հիգիենայի նկատմամբ: Մերձավորների դերը հենց վարքագծի համանման փոփոխությունները ժամանակին գրանցելն է: «Կլինիկակական ոչ մի անալիզ վարքագծում նման փոփոխությունները ցույց չի տա, դրանք կարող են նկատել միայն ընտանիքի անդամները»,- ասում է Alzheimer’s Association գիտական կենտրոնի տնօրեն Դին Հարթլին:

Դեպրեսիա կամ անհանգստություն

Եթե մարդը սեփական մոռացկոտությունը նկատում է, դա պետք է սկսի նրան անհանգստացնել: Նման անհանգստությունը, եթե կապված է հվանդության հետ, հաճախ արտահայտվում է հարցերով՝ «Ո՞ւր ենք գնում», «Ի՞նչ ենք անելու»: Այն, ինչ ընկալվում է որպես մանրամասների նկատմամբ ավելորդ հետաքրքրություն, իրականում թաքցնում է իսկական մոռացկոտությունը: «Սակայն դեռեւս պետք է հետազոտել՝ արժե դեպրեսիան սակավամտության պատճառներից մեկը համարել կամ հիվանդության պատասխան»,- ասում է բժիշկ Հարթլին:

Տեսողության վատացման գանգատներ

«Ալցհեյմերի հիվանդության նախնական փուլում հիվանդացած տարեց մարդկանցից ոմանք ակնաբույժին են դիմում տեսողության վատացման կամ գունաընկալման վատացման գանգատներով, սակայն օբյեկտիվ հետազոտությամբ նրանց մոտ աչքերի ոչ մի շեղում չի հայտնաբերվում»,- ասում է բժիշկ Հարթլին: Իրականում խոսքը կարող է վերաբերել ուղեղի հետեւի հատվածներում տեսողական տեղեկությունների մշակման գործընթացների դանդաղմանը: Մի շարք դեպքերում հիվանդության վաղ փուլերում համանման գանգատներ են առաջանում  հոտառության եւ լսողության վերաբերյալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել