• Latest news

Հայաստանում առաջին անգամ կատարվել է երիկամային զարկերակի անեւրիզմի էմբոլիզացիա (ֆոտո, վիդեո)

9 մարտի, 2017  23:25

«Էրեբունի» բժշկական կենտրոնում Հայաստանում առաջին անգամ կատարվել է լրացուցիչ երիկամային զարկերակի անեւրիզմի եւ զարկերակաերակային խուղակի էմբոլիզացիա:

Հիվանդի՝ 59 տարեկան Ն. Գ.-ի մոտ երիկամաբջջային ուռուցքի պատճառով հունվարին կատարվել էր երիկամի վերին հատվածի մասնահատում: Նա դուրս էր գրվել բավարար վիճակում: Սակայն 1,5 ամիս հետո տղամարդը մեզի մեջ արյուն էր նկատել, որն աստիճանաբար առատացել էր:

Մարտի 2-ին նա մակրոհեմատուրիայով (մեզի մեջ արյան առկայություն) ընդունվել է «Էրեբունի» ԲԿ, հայտնում է հիվանդանոցի կայքը: Կատարվել է ՀՏ հետազոտություն՝ ներերակային կոնտրաստավորմամբ եւ ախտորոշվել է լրացուցիչ ձախ երիկամային զարկերակի  անեւրիզմ (ինչը եւ եղել է արյունահոսության պատճառը):

Գոյություն ունի լրացուցիչ երիկամային զարկերակի անեւրիզմի բուժման 2 մեթոդ՝ բաց վիրահատական եւ էնդովասկուլյար (ներանոթային): Որոշում է ընդունվել կատարել ձախ լրացուցիչ երիկամային զարկերակի, որից սնվել է անեւրիզմը, էնդովասկուլյար օկլյուզիա:

Մարտի 3-ին «Էրեբունի» ԲԿ-ի անգիոգրաֆիայի ծառայության ինտերվենցիոն սրտաբան Արսեն Ծատուրյանը հիվանդ Ն. Գ.-ին տեղական անզգայացմամբ հասանելի աջ ազդրի միջոցով (հիվանդի ընդհանուր ձախ զստային զարկերակը պրոթեզավորվել էր 10 տարի առաջ) կատարել է ձախ երիկամային զարկերակների սելեկտիվ անգիոգրաֆիա, եւ հաստատվել է ՀՏ հետազոտության ախտորոշումը: COOK (ԱՄՆ) ֆիրմայի ներանոթային պարույրի միջոցով կատարվել է լրացուցիչ երիկամային զարկերակի անեւրիզմի էմբոլիզացիա: Ամբողջական էմբոլիզացիան կատարվել է 3 պարույրների օգնությամբ, որից հետո անտեգրադային արյունահոսք չի նկատվել: Հիվանդի մոտ այլեւս չի նկատվել մեզի հետ արյան արտադրում (հեմատուրիա), եւ նա երկրորդ օրը դուրս է գրվել:

Երիկամային զարկերակի անեւրիզմը հազվադեպ պաթոլոգիա է, որը հանդիպում է 0,09 տոկոս դեպքերում, ախտորոշվում է ՀՏ հետազոտությամբ, որը, որպես կանոն, նշանակվում է ռենովասկուլյար հիպերտենզիայի, հեմատուրիայի դեպքում: Բաց վիրահատական միջամտությունները վտանգներ են պարունակում ինչպես ընդհանուր անզգայացման հետ կապված, այնպես էլ բուն վիրահատության: Անեւրիզմների եւ երիկամային զարկերակի զարկերակաերակային խուղակների էնդովասկուլյար, քիչ ինվազիվ բուժումը տվյալ պաթոլոգիայի դեպքում 100 տոկոսով երաշխավորված լուծում է:

Ըստ որում՝ մասնահատումից կամ նույնիսկ երիկամի հեռացումից խուսափելու հնարավորություն է ստեղծվում, նկատվում է վիրահատական փոքր վտանգ եւ հոսպիտալացման կարճ ժամանակահատված, որը համադրվում է ինտերվենցիայի բարձր արդյունավետությամբ:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է