• Latest news

Աչքի կատարակտի անվճար վիրահատություններ` «Առողջ աչքեր» ծրագրի շրջանակում

25 մարտի, 2017  10:12

Մեկնարկում  է կատարակտի անվճար վիրահատության «Առողջ աչքեր» ծրագիրը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը եւ «Երիտասարդ ակնաբույժների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Արտաշես Զիլֆյանը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր` համաձայն որի ապրիլի 1-ից մեկնարկում է «Առողջ աչքեր» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում բոլոր կենսաթոշակառուների, «Փարոս» ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվածների եւ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար աչքի կատարակտի վիրահատությունները, ներառյալ` ոսպնյակի արժեքը, կլինեն անվճար։

«Տնտեսված գումարների հաշվին եւս մեկ ծառայություն հասանելի է դառնում մեր բնակչության համար։ Կատարակտի վիրահատությունը մինչեւ օրս կատարվում է վճարովի կամ համավճարային հիմունքներով։ Նույնիսկ պետական պատվերի շրջանակում վիրահատվողները ստիպված են լինում վճարել ոսպնյակի գինը, որը ոչ բոլորի համար է մատչելի»,-ասաց առողջապահության թիվ մեկ կազմակերպիչը։

Նախարար Լեւոն Ալթունյանի խոսքով ծրագրի անհրաժեշտությունն իր համար ակնհայտ է դարձել նախարարի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց։ Քաղաքացիների ընդունելությունների ժամանակ քիչ չեն եղել կատարակտ ունեցողները, ովքեր  ընդգրկված չլինելով պետության կողմից փոխհատուցվող անվճար բժշկական օգնությունից օգտվողների խմբերում, վիրահատության ենթարկվելու դժվարություն են ունեցել։

Այդ մասին են խոսում նաեւ 2017թ. փետրվարից հանրապետության մարզերում «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից մեկնարկած «Բաց դռների» արդյունքում ավելի քան 13 հազար բնակչի 20%-ի մոտ ախտորոշվել են աչքի հիվանդություններ, որոնց գերակշիռ մասը` կատարակտ։

Ընդգծելով ծրագրի սոցիալական կարեւորությունը` նախարարն ընդգծեց, որ ծրագրի նպատակն է ընդգրկել նաեւ աշխատող այն քաղաքացիներին, ովքեր վճարունակ չլինելով դատապարտված են կուրանալու։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, կատարակտը կուրության առաջացման նախապայմաններից մեկն է։

«Այդ իսկ պատճառով մենք դեռ անցած տարվա նոյեմբերից ճանապարհներ եւ հնարավորություններ ենք փնտրել ծրագրի իրականացման համար, բանակցել տարբեր կազմակերպությունների հետ»։

«Երիտասարդ ակնաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի հետ ստորագրված Հուշագրով մեկնարկող կուրության կանխարգելման ծրագրի շրջանակում առողջապահության նախարարությունը կհատկացնի ֆինանսական միջոցներ, իսկ հասարակական կազմակերպությունը ոսպնյակներ կտրամադրի արտոնյալ պայմաններով եւ կվերահսկի մարզերում կատարվող վիրահատությունների որակը։ 

«Ես հույս ունեմ, որ առաջիկա 2 տարում կկարողանանք կազմակերպել անվճարունակ քաղաքացիների վիրահատությունները։ Այսօր այդ պահանջարկը հասնում է 3-5 հազարի»,-նշեց նախարարը` հավելելով, որ նախատեսվում է առաջիկայում ծրագրում ընդգրկել բնակչության այլ խմբերի եւս։

«Երիտասարդ ակնաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարը վստահեցրեց, որ ծրագրին աջակցելու համար կընդգրկեն լավագույն մասնագետներին։ Նա նշեց, որ մարզերում աշխատում են բարձր պատրաստվածությամբ ակնաբույժներ, ովքեր պատրաստ են ծրագրի շրջանակում իրականացնելու վիրահատությունները։

Առաջիկայում «Առողջ աչքեր» ծրագրին կմիանա նաեւ Հայկական ակնաբուժության նախագիծը։

Նշենք, որ ծրագրի առաջին փուլում վիրահատությունները կկատարվեն Լոռու մարզի Սպիտակի բժշկական եւ Գեղարքունիքի մարզի Սեւանի «Լայոնս» մարզային ակնաբուժական հիմնադրամ կենտրոններում: Երկրորդ փուլում ծրագիրը կընդլայնվի` ընդգրկելով մյուս բոլոր մարզերի եւ Երեւանի քաղաքացիներին։

Դիմումների ընդունման, հերթագրման եւ վիրահատության կազմակերպման կարգի մասին կտեղեկացվի մոտ օրերս։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել