• Latest news

Ի՞նչ է դեպրեսիան եւ ինչպե՞ս այն հաղթահարել. «Եկ խոսենք». կոչ է անում ԱՀԿ-ը

7 ապրիլի, 2017  16:15

«Եկեք խոսենք»: Այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ զրույցն այսպես սկսեց Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Եգոր Զայցեւը: Այս տարի ԱՀԿ-ը Առողջության համաշխարհային օրվա գլխավոր թեմա է հռչակել դեպրեսիան, իսկ օրվա կարգախոսն է՝ «Եկ խոսենք»:

Եգոր Զայցեւը պարզաբանեց, որ հենց զրույցից է սկսվում դեպրեսիայի բուժումը: «Եթե կասկածում եք, որ ձեր մերձավորներից որեւէ մեկը դեպրեսիայի մեջ է, խոսեք նրա հետ, եւ եթե զգում եք, որ ձեր մոտ է դեպրեսիա սկսվել, դիմեք այն մարդուն, ում վստահում եք, եւ նրա հետ այդ մասին խոսեք»,- խորհուրդ տվեց ԱՀԿ ներկայացուցիչը:

Նա նշեց, որ դեպրեսիան հիվանդություն է, որը բնութագրվում է մշտական հուսալքության վիճակով եւ գործունեության այն տեսակների հանդեպ հետաքրքրության կորստով, որոնք նախկինում սովորաբար բավարվածության զգացում են տվել: Ինչպես նաեւ առնվազն 2 շաբաթ առօրյա գործերը կատարելու անընդունակությամբ:

Դրանից զատ, կան մի քանի ախտանշաններ՝ էներգիայի պակաս, ախորժակի նվազում, քնկոտություն կամ անքնություն, տագնապ, աշխատելիս կամ սովորելիս ուշադրության կենտրոնացման նվազում, անվճռականություն, անհանգստություն, սեփական ոչնչության, մեղքի կամ հուսահատության զգացում, ինչպես նաեւ սեփական անձին վնաս պատճառելու եւ ինքնասպանության մտքեր:

«Խոր դեպրեսիան կարող է ինքնասպանության հասցնել: Աշխարհում յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ մեկ մարդ ինքնասպան է լինում: Սա իրականում անչափ շատ է»,- նշեց նա:

Ի՞նչ անել, եթե դեպրեսիայով եք տառապում: Եգոր Զայցեւը խորհուրդ է տալիս՝

1. Խուսափել ինքնամեկուսացումից: Այսպիսի մարդիկ հիմնականում մեկուսանում են, նախընտրում սեփական ցավով տապակվել, սակայն դա սխալ է, անհրաժեշտ է քո խնդրի մասին խոսել:

2. Բացառել ալկոհոլի օգտագործումը, քանի որ այն դեպրեսիան խորացնում է, այլ ոչ թե հակառակը, ինչպես շատերին է թվում:

3. Դիմել մասնագետի օգնությանը՝ հոգեբանի կամ հոգեբույժի, եւ դրանից չվախենալ, քանի որ իրականում ամոթալի ոչինչ չկա:

Եգոր Զայցեւը նշեց, որ այսօր դեպրեսիան գլոբալ խնդիր է: ԱՀԿ-ի գնահատականներով՝ մոլորակի վրա 300 մլն մարդ դեպրեսիայով է տառապում:

Այն նաեւ այլ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների ռիսկի գործոն է, օրինակ՝ սիրտ-անոթային: Եվ հակառակը՝ շատ հիվանդություններ, նույն սիրտ-անոթային կամ օնկոլոգիական, կարող են դեպրեսիա առաջացնել:

Դեպրեսիան ավելի հաճախ կանանց շրջանում է հանդիպում, քան տղամարդկանց, բայց նպատակին հասած ինքնասպանություններն ավելի հաճախ տղամարդկանց շրջանում են հանդիպում: Բոլորն են ենթակա դեպրեսիայի, բայց ավելի շատ խոցելի խմբերի մարդիկ՝ գործազուրկները կամ մենակ մնացած մարդիկ եւ այլն:

«Դժվար է հաշվել դեպրեսիայի տնտեսական կորուստները, սակայն նման փորձեր կատարվել են եւ ահռելի գումարներ են կազմել: Կան ինչպես ուղղակի ծախսեր՝ առողջապահական համակարգի ծախսեր, այնպես էլ անուղղակի: Դեպրեսիայով մարդու աշխատանքի արտադրողականությունը նվազում է, նա կարող է ավելի քիչ աշխատել, եւ սա ցանկացած պետության համար շատ մեծ կորուստ է»,- ասաց նա:

Եգոր Զայցեւը հիշեցրեց, որ գլոբալ խնդիր է նաեւ հոգեկան հիվանդություններով մարդկանց ստիգմատիզացիան, սակայն չպետք է մոռանալ, որ այդ մարդիկ հասարակության անդամներն են, եւ նրանք կարող են նորմալ կենսագործունեության վերադառնալ: Քանի որ, որը լավ նորությունն է, դեպրեսիան բուժվող է:

Տարբերակում են դեպրեսիայի երեք աստիճան՝ թեթեւ, միջին եւ ծանր: Դեպրեսիայի թեթեւ տեսակով տառապող մեծահասակների համար բավարար է հոգեբանական օգնությունը: «Առաջին միջամտությունը զրույցն է: Եվ սա է այսօրվա միջոցառման կիզակետում: Միջինը եւ ծանրը պահանջում են հոգեբանական օգնության եւ հակադեպրեսանտների կիրառմամբ դեղորայքային բուժման համադրություն»,- ասաց նա:

Եգոր Զայցեւը հավելեց, որ ԱՀԿ-ի «Եկ խոսենք» արշավի հիմնական նպատակն այն է, որ յուրաքանչյուր երկրում դեպրեսիայով տառապող ավելի մեծ թվով մարդիկ փնտրեն եւ համարժեք բուժում ստանան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել