• Latest news

Հոգեբուժական կլինիկաների արդիականացման եւ բարելավման հարցերը դեռեւս քննարկման փուլում են. ԱՆ-ի ներկայացուցիչ

7 ապրիլի, 2017  21:48

Հայաստանի Առողջապահության նախարարությունը հոգեբույժների հետ ծրագիր է մշակել՝ հիմնված 2014-2019 թվականների համար հոգեբուժական օգնության զարգացման ռազմավարության վրա: Այս ծրագիրը համահունչ է ԱՀԿ-ի՝ առաջնային բժշկական օգնության օղակներում հոգեբուժական ծառայությունների հասանելության սկզբունքին: Ապրիլի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը՝ պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի այն հարցին, թե Հայաստանում հոգեբուժական օգնությունը որքանո՞վ է հասանելի տեղերում, առաջնային օղակում, հոգեբուժական հիվանդանոցների պատերից դուրս: Ապրիլի 7-ի մամուլի ասուլիսը նվիրված էր դեպրեսիային, որն այս տարի ԱՀԿ-ը դարձրել է Առողջության համաշխարհային օրվա քննարկման թեման:

Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ այս ծրագրի շրջանակում առաջնային օղակի մասնագետներն ուսուցում են անցնում, որ կարողանան ախտորոշել ավելի հաճախ հանդիպող հոգեկան 12 խանգարումները եւ օգնություն ցույց տան տեղերում:

Ինչ վերաբերում է հոգեբուժական կլինիկաների արդիականացմանը եւ օպտիմալացմանը, ապա, նախարարության ներկայացուցչի խոսքով, այս հարցը նույնպես օրակարգում է, բայց ի տարբերություն ուսուցման ծրագրերի՝ ենթակառուցվածքների արդիականացումը թանկարժեք գործընթաց է եւ շոշափելի ներդրումներ է պահանջում: «Հիմա մենք համապատասխան ֆինանսական միջոցներ չունենք, բայց դա չի նշանակում, որ չենք փորձում դա անել: Տարբերակներ են քննարկվում: Հնարավոր է օպտիմալացում, որի հետեւանքով միջոցներ կազատվեն եւ կներդրվեն կառուցվածքի արդիականացման մեջ»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ որոշ հոգեբուժական բուժհաստատություններ փակվեն կամ միավորվեն, նա պատասխանեց, որ «ներկայումս այդ ամենը միայն քննարկումների փուլում է»: «Մենք ցանկանում ենք հասկանալ, թե որ տարբերակն է ամենալավը, քանի որ բուժհաստատության փակումը մի կողմից համահունչ չէ ԱՀԿ-ի մոտեցումներին: Մյուս կողմից՝ մենք պետք է հասկանանք, թե հոգեբուժական հիվանդանոցներում մահճակալների օբյեկտիվ պահանջն ինչպիսին է: Մենք փորձում ենք ճիշտ բալանս գտնել»,- ասաց նա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել