• Latest news

Ռուս գիտնականները քաղցկեղային բջիջները ոչնչացնող նանոմասնիկներ են ստեղծել

11 ապրիլի, 2017  12:58

Մոսկվայի պետական համալսարանի գիտնականները նանոմասնիկներ են ստեղծել սպիտակուցներից եւ ճարպերից, որոնք թափանցում են քաղցկեղային բջիջների մեջ եւ այնտեղ ինքնաոչնչացման ծրագիր գործարկում: Ռուս գիտնականների հոդվածը հրապարակվել է Pharmaceutical Research ամսագրում:

«Առաջարկվում է աշխատանքը շարունակել հակաքաղցկեղային սկզբունքորեն նոր տեսակի միջոց ստեղծելու նպատակով, որի հիմքում դրված է Ցիտ-ԿԼ-ի (ցիտոքրոմ-կարդիոլիպինոմ) համալիրը: Համալիրը գոյություն ունի նաեւ նորմալ բջիջներում, որտեղ այն օգտագործվում է ապոպտոզի գործարկման համար, որը կարգավորվում է օրգանիզմի կողմից: Ծրագրվել է նաեւ մշակել դեղը քաղցկեղային բջիջներին հասցնելուն ուղղված միջոցներ»,- նշել է Յուրի Վլադիմիրովը:

Վերջին տարիներին գիտնականները ստեղծել են քաղցկեղի բուժման սկզբունքորեն նոր մի քանի մեթոդներ, որոնք հիմնվում են օրգանական կամ ոչ օրգանական նանոմասնիկների վրա: Որոշ դեպքերում դրանք օգտագործվում են ուռուցքի հեռացման համար՝ հանդես գալով որպես յուրատեսակ «թիրախ», դեպի որն են ուղղորդվում կա՛մ իմունային բջիջները, կա՛մ լազերը, որը տաքացնում է մասնիկները եւ այրում բջիջները:

Այլ դեպքերում նանոմասնիկները միայն վտանգավոր մոլեկուլները հասցնում են ուռուցքին, որը սահմանափակում է նրանց ազդեցությունը եւ թույլ է տալիս նվազեցնել քաղցկեղային բջիջների լիակատար ոչնչացման համար անհրաժեշտ չափաքանակը: Այսպիսի նանոմասնիկներ կարող են լինել ինչպես զանազան օրգանական կառուցվածքները, որոնք նմանակում են բջիջներին, այնպես էլ ոչ օրգանական միացությունները, որոնք իմունային համակարգի համար անտեսանելի են:

Վլադիմիրովը եւ նրա համալսարանական գործընկերները ստեղծել են նանոմասնիկների օգնությամբ քաղցկեղի դեմ պայքարելու սկզբունքորեն նոր միջոց՝ քաղցկեղային բջիջներին հասցնելով մոլեկուլների հատուկ հավաքածու, որն ուղղակիորեն միացնում է ապոպտոզը, բջջային ինքնասպանության ծրագիրը:

Նրա առանցքային տարրը ցիտոքրոմ Ց-ն է՝ ոչ մեծ սպիտակուցային մոլեկուլ, որն ահազանգում է բջջի յուրահատուկ էներգակայաններ համարվող միտոքոնդրիումների ծայրահեղ եւ անդառնալի վնասման մասին: Այն միանում է մի շարք ուրիշ մոլեկուլների հետ եւ նրանց ստիպում մասերի բաժանել բջջի փաստացի բոլոր սպիտակուցները եւ այլ բաղադրիչները, որի հետեւանքով այն ոչնչանում է:

Առաջին փորձերը ցույց են տվել, որ ապոպտոզի ռեակցիա գործարկելու համար անհրաժեշտ է եւս մեկ մոլեկուլ՝ կարդիոլիպին ճարպը, որի մոլեկուլներից են կազմված միտոքոնդրիումների պատերը եւ թաղանթները: Նորմալ վիճակում ե՛ւ կարդիոլիպինը, ե՛ւ ցիտոքրոմը հեռանում են միտոքոնդրիումներից, իսկ բջջի այլ հատվածներում դրանց հայտնվելը երաշխավորում է ապոպտոզի առաջացումը:

Այս պատկերացումներով առաջնորդվելով՝ ռուս գիտնականները նանոմասնիկներ են ստեղծել սպիտակուցի եւ ճարպի խառնուրդից եւ ստուգել են՝ դրանք ինչպես կգործեն քաղցկեղային տարբեր կուլտուրաների վրա:

Վլադիմիրովի խոսքով՝ նման նանոմասնիկները ոչ միայն քաղցկեղային «նորմալ» բջիջներն են հաջողությամբ ոչնչացրել, այլեւ քաղցկեղի կուլտուրաները, որոնց վրա քիմիաթերապիան եւ ուռուցքների դեմ պայքարի այլ մեթոդները չեն ներգործել:

Գիտնականները մտադիր են առաջիկայում շարունակել նանոմասնիկներով փորձերը եւ փորձել հասկանալ՝ ինչպես է հնարավոր դրանք կենդանիների կամ մարդու մարմնի մեջ մտցնելու դեպքում հարմարեցնել քաղցկեղի բուժման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել