• Latest news

ՄԻԱՎ դրական կանանց կարելի՞ է երեխաներին կրծքով կերակրել

20 ապրիլի, 2017  21:14

Երկար ժամանակ կարծում էին, որ ՄԻԱՎ դրական կանանց ոչ մի դեպքում չի կարելի երեխաներին կրծքով կերակրել, քանի որ վիրուսը կարող է կրծքի կաթով փոխանցվել երեխային: Սակայն վերջին շրջանում գիտնականներից շատերի, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների մոտեցումները փոխվել են՝ ավելի հաճախ են կարծիքներ հնչում, որ կրծքով կերակրելու պոտենցիալ օգուտը գեազանցում է վարակման պոտենցիալ վտանգավորությանը:

Եվ այսպես՝ ՄԻԱՎ-ով հիվանդ մայրերին կարելի՞ է երեխաներին կրծքով կերակրել: Հարցի շուրջ NEWS.am Medicine-ը զրուցեց Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության ղեկավար Կարինե Սարիբեկյանի հետ:

ԱՀԿ-ի տվյալներով՝ եթե հակառետրովիրուսային դեղեր (АРВ) չստացող ՄԻԱՎ դրական մայրը երեխային կրծքով է կերակրում 2 տարի, վարակվում է երեխաների մոտ 14-20 տոկոսը: Մինչդեռ սահմանափակ պաշարների պայմաններում անբավարար սնվելու, թոքաբորբի եւ դիարեայի հետեւանքով երեխաների շրջանում մահվան ելքի հավանականությունը մոտ 6 անգամ բարձր է:

Որոշ մասնագետների խոսքով՝ հատկապես այս պատճառով որոշ դեպքերում կրծքով կերակրելը թույլ է տրվում, նույնիսկ եթե մայրը АРВ դեղեր չի ստանում:

Կարինե Սարիբեկյանը նշեց, որ այս հրահանգներն առաջին հերթին վերաբերում են աղքատ եւ զարգացող երկրներին, որտեղ ՄԻԱՎ ինֆեկցիան շատ տարածված է, եւ բուժման ու կանխարգելման հասանելիություն չկա, ինչպես չկան արհեստական կերեր, որոնցով հնարավոր կլիներ ՄԻԱՎ դրական մայրերից ծնված նորածիններին կերակրել: Այսպիսի երկրներում երեխան ողջ մնալու ավելի մեծ հավանականություն ունի, եթե կրծքով կերակրվի, նույնիսկ եթե առկա է նրան վիրուսը փոխանցելու վտանգը:

Իսկ ավելի բարեկեցիկ երկրներում, որտեղ ե՛ւ բուժում, ե՛ւ կանխարգելում, ե՛ւ սնունդ կա, ՄԻԱՎ ինֆեկցիայի դեպքում կրծքով կերակրելն, այնուամենայնիվ, չարդարացված ռիսկ է համարվում, չնայած այն, շատ մասնագետների կարծիքով, թույլատրելի է, եթե թե՛ մայրը, թե՛ երեխան այդ ընթացքում հակառետրովիրուսային թերապիա են ստանում:

Կարինե Սարիբեկյանը նշեց, որ ներկայումս Հայաստանում ՄԻԱՎ դրական կանանց խորհուրդ է տրվում երեխաներին կերակրել արհեստական կերով, ինչը կօգնի խուսափել երեխային վիրուսի փոխանցումից: Ավելին՝ ՄԻԱՎ դրական ընտանիքներին այս կերերով ապահովում է պետությունը, հետեւաբար եթե ընտանիքը նույնիսկ այնքան էլ ապահովված չէ, կերը գնելու խնդիրներ չունի:

Մասնագետի խոսքով՝ սա ոչ մի դեպքում արհեստական կերերի առաջմղում չէ, հակառակը՝ Հայաստանում խրախուսվում է կրծքով կերակրելը, սակայն մոր որոշ հիվանդությունների դեպքում երեխայի առողջության պահպանման համար խորհուրդ է տրվում հրաժարվել կրծքով կերակրելուց: Մասնագետը հիշեցրեց, որ Հայաստանը աշխարհում առաջին երկրներից մեկն է, որտեղ արդեն մի քանի տարի մորից երեխային ՄԻԱՎ ինֆեկցիայի փոխանցման ոչ մի դեպք չի եղել, այս ձեռքբերման մեջ իրենց դերն են հատկապես ունեցել ՄԻԱՎ դեպքում հղիության վարման այսօր գործող հրահանգները եւ երեխայի կերակրման ու խնամքի մոտեցումները:

Կարինե Սարիբեկյանը նաեւ նշեց, որ ապագայում լուրջ փաստարկների եւ նոր գործոնների առկայության դեպքում Առողջապահության նախարարությունը, հնարավոր է, վերանայի ՄԻԱՎ ինֆեկցիայի դեպքում կրծքով կերակրելու նկատմամբ իր դիրքորոշումը: Սակայն այսօր Հայաստանում ՄԻԱՎ վարակակիր կանանց խորհուրդ չի տրվում երեխաներին կրծքով կերակրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել