Առաջնային իմունոդեֆիցիտները ժառանգական կամ ներարգանդային զարգացման ընթացքում ձեռք բերած իմունոդեֆիցիտային վիճակներ են, որոնց դեպքում իմունիտետը չի կարողանում արդյունավետորեն դիմակայել օրգանիզմում հայտնված ինֆեկցիաներին:
FJeffrey Modell հիմնադրամի բժշկական խորհրդատվական խորհուրդը ներկայացրել է մանկական իմունոդեֆիցիտի 10 ախտանիշներ, որոնք պետք է անհանգստացնեն ծնողներին եւ բժշկի դիմելու պատճառ լինեն:
1. Տարեկան 4 եւ ավելի ականջաբորբ;
2. Սինուսիտի տարեկան 2 եւ ավելի ծանր սրացում;
3. 2 եւ ավելի ամիսների ընթացքում անբավարար արդյունավետությամբ հակաբիոտիկային բուժում;
4. Տարեկան 2 եւ ավելի թոքաբորբ;
5. Երեխայի աճի եւ ֆիզիկական զարգացման դանդաղում;
6. Մաշկի կամ ներքին օրգանների կրկնվող թարախակույտեր;
7. Բերանի լորձաթաղանթի կրկնվող կաթնասնկախտ կամ մաշկի սնկային ախտահարում;
8. Ինֆեկցիոն պրոցեսների կառավարման նպատակով հակաբիոտիկների ներերակային կիրառման անհրաժեշտություն;
9. Ծանր գեներացվող ինֆեկցիաների, այդ թվում՝ սեպտիցեմիայի 2 եւ ավելի դեպք;
10. Առաջնային իմունոդեֆիցիտների առկայություն ընտանիքի անդամների մոտ:
Իմունոլոգ-ալերգոլոգ Սեւան Իրիցյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ այս ախտանիշները չեն կարող իմունոդեֆիցիտների ախտորոշման չափանիշներ համարվել, սակայն եթե երեխայի մոտ առկա է այս ախտանիշներից 2-ը կամ ավելին, պետք է բժշկի հետ խորհրդակցել:
Մասնագետը նաեւ նշեց, թե ցանկալի է, որ Հայաստանի բոլոր մանկաբույժները այս ախտանիշներին ծանոթ լինեն, ինչը կօգնի երեխաների շրջանում իմունեդեֆիցիտներն ավելի ճշգրիտ ախտորոշել եւ խուսափել հիպերախտորոշումից՝ ի վերջո, կան երեխաներ, որոնք մյուսներից ավելի հաճախակի են հիվանդանում, բայց նրանց մոտ իրականում ոչ մի իմուդեֆիցիտներ չկան: Մասնագետն ընդգծեց, որ իմունոդեֆիցիտների դեպքում հիվանդությունները շատ ծանր ընթացք ունեն եւ դժվար են բուժվում: Իսկ «թեթեւ» մրսածության հաճախակի դեպքերը չեն վկայում երեխայի մոտ իմունային համակարգի լուրջ խնդիրների առկայության մասին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր