• Latest news

«Էրեբունի» ԲԿ-ի կարդիովիրաբույժները հաջողությամբ հեռացրել են սրտի ծավալուն միկսոման

25 ապրիլի, 2017  23:42

«Էրեբունի» բժշկական կենտրոնի կարդիովիրաբույժները հեռացրել են 70 տարեկան հիվանդի սրտի միկսոման՝ բարորակ ուռուցքը:

Հիվանդը «Էրեբունի» ԲԿ է ընդունվել ապրիլի 4-ին՝ բողոքելով ընդհանուր թուլությունից, ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում հեւոցից եւ սրտի խփոցից: Էխոսրտագրով ձախ նախասրտում ծավալուն գոյացություն է հայտնաբերվել՝ ոչ հոմոգեն կազմությամբ, հավասար եզրերով, 6x4 սմ չափով, միջնախասրտային միջնորմին լայն կոթունով կպած (ձախ նախասրտի միկսոմա): Գոյացությունը շարժվող էր եւ առաջացնում էր միտրալ փականի մասնակի օբստրուկցիա՝ միտրալ ստենոզի 1,5 քառ.սմ զարգացմամբ:

«Էրեբունի» ԲԿ-ի կարդիովիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Վահե Գասպարյանի ղեկավարությամբ ապրիլի 11-ին հիվանդը վիրահատվել է: Օգտագործվել է ձախ նախասրտի խոռոչին հասնելու վերին տրանսսեպտալ (SuperiorTransseptalApproach) հասանելիությունը: Խոռոչը մատներով ստուգելիս դիտվել է ուռուցքաձեւ գոյացություն՝ օվալաձեւ պատուհանի հատվածում ֆիքսված: Միջնախասրտային միջնորմի մոտ լայն կոթունի վրա (3 x 3 սմ) ֆիքսացիայի տեղում  կատարվել է ուռուցքի հատում առողջ հյուսվածքների սահմաններում՝ մոտ 6 x 4 սմ չափերով ուռուցքի հետագա հեռացմամբ ձախ նախասրտի միասնական հատվածի խոռոչից:

Գոյացության գիստոլոգիական հետազոտությամբ հաստատվել է ֆիբրոմիկսոմայի ախտորոշումը:

Հիվանդը բավարար վիճակով դուրս է գրվել 7-րդ օրը:

Միկսոման բարորակ գոյացություն է, որն ավելի հաճախ տեղակայվում է ձախ նախասրտում: Մեծ չափերի միկսոմաները չափազանց հազվագյուտ երեւույթ են: Այս ուռուցքների վտանգավորությունը ուռուցքի կամ նրա մի հատվածի հնարավոր պոկվելն է՝ էմբոլիայի բարդությունների առաջացմամբ, ինչպես նաեւ սրտի կանգով միտրալ փականի ամբողջական օբստրուկցիայի զարգացմամբ:

Դեռեւս 2005 թվականին «Էրեբունի» ԲԿ-ի կարդիովիրաբուժության բաժանմունքում արդեն նման կարգի վիրահատություն հաջողությամբ կատարվել է: «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետների հարուստ փորձը եւ պրոֆեսիոնալիզմը թույլ են տալիս նույնիսկ կլինիկական ծանրագույն դեպքերում արդյունքներ ցույց տալ, որոնք համապատասխանում են համաշխարհային ստանդարտներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել