• Latest news

Ամերիկացի գիտնականներն արհեստական արգանդ են ստեղծել (ֆոտո)

26 ապրիլի, 2017  19:24

Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի ամերիկացի գիտնականներին հաջողվել է արհեստական արգանդի միջոցով, որը պեծ պլաստիկե պայուսակի է նման, լույս աշխարհ բերել անհաս գառների: Այն սաղմերին ապահովում է զարգացման եւ հասունացման համար անհրաժեշտ ամեն ինչով, այդ թվում՝ արյան անընդհատ շրջանառությամբ եւ պտղաջրերի պաշտպանական շերտով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գիտնականները հուսով են, որ իրենց հայտնագործությունը մի օր կօգնի նաեւ անհաս նորածինների ողջ մնալուն: Հնարավոր է, որ մի քանի տարի հետո սկսվեն մարդկանց վրա փորձարկումները:

Ներկայումս աշխարհում խնամում են անհաս նորածինների, որոնք լույս աշխարհ են եկել մոտ 23 եւ ավելի շաբաթականում: Նրանց հատուկ ինկուբատորների մեջ են դնում, միացնում են թոքերի արհեստական օդափոխման սարքերին:

Գիտնականների հայտնագործությունը՝ պլաստիկե պայուսակ-արգանդը, պարունակում է տաք ջրի եւ աղերի խառնուրդ, այն իր բաղադրությամբ նման է պտղաջրերին, որը բնական պայմաններում արգանդում շրջապատում է սաղմին:

Աճող պտուղն այս հեղուկը շնչում եւ կուլ է տալիս այնպես, ինչպես դա սովորաբար տեղի է ունենում մոր արգանդում: Խառնուրդը լիտրերով մշտապես անցնում է արհեստական արգանդի միջով՝ ապահովելով թթվածնի եւ սնուցող նյութերի անընդհատ մատակարարումը:

Այս պարկի մեջ տեղադրված գառնուկը չի կարող թթվածինը եւ սնուցող նյութերը ընկերքի միջոցով ստանալ, ուստի նրա պորտալարը միացնում են հատուկ սարքին, որն այս նյութերն արտադրում է:

Արհեստական արգանդի գլխավոր խնդիրը պտղի բրոնխաթոքային համակարգի հասունացմանն օգնելն է: 23 շաբաթից պակաս ժամկետում լույս աշխարհ եկած նորածինները գործնականում ողջ մնալու հավանականություն չունեն, 23-շաբաթականում ծնվածների ողջ մնալու հավանականությունը կազմում է արդեն 15 տոկոս, 24-շաբաթականում՝ 55 տոկոս, իսկ 25-շաբաթականում՝ 80 տոկոս:

Հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ անհաս գառները, որոնց պտղի ֆիզիոլոգիական զարգացումը նույն մակարդակին է եղել, ինչ 23-շաբաթական նորածիններինը, արհեստական արգանդում գտնվելիս լավ զարգացել են:

Գառները ծնվել են նրա մեջ գտնվելուց 28 օր հետո եւ սկսել են ինքնուրույն շնչել:

Գառների մի մասին ստիպված էին սատկացնել՝ նրանց ուղեղի եւ ներքին օրգանների վիճակն ուսումնասիրելու համար: Բայց փորձնական կենդանիների մեծ մասը ողջ է մնացել եւ սնվել է արհեստական ճանապարհով:

Արհեստական արգանդը ստեղծողները դեռեւս պետք է մի շարք խնդիրներ լուծեն, օրինակ՝ ինչպես խուսափեն ներարգանդային ինֆեկցիայից կամ պտղին հորմոնների բավարար քանակով ապահովեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել