• Latest news

Քաղցկեղի դեմ պայքարելը հեշտ չէ, եթե նույնիսկ արքայադուստր ես. Հորդանանի արքայադուստրը Երեւանում է

27 ապրիլի, 2017  15:49

Քաղցկեղի դեմ պայքարելը հեշտ չէ, եթե նույնիսկ արքայադուստր ես: Այս մասին Երեւանի Արյունաբանության կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց Հորդանանի թագավոր Հուսեյնի անվան քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն, Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (Union of International Cancer Control)  նորընտիր նախագահ, արքայադուստր Դինա Մայրեդը: Արքայադուստրը սկսել է քաղցկեղի բուժման խնդրով զբաղվել, երբ հիվանդացել է իր որդին:

«Ես երբեք չեմ մտածել, որ կհայտնվեմ «քաղցկեղի աշխարհում», բայց Աստված ինձ դրեց այս ճանապարհին, երբ որդիս 2 տարեկանում քաղցկեղով հիվանդացավ: Ես նույնն էի զգում, ինչ ցանկացած մայր: Ես շոկի մեջ էի, եւ խոր ապրումներ ունեի: Ես այս ամենի միջով անցա: Այդ ժամանակ Հորդանանում քաղցկեղի պատշաճ բուժում չկար, այնպես որ՝ ստիպված էի արտասահման գնալ: Եվ որդուս բախտը բերեց, նա առողջացավ:

Գիտեք, ես ինչ-որ առանձնահատուկ մայր չեմ, բոլոր մայրերն էլ իրենց երեխաներին այնքան են սիրում, որքան ես, եւ անարդարացի էր, որ երկրում բուժում ստանալու հնարավորություն չկար: Դա անչափ դժվար էր, եթե նույնիսկ դու արքայադուստր ես: Քո ճանապարհին նույնպես շատ խոչընդոտներ եւ խնդիրներ կան: Բայց մենք մայրեր ենք, մենք կանայք ենք, եւ մենք կարողացանք այս գործը մեռյալ կետից առաջ մղել: Եվ հիմա մեզ մոտ գործում է տարածաշրջանում լավագույն կենտրոնը, որտեղ հազարավոր մարդկանց կյանքն են փրկում: Լինելով քաղցկեղը հաղթահարած երեխայի մայր՝ ես, օգտագործելով նաեւ իմ սոցիալական դիրքը, հնարավոր ամեն ինչ անում եմ, որ բոլոր երեխաները բուժում ստանալու միատեսակ հնարավորություն ունենան»,- ասաց նա:

Արքայադուստր Դինա Մայրեդը Հայաստան է եկել մասնակցելու Քաղցկեղը հաղթահարածների կոնգրեսին՝ Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի ղեկավար Գեւորգ Թամամյանի հրավերով: Թամամյանը եւ արքայադուստրը հանդիպել են մեկ տարի առաջ Քաղցկեղի վերահսկման միջազգային միության ՝ Union for International Cancer Control (UICC):

«Ես անչափ հուզված էի գեղեցիկ Հայաստան այցելելու հնարավորությունից: Հավանաբար գիտեք, որ Հորդանանում հայկական համայնք կա, որի անդամները հաճախ են պատմում այս չքնաղ երկրի մասին: Իմ այցի երկրորդ կարեւորագույն պատճառը քաղցկեղի դեմ պայքարում ձեր բոլոր ձեռքբերումները տեսնելու ցանկությունն էր»,- ասաց արքայադուստրը:

Նա նշեց, որ այստեղ Արյունաբանության հրաշալի կենտրոն եւ կյանքի փրկության ինստիտուտ կա, եւ հավելեց, որ եթե Հայաստանի Արյունաբանության կենտրոնը որոշակի տեխնոլոգիաների, բուժման նոր մեթոդների կարիք ունի, ապա UICC-ը փորձի եւ գիտելիքների փոխանակման գերազանց հարթակ է:

Դինա Մայրեդը պատմեց City Cancer Challenge ծրագրի մասին. UICC-ի նոր նախագիծն է, որի հիմնական գաղափարն այն է, որ քաղաքի բոլոր շահագրգիռ անձինք զբաղվեն քաղցկեղի բուժման մշակմամբ, ծրագրմամբ եւ լուծումների ներդրմամբ: Քաղաքները կխրախուսվեն եւ աջակցություն կստանան երեք տարի շարունակ: Նրա կարծիքով՝ Հայաստանը նույնպես կարող է հավակնել այս ծրագրի մեջ ընդգրկվելուն:

«Հայաստանում ինձ վրա առաջին հերթին տպավորություն գործեցին մարդիկ: Այստեղ հրաշալի մարդիկ են ապրում, եւ ես տեսնում եմ, թե դուք միմյանց հետ որքան մտերիմ եք, ձեր բոլորի մոտ ազգային ինքնության զգացումը շատ վառ է արտահայտված: Ինձ դուր են գալիս ձեր բոլոր ավանդույթները, պարերը եւ, իհարկե, խոհանոցը»,- ասաց արքայադուստր Դինա Մայրեդը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է