• Latest news

Այսօր Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրն է

2 մայիսի, 2017  15:21

2017 թվականին Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Asthma Day) մայիսի 2-ին անցկացվում է «Ասթմա. ավելի լավ օդ՝ ավելի լավ շնչառություն» (Asthma: Better air,better breathing) կարգախոսով: Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Asthma Day) ամեն տարի ավանդաբար անցկացվում է մայիսի առաջին երեքշաբթի օրը՝ Բրոնխիալ ասթմայի գլոբալ նախաձեռնության շրջանակում (Global Initiative for Asthma, GINA):

Այն հիմնադրվել է հանրության ուշադրությունը բրոնխիալ ասթմայի խնդրին գրավելու, հիվանդության, դրա ախտորոշման եւ բուժման մասին բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու համար:

Օրվա հիմադրման պատմությունը սկսվում է 1993 թվականից, երբ Սրտի, թոքերի եւ արյան ազգային ինստիտուտը (NIHLB, ԱՄՆ), Առողջության ազգային ինստիտուտը (National Institutes of Health, ԱՄՆ) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) GINA-ի աշխատանքային խումբը ստեղծեցին, որի գործունեության արդյունքն էր «Բրոնխիալ ասթմայի բուժման եւ կանխարգելման գլոբալ ռազմավարություն» զեկույցը (1995): Մշակվել է նաեւ «Բրոնխիալ ասթմայի գլոբալ նախաձեռնություն» ծրագիրը (GINA) բժիշկների, բուժհաստատությունների եւ պաշտոնական ատյանների համագործակցության զարգացման նպատակով:

Բրոնխիալ ասթման առողջապահության գլոբալ խնդիր է: Սա շնչուղիների քրոնիկական հիվանդություն է, որով, ԱՀԿ-ի տվյալներով, ամբողջ աշխարհում մոտ 235 մլն մարդ է տառապում: Ասթման երեխաների շրջանում ամենատարածված քրոնիկական հիվանդությունն է:

Ասթմայի առաջացման հավանականության ամենանշանակալի գործոններն են ալերգենները՝ անկողնային պարագաներում, գորգերի եւ փափուկ կահույքի վրա տնային փոշու տիզերը, ծաղակափոշին եւ բորբոսը, քիմիական գրգռող նյութերը, ծխախոտի ծուխը: Ասթմա կարող են առաջացնել սառը օդը, չափից ավելի մեծ էմոցիոնալ գրգռումը եւ ֆիզիկական վարժությունները:

Ասթման առանձնապես սուր ընթացք ունի մեծ քաղաքներում, որտեղ օդում բնական ալերգենները միանում են մթնոլորտային արտանետումներին, մասնավոապես՝ ավտոտրանսպորտի արտանետումներին:

Բրոնխիալ ասթմայի առաջացման վրա կարող են ազդել նաեւ գենետիկ գործոնները: ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի գիտնականները 4 գեն են հայտնաբերել, որոնց տարատեսակները կարող են ասթմա առաջացնել:

Ասթմային հատուկ են հեղձուկի եւ սուլոցով շնչելու կրկնվող նոպաները, որոնց ծանրությունը եւ հաճախականությունը տարբեր մարդկանց համար տարբեր է: Ասթմայով տառապող հիվանդների մոտ ախտանշանները կարող են սկսվել օրական կամ շաբաթական մի քանի անգամ, որոշ մարդկանց մոտ նոպաները սկսվում են ֆիզիկական ակտիվության ժամանակ կամ գիշերը:

Ասթմայի նոպայի ժամանակ բրոնխիոլի էպիթելային ծածկն ուռչում է, որը բերում է շնչուղիների նեղացման եւ թոքեր մտնող ու այնտեղից դուրս եկող  օդի հոսանքի կրճատման: Ասթմայի կրկնվող նոպաները հաճախ անքնություն եւ ցերեկվա ժամերին հոգնածություն են առաջացնում:

Ասթմայով հիվանդները վերջնականապես չեն կարող առողջանալ, սակայն պատշաճ ախտորոշման եւ բուժման (մասնավորապես՝ ինհալյացիոն կորտիկոստերոիդների կիրառման) շնորհիվ հիվանդությունը կարելի է վերահսկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է