• Latest news

Ճանաչենք հիվանդությունները. Շագանակագեղձի քաղցկեղ

2 մայիսի, 2017  21:20

Դուք հավանաբար որոշ հիվանդությունների մասին ոչ մի անգամ չեք լսի, եթե, իհարկե, բժիշկ չեք: Սակայն կան հիվանդություններ, որոնց կարող է յուրաքանչյուրը բախվել, եւ չի կարելի դրանց մասին չիմանալ:

NEWS.am Medicine-ի նոր խորագրի ներքո մենք ներկայացնում ենք այն հիվանդությունները, որոնց մասին յուրաքանչյուրը պետք է իմանա, որպեսզի պատկերացում կազմի, թե դրանք իրենցից ինչ վտանգ են ներկայացնում, ինչպես կարելի է պաշտպանվել եւ ինչ պետք է անել, եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք:

Այսօրվա թեման շագանակագեղձի քաղցկեղն է: NEWS.am Medicine-ը թեմայի շուրջ զրուցեց ուրոլոգ Հրաչիկ Պետրոսյանի հետ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում շագանակագեղձի քաղցկեղը

Շագանակագեղձի քաղցկեղը չարորակ նորագոյացություն է, որն առաջանում է շագանակագեղձի հյուսվածքներում: Քաղցկեղի այս տեսակի դեպքում մետաստազները տարածվում են արյունատար եւ ավշային ուղիներով, ավելի հաճախ՝ դեպի թոքեր, լյարդ, ոսկրեր, նաեւ ավշահանգույցներ:

Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից է: Աշխարհում ամեն տարի գրանցվում է շագանակագեղձի քաղցկեղի ավելի քան 400 հազար դեպք: Որոշ երկրներում շագանակագեղձի քաղցկեղը օնկոլոգիական հիվանդությունների թվում 2-3-րդ տեղն է զբաղեցնում՝ իր տարածվածությամբ զիջելով միայն թոքերի քաղցկեղին եւ որոշ դեպքերում՝ կոլորեկտալ քաղցկեղին:

Ախտանիշներ

Հրաչիկ Պետրոսյանը նշեց, որ որոշ դեպքերում շագանակագեղձի քաղցկեղը կարող է երկար ժամանակ զարգանալ առանց որեւէ ախանիշի: Այլ դեպքերում կարող է դրսեւորվել ինչպես շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան՝ հիվանդի մոտ կարող է միզելու հաճախակի ցանկություն առաջանալ, միզապարկի ոչ լրիվ դատարկվելու զգացողություն, միզելու դժվարություն, ցավի զգացողություն շեքում:

Վտանգի գործոններ

Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականության մեծացման վտանգի գործոններին են վերաբերում՝

  • Տարիքը. հիվանդների ավելի քան 75 տոկոսը, ում մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել, 65 տարեկանից մեծ տղամարդիկ են: Երիտասարդները քաղցկեղի այս տեսակով հազվադեպ են հիվանդանում;
  • Ժառանգական հակվածությունը. այն տղամարդկանց շրջանում, ում հարազատներից հիվանդացել են շագանակագեղձի քաղցկեղով, քաղցկեղի այս տեսակի առաջացման հավանականությունը մի քանի անգամ մեծ է, քան նրանց, ովքեր այս հիվանդությամբ հարազատներ չեն ունեցել;
  • Արտաքին միջավայրը. ճառագայթումը, աշխատանքային վնասակար պայմանները նույնպես վտանգի լուրջ գործոն են համարվում;
  • Կարծիք կա նաեւ, որ կենսակերպը եւ սնվելու առանձնահատկությունները նույնպես դերակատարում ունեն: Մասնավորապես՝ համարվում է, որ ոչ առողջ սնունդը, որը կենդանական շատ ճարպ է պարունակում, մեծացնում է շագանակագեղձի առաջացման հավանականությունը:

Ախտորոշում

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման հիմնական մեթոդներից մեկը PSA թեստն է (շագանակագեղձային յուրահատուկ հակածինի մակարդակի հետազոտությունը): Սա արյան պարզ անալիզ է, որի արդյունքով մասնագետը կարող է ենթադրել, որ հիվանդը ռիսկի խմբում է կամ նա արդեն առողջական խնդիրներ ունի: Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման համար օգտագործվում է նաեւ  մատնային ռեկտալ հետազոտումը, տրանսռեկտալ էխոգրաֆիան, անհրաժեշտության դեպքում շագանակագեղձի բիոպսիան, որի տվյալները կարող են հաստատել կամ հերքել նորագոյացության առկայությունը:

Բուժում

Ուրոլոգը նշեց, որ շագանակագեղձի քաղցկեղի բուժումը կախված է հիվանդի վիճակից եւ հիվանդության բարձիթողությունից: Նախնական փուլերում, մետաստազների բացակայության դեպքում, որպես կանոն, կատարվում է շագանակագեղձի հեռացում՝ ռադիկալ պրոստատէկտոմիա: Անհրաժեշտության դեպքում օգտագործվում են բուժման նաեւ այլ մեթոդներ, այդ թվում՝ ճառագայթային եւ հորմոնալ թերապիա:

Ավելի ուշ փուլերի դեպքում բուժումն ընտրվում է հիվանդի վիճակին եւ մետաստազների տեղակայմանը համապատասխան:

Կանխատեսումները կախված են այն հանգամանքից, թե ուռուցքը երբ է հայտնաբերվել եւ բուժումը որքան արագ է սկսվել. ինչպես քաղցկեղի մյուս տեսակների դեպքում, կանխատեսումներն ավելի բարվոք են այն հիվանդների դեպքում, ում մոտ ուռուցքը վաղ փուլում է հայտնաբերվել, եւ բուժումն սկսվել է անհապաղ: Բարձիթողի դեպքերում բուժման արդյունավետությունը ավելի փոքր է:

Վերջաբանի փոխարեն

Շագանակագեղձի քաղցկեղը բավականին տարածված եւ ծանր հիվանդություն է, իսկ կանխատեսումը կախված է հիվանդության փուլից. ինչպես արդեն վերեւում նշվեց, բուժումը որքան վաղ է սկսվում, այնքան բարենպաստ ելքի հավանականությունը մեծ է: Հատկապես այս պատճառով մասնագետները 45-50 տարեկանից մեծ բոլոր տղամարդկանց խորհուրդ են տալիս գոնե մեկ անգամ PSA թեստ հանձնել: Այն տղամարդիկ, որոնց ազգականների մոտ շագանակագեղձի քաղցկեղ եղել է, խորհուրդ է տրվում այս թեստը պարբերաբար տարին մեկ անգամ հանձնել: Խորհուրդ է տրվում թեստի հանձնումը սկսել 10 տարի առաջ այն ժամանակից, երբ մերձավոր ազգականի մոտ քաղցկեղ է ախտորոշվել. օրինակ՝ եթե տղամարդու մոտ շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերվել է 50 տարեկանում, ապա նրա որդուն խորհուրդ է տրվում ամեն տարի PSA թեստ հանձնել 40 տարեկանից սկսած:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել