• Latest news

Կրծքի իմպլանտները կարող են լիմֆոմայի հազվագյուտ տեսակի պատճառ դառնալ

16 մայիսի, 2017  23:42

2017 թվականի մարտին ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղերի վերահսկողության վարչությունը (Food and drug administration) նշել է լիմֆոմայի հազվագյուտ տեսակի՝ անապլաստիկ խոշորբջջային լիմֆոմայի հետեւանքով մահվան 9 դեպքերի մասին, որի առաջացման պատճառը կրծքի իմպլանտներն են:

Այն մասին, որ կրծքի իմպլանտները կարող են լիմֆոմայի հատուկ տարատեսակ առաջացնել, սկսել են գրել 1990-ական թվականների կեսից: Հետազոտողները հոդվածներ են հրապարակել առանձին դեպքերի մասին, սակայն չէր հաջողվում հիվանդությունների եւ իմպլանտների միջեւ կապը ստույգ ապացուցել: Եվ միայն վերջերս է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջնականապես որոշել, որ կարելի է կրծքի իմպլանտներով կանանց մոտ առաջացող անապլաստիկ խոշորբջջային լիմֆոման առանձին հիվանդություն համարել: Քաղցկեղային բջիջները գտնվում են իմպլանտի շուրջը եղած հեղուկի մեջ. դրանք առաջանում են իմունային համակարգի բջիջներից, եւ հենց սա է հիվանդությունը տարբերակում կրծքագեղձի քաղցկեղից:

Այսպիսի իմպլանտներ ունեցող կանանց մոտ կարող է ոչ մի ախտանիշ չառաջանալ մինչեւ որոշակի ժամանակ, սակայն հետո առաջանում է ցավոտ այտուց, հեղուկի կուտակում է զգացվում եւ կարող են կրծքի մեջ կամ թեւատակին «ելունդներ» ձեւավորվել:

Այսօր եղած տվյալների համաձայն՝ անապլաստիկ խոշորբջջային լիմֆոմայի առաջացման հավանականությունը իմպլանտներ ունեցող կանանց շրջանում փոքր է: ԱՄՆ-ում եւ Եվրոպայում տեքստուրային իմպլանտներով (անհարթ մակերեւույթով իմպլանտներ. լիմֆոման հիմնականում առաջանում է այն դեպքում, երբ իմպլանտը հենց այսպիսին է) 30 հազար կանանց հաշվարկով մեկ դեպք է, Ավստրալիայում՝ անհասկանալի պատճառներով մեկ դեպք 10 հազար կամ նույնիսկ 1000 կանանց հաշվարկով: Եվ չնայած այս հավանականությունը փոքր է թվում, հարկ է հաշվի առնել, որ ավելի ու ավելի մեծ թվով կանայք են իմպլանտների միջոցով կուրծքը մեծացնում: Ներկայումս ԱՄՆ-ում նման միջամտության է ենթարկվում տարեկան 400 հազար կին:

Ոչ մեկը ճշգրիտ չգիտի, թե ինչու են իմպլանտները լիմֆոմա առաջացնում, սակայն գիտնականները մի քանի ենթադրություններ ունեն: Լիմֆոմայի մյուս տեսակներից շատերն առաջանում են մշտական բորբոքման ֆոնին: Տեքստուրային իմպլանտները մեծ մակերես ունեն, համապատասխանաբար բակտերիաների համար շատ տեղ կա, եւ նրանք կարող են թաղանթ ձեւավորել, որը բորբոքում է առաջացնում: Իսկ բորբոքումն, իր հերթին, լիմֆոմա է առաջացնում: Սովորաբար սա տեղի է ունենում վիրահատությունից հետո 8-10 տարի անց, սակայն կարող է առաջանալ 2-ից միչեւ 32 տարում:

Քանի որ լիմֆոմայի այս տարատեսակն այդքան հազվագյուտ է, մասնագետներն առայժմ մինչեւ վերջ չեն հասկանանում, թե այն ինչպես ավելի լավ բուժեն: Միայն 2016 թվականի վերջին  է ամերիկյան Ազգային համընդհանուր օնկոլոգիական ցանցը համապատասխան ձեռնարկ թողարկել (2017 թվականին տեքստը թարմացվել է): Հայտնի է, որ նման լիմֆոմայի դեպքերի մեծ մասը կարելի է բուժել, բայց քանի որ մինչ օրս դրա մասին ոչ բոլոր բժիշկներն են տեղյակ, երբեմն ախտորոշումը չափազանց ուշ է կատարվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել