• Latest news

Հայաստանում ամեն տարի 450 զույգ երկվորյակ եւ 20 եռյակ է ծնվում

17 մայիսի, 2017  15:32

Հայաստանում ամեն տարի 450 զույգ երկվորյակ եւ 20 եռյակ է ծնվում: 2015 թվականին, օրինակ, երկրում գրանցվել է 503 բազմապտուղ հղիություն, որոնց արդյունքում ծնվել է 484 զույգ երկվորյակ եւ 19 եռյակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը:

Մասնագետի խոսքով՝ ավելի հաճախ հանդիպում են երկվորյակներով եւ եռյակներով բազմապտուղ հղիությունները: Ավելի մեծ թվով պտուղներ շատ հազվադեպ են լինում: 2016 թվականի սեպտեմբերին եզակի դեպք է գրանցվել՝ 27-ամյա Մարիամ Թունյանը քառյակ է լույս աշխարհ բերել՝ բեղմնավորված բնական ճանապարհով, առանց վերարտադրողական որեւէ տեխնոլոգիայի կիրառման:

Մյուս եզակի դեպքը գրանցվեց ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ՝ մայիսի 3-ին, Երեւանում ծնվեց հնգյակ, որոնք, ծնողների խոսքով, նույնպես բնական ճանապարհով են բեղմնավորվել: Ցավոք, երեխաներից երեքը ողջ չմնացին, իսկ ողջ մնացած 2 աղջիկները դեռեւս վերակենդանացման բաժանմունքում են:

Մասնագետների խոսքով՝ բազմապտուղ հղիությունը մարդու մոտ հաճախ գրանցվող երեւույթ չէ՝ ի տարբերություն կենդանիների: Բազմապտուղ հղիության հավանականությունը մի շարք գործոններից է կախված, որոնց թվում են մոր տարիքը (որքան կինը մեծ է, այնքան մեծ է բազմապտուղ հղիության հավանականությունը), ռասան (հետաքրքիր է, որ աֆրիկական ժողովուրդների շրջանում այսպիսի հղիություններն ավելի հաճախ են հանդիպում, քան ասիական) եւ ընտանիքի հիվանդությունների պատմության մեջ բազմապտուղ հղիության առկայությունը:

Հետաքրքիր է, որ անցյալում բազմապտուղ հղիություններն ավելի հազվադեպ էին պատահում, քան այսօր. այն ժամանակից ի վեր, ինչ բժշկության մեջ սկսել են կիրառվել օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ, բազմապտուղ հղիությունների հաճախականությունը զգալիորեն մեծացել է: Աշխարհում միաձու բազմապտուղ հղիության հաճախականությունը կազմում է 1000 ծնունդից 4:

Բազմապտուղ հղիությունը պատկանում է բարձր վտանգավորության հղիություններին՝ կապված միապտուղ հղիության համեմատությամբ բարդությունների մեծ հաճախականության հետ: Քանի որ այսպիսի հղիության արդյունքում ծնվող երեխաներն առավել հաճախ փոքր կամ շատ փոքր քաշ ունեն եւ ծնվելիս ոչ միշտ են լիարժեք հասունացած լինում, բավականին հաճախ են տարբեր խնդիրների եւ հիվանդությունների բախվում: Կարինե Կույումջյանը նշեց, որ ողջ են մնում ոչ բոլոր երկվորյակները եւ եռյակները, սակայն Հայաստանում, ցավոք, չկա նրանց ողջ մնալու վիճակագրություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել