• Latest news

Աբորտն ընդդեմ հակաբեղմնավորիչների. ո՞րն է առողջության համար ավելի վտանգավոր

18 մայիսի, 2017  22:34

Շատերը դեռեւս չեն վստահում հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդներին եւ այն նույնիսկ «համաշխարհային դավադրության» մաս են համարում, որը ծնելիությունը կրճատելու նպատակ է հետապնդում: Դրա հետ մեկտեղ, այս մարդկանց մեծամասնությունը աբորտն ընտանիքի պլանավորման միանգամայն ընդունելի մեթոդ է համարում:

NEWS.am Medicine-ը փորձեց պարզել, թե կնոջ առողջության համար ի՞նչն է ավելի վտանգավոր՝ աբո՞րտը, թե՞ հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդները, այդ թվում՝ հակաբեղմնավորման հորմոնալ հաբերը: Այս հարցում մեզ օգնեց գինեկոլոգ Նելլի Ավագյանը:

Հակաբեղմնավորում

Հակաբեղմնավորման բոլոր ժամանակակից մեթոդներն, ընդհանուր առմամբ, առողջության համար անվտանգ են, եթե, իհարկե, ճիշտ օգտագործվեն եւ ըստ նշանակության, պնդեց գինեկոլոգը: Որոշ մեթոդներ ընդհանրապես վտանգ չեն պարունակում. դրանց են, օրինակ, պատկանում պահպանակները: Եթե զուգընկերները լատեքսի նկատմամբ ալերգիա չունեն, ինչից պատրաստված են պահպանակները, ապա դրանց օգտագործումը առողջության համար միանգամայն անվտանգ է:

Ներարգանդային պարույրը նույնպես միանգամայն անվտանգ է, եթե, իհարկե, այն ճիշտ են տեղադրել, եւ եթե կինն առողջ է՝ ոչ մի բորբոքային եւ այլ հիվանդություններ չունի: Պարույրն ապահովում է անցանկալի հղիությունից գրեթե 100-տոկոսանոց պաշտպանություն: Իհարկե, կա արտարգանդային հղիության փոքր հավանականություն, ուստի մինչեւ պարույրի տեղադրումը, բժիշկը պետք է ծանոթանա կնոջ հիվանդության պատմության հետ եւ համոզվի, որ նա լիովին առողջ է ու ռիսկի խմբի մեջ չի մտնում:

Մասնագետը նշեց, որ հորմոնալ հակաբեղմնավորիչները նույնպես, ընդհանուր առմամբ, անվտանգ են՝ կրկին այն պայմանով, որ ճիշտ ընտրվեն: Նախքան հորմոնալ հակաբեղմնավորիչ ընդունել սկսելը, կինը պետք է մի շարք հետազոտություններ կատարի, եւ եթե ոչ մի հակացուցում չլինի (35-36-ից բարձր տարիք, նյութափոխանակության խնդիրներ, արյան մակարդելիության խնդիրներ, օնկոլոգիական հիվանդությունների հակվածություն եւ այլն), մասնագետը կարող է նրա համար դեղամիջոց ընտրել, որն առանց առողջության համար լուրջ վտանգների կօգնի կանխել անցանկալի հղիությունը:

Աբորտներ

«Տնային» պայմաններում կատարված աբորտները բազմաթիվ վտանգներ ունեն: Դրանց համեմատությամբ՝ բուժհաստատությունում կատարված աբորտն ավելի անվտանգ է, սակայն, ինչպես նշեց մասնագետը, մշտապես կա արյունահոսության, արգանդը վնասելու վտանգ, ինչպես նաեւ առողջության, կնոջ կյանքի եւ ֆերտիլության համար մի շարք այլ վտանգներ:

Դրանից բացի, աբորտից հետո էապես աճում է որոշ հիվանդությունների առաջացման հավանականությունը, որոնց թվին են պատկանում մաստոպատիան եւ կրծքագեղձի այլ հիվանդությունները, հորմոնալ համակարգի խանգարումները, անպտղությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել