• Latest news

Ինչո՞ւ է սրտի բնածին արատները կարեւոր ախտորոշել մինչեւ երեխայի ծնունդը

20 մայիսի, 2017  17:00

Նախկինում երեխայի բնածին արատների մասին հնարավոր էր իմանալ միայն նրա ծնվելուց հետո, իսկ այսօր, նման խնդիրների մեծամասնության, այդ թվում սրտի արատների մասին հնարավոր է իմանալ դեռ հղիության ժամանակ, հասարակ ուլտրաձայնային հետազոտության օգնությամբ։ Ինչո՞ւ է սրտի արատները կարեւոր ախտորոշել դեռ մինչեւ երեխայի ծնվելը։ Այս մասին մեզ պատմել է պրենատալ ախտորոշման աշխարհահռչակ մասնագետ, պտղի էխոկարդիոգրաֆիայի հիմնադիրներից մեկը՝ Ֆիլիպ Ջենթին, որը հիմա Երեւանում է։

Շատ հաճախ, ինչպես բացատրեց մասնագետը, սրտի բնածին արատները տեսանելի չեն անզեն աչքով՝ նման արատով երեխան կարող է լույս աշխարհ գալ ու չունենալ որեւէ ախտանշան, որով բժիշկը կարող է նրա մոտ խնդիր կասկածել։ Ծնվելուց մի քանի օր անց նման երեխային կարող են դուրս գրել, իսկ տանը որոշ ժամանակ անց հիվանդությունը կարող է անսպասելիորեն զգացնել տա իրեն։ Ու այդ ժամանակ կարող է արդեն չափից ուշ լինել նրան որեւէ կերպ օգնելու համար։

Ֆետալ էխոկարդիոգրաֆիայի շնորհիվ մասնագետները կարող են դեռ հղիության ժամանակ տեսնել սրտի բնածին արատները ու հասկանալ՝ արդյոք այդ արատները համատեղելի են կյանքի հետ։ Եթե այո, ուրեմն մասնագետները պատրաստ կլինեն անհրաժեշտ օգնություն ցուցաբերել երեխայի ծնվելուց անմիջապես հետո։

Ֆիլիպ Ջենթին նշեց, որ եթե մասնագետները նախապես գիտեն, որ երեխան սրտի արատով է ծնվելու, նրանք կնոջը կուղարկեն ծննդաբերելու խոշոր բուժկենտրոն, որտեղ կա եւ վերակենդանացման բաժանմունք, եւ վիրաբույժներ, եւ սրտաբաններ, ու որտեղ երեխան կկարողանա ստանալ անհրաժեշտ բուժում ու խնամք։ Մասնագետների խոսքով, ցանկալի է, որ սրտի արատով երեխաները ծնվեն հենց խոշոր բուժկենտրոններում, չէ որ նրանց տեղափոխությունը մի հիվանդանոցից մյուսը կարող է մի շարք ռիսկերի հետ կապակցված լինել։

«Երեխային որեւէ տեղ տեղափոխելու լավագույն տարբերակը մոր արգանդում տեղափոխելն է։Եթե երեխային տեղափոխեք արդեն ծնվելուց հետո, ապա կարող են առաջանալ ուղեղի հետ խնդիրներ, գաստրոէնտերոլոգիական եւ այլ խնդիրներ, որոնք կբարդացնեն նրա տեղափոխությունը։ Երեխան պետք է հայտնվի խոշոր բուժկենտրոնում, երբ դեռ մոր արգանդում է», - ասաց Ֆիլիպ Ջենթին։

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Մանկաբարձության ու գինեկոլոգիայի բնագավառում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի ղեկավար Կարինե Թոխունցը նշեց, որ ամբողջ աշխարհում ու Հայաստանում նույնպես սրտի բնածին արատներ հանդիպում են 1000 նորածիններից մոտ 9-10-ի մոտ։ Այսինքն եթե Հայաստանում տարեկան ծնվում է 40-45 հազար երեխա, ուրեմն նրանցից 400-450-ի մոտ ախտորոշվում է սրտի արատ։

Սրտի արատները, մասնագետի խոսքով, իրենց տարածվածությամբ երրորդ տեղում են բոլոր բնածին արատների շրջանում, սակայն 1-ին տեղում են մահացությամբ։

Այսօր աշխարհի զարգացած երկրներում ձգտում են սկրինինգային հետազոտությունները, որոնք թույլ են տալիս պտղի մոտ բացահայտել սրտի ու մյուս արատները, հղիության երկրորդ եռամսյակից առաջին տեղափոխել, որպեսզի խնդիրների մեծ մասի մասին հնարավոր լինի իմանալ հղիության 12-14 շաբաթվա ընթացքում։ Բժշկուհի Թոխունցի խոսքով, շատ շուտով նման հետազոտությունները վաղ ժամկետներում հնարավոր կլինի անել նաեւ Հայաստանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է