• Latest news

Ինչպե՞ս կարող են արդյունավետությունը կորցրած հակաբիոտիկները պայքարել սուպերբակտերիաների դեմ

25 մայիսի, 2017  19:00

Սուպերբակտերիաները կարելի է ոչնչացնել ոչ միայն նոր հակաբիոտիկների միջոցով, որոնց այս բակտերիաները ծանոթ չեն, այլեւ մի քանի հին դեղամիջոցների համակցությամբ, որոնք իրենց արդյունավետությունը կորցրել են: Այս մասին հայտնում են University at Buffalo-ի գիտնականները:

Նրանց կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ հակաբիոտիկային երեք դեղամիջոցների համակցությունը, որոնցից յուրաքանչյուրն առանձին-առանձին չի կարողացել հաղթահարել հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստենտ միկրոօրգանիզմները, արդյունավետորեն ոչնչացրել է վեցից երկու ախտածիններին, որոնք մտնում են առանձնապես վտանգավոր ESKAPE բակտերիաների ցանկի մեջ (դրանք են՝ Enterococcus faecium, Staphylococcus aureus, Klebsiella pneumoniae, Acinetobacter baumannii, Pseudomonas aeruginosa եւ Enterobacter բակտերիաները, որոնք բոլորը մահացու վտանգավոր են, տարեկան վարակում են 2 մլն-ից ավելի մարդու, որոնցից 23 հազարը մահանում է):

Klebsiella pneumoniae եւ Acinetobacter baumannii ախտածինների դեմ պայքարի վերաբերյալ հետազոտությունների հեղինակ Բրայան Ցուժին նշել է, որ ESKAPE ցանկի բակտերիաները չափազանց լուրջ խնդիր են, քանի որ կայունություն են մշակել գրեթե բոլոր հայտնի հակաբիոտիկների նկատմամբ: Գիտնականի խոսքով՝ դրանք հաղթահարելու համար անհրաժեշտ է փոխել մտածողության եղանակը:

Դոկտոր Ցուժիի եւ նրա գործընկերների կատարած երկու հետազոտություններն էլ հրապարակվել են 2017 թվականի գարնանը: Դրանցում գիտնականներն ապացուցել են, որ հակաբիոտիկների համակցության եռակի ազդեցությունը կարող է սուպերբակտերիաների դեմ պատերազմի նոր զենք դառնալ:

Հակաբիոտիկների համանման համակցությունները հաճախ են օգտագործվում հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստենտ բակտերիաների դեպքում, սակայն համադրության ճշգրիտ չափաքանակի եւ բաղադրության հարցերը բավականին բարդ են: Գիտնականները ստուգել են պոլիմիկսին B-ի, մերոպենեմի եւ սուլբակտամի հետ ամպիցիլինի ազդեցությունը Acinetobacter baumannii-ի վրա, իսկ Klebsiella pneumoniae-ի վրա՝ պոլիմիկսին B-ի, մերոպենեմի եւ ռիֆամպինի ազդեցությունը: Յուրաքանչյուր համակցությունից ամեն մի հակաբիոտիկն այնպես է ընտրվել, որ  իր «գործընկերներին» լրացնի: Հակաբակտերիալ դեղամիջոցները բակտերիաների վրա տարբեր կերպ են ազդում, իսկ միանգամից մի քանի կողմից գրոհը կարող է «խորամանկել» միկրոօրգանիզմներին եւ նրանց կենսունակ մնալու հնարավորություն չտալ:

Հակաբիոտիկների արդյունավետությունը համալիր է ստուգվել՝ մեկական, տարբեր համակցություններով երկուական եւ միանգամից երեքական: Գիտնականներն առաջինը չափել են այն ժամանակը, որը հակաբիոտիկներին անհրաժեշտ է ախտածիններին ոչնչացնելու համար, երկրորդ՝ ժամկետը, որի ընթացքում բակտերիաները  վերականգնում են իրենց պոպուլյացիան: Acinetobacter baumannii-ով թեստերը ցույց են տվել, որ երեք հակաբիոտիկներից ոչ մեկն ընդունակ չէր ինքնուրույն հաղթահարելու վնասատու միկրոօրգանիզմները: Զույգերից արդյունավետ է եղել պոլիմիկսին B-ի եւ մերոպենեմի համակցությունը, սակայն 3 օր հետո բակտերիաների պոպուլյացիան նույն չափերին է հասել, որն ունեցել է մինչեւ հակաբիոտիկների ազդեցությունը: Եռակի համակցությանը սուլբակտամով ամպիցիլինի հավելումը խոչընդոտել է բակտերիաների աճին, եւ 96 ժամում ախտածինների թիվը չի ավելացել:

Klebsiella pneumoniae-ի վրա հակաբիոտիկները միայնակ նույնպես չեն ազդել, իսկ միաժամանակ պոլիմիկսին B-ի եւ ռիֆամպինի ներգործությունից հետո գաղութն արդեն 30 ժամ հետո հետաճ է ունեցել: Այս դեպքում մերոպենեմը նվազեցրել է բակտերիաների կայունությունը պոլիմիկսին B-ի եւ ռիֆամպինի նկատմամբ, եւ Klebsiella pneumoniae-ներն իրենց պոպուլյացիան վերականգնել են միայն 72 ժամ հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է