• Latest news

Ներառական դպրոցի շրջանավարտը մտադիր է ծրագրավորող դառնալ (ֆոտո)

26 մայիսի, 2017  12:55

Դանիել Հակոբյանն 8 տարեկան էր, երբ նրան փոխադրեցին Մոնթե Մելքոնյանի անվան դպրոց: Հիմա արդեն 16 տարեկան է, այսօր ավարտում է հիմնական դպրոցը, բայց այդ առաջին օրը, իր իսկ խոսքով, երբեք չի մոռանա:

Այդ օրը փոքր-ինչ հուզված էր, քանի որ պետք է հեռանար սովորական դարձած միջավայրից ու նոր դպրոց հաճախեր, անծանոթ երեխաներով լի դասարան: Չնայած ոչ բոլորն էին անծանոթ. նա ընկերներ ուներ իրենց բակից: Նրանք վստահեցնում էին, որ իրենց դասարանում իրեն լավ ու հարմարավետ կզգա: Եվ ճիշտ էին: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Դանիելը պատմեց, որ իրեն շատ լավ են դիմավորել: Ասում է՝ ոչ ոք իրեն օտարի նման չէր վերաբերվում, եւ Դանիելն արագորեն ընկերանում է նոր համադասարանցիների հետ:

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցը ներառական է դարձել 2008 թվականին, եւ այսօր այստեղ հաշմանդամություն ունեցող 33 աշակերտ է սովորում: Դանիելը, սակայն, իր դասարանում հաշմանդամություն ունեցող միակ աշակերտ էր:

Դանիելն ի ծնե հենաշարժողական ապարատի հետ կապված խնդիրներ ունի, բայց չնայած դրան, ուսուցիչների հավաստմամբ, լավ է սովորում: Պատանին խոստովանում է, որ ամենաշատը քիմիա առարկան է սիրում, բայց չի պատրաստվում քիմիկոս դառնալ: Ուզում է Պոլիտեխնիկական համալսարանի վարժարանում սովորել, իսկ հետագայում ծրագրավորող դառնալ:

«Հիմա համակարգիչների ու տեղեկատվական տեխնոլոգիաների դար է, կարծում եմ՝ դա է ապագան: Ես արդեն մի քիչ հասկանում եմ ծրագրավորումից, եւ եթե կարողանամ լավ կրթություն ստանալ ու ծրագրավորող դառնալ, հրաշալի կլինի»,- ասաց Դանիելը:

Այսօր վերջին օրն է, որ Դանիելն ու համադասարանցիները կարող են միասին անցկացնել: Վաղվանից նրանց ճանապարհները կբաժանվեն. ոմանք վարժարան կգնան, ոմանք՝ այլ ավագ դպրոց: Սակայն, Դանիելի խոսքով, ամեն ինչ կանեն, որպեսզի կապը չկորցնեն:

«Ընկերությունն ամենակարեւոր բանն էր, որ կար դպրոցում: Պատրաստվում ենք մինչեւ սեպտեմբեր հանդիպել»,- պատմեց Դանիելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել