• Latest news

«Էրեբունի» ԲԿ-ում կիրառում են ադենոմայի բուժման հեղափոխական մեթոդ, որը իմպոտենցիայի չի հանգեցնում

29 մայիսի, 2017  22:06

«Էրեբունի» ԲԿ-ում արդեն մեկ տարի է հաջողությամբ կիրառվում է շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (ադենոմայի) բուժման նոր հեղափոխական մեթոդ՝ ադենոմայի անոթների էմբոլիզացիա։ Այս ընթացքում բուժում, ընդ որում անվճար, ստացել են տարբեր տարիքի 10 տղամարդ, որոնք ունեին տարբեր աստիճանի ծանրության հիվանդություն՝ փոքր չափերի ադենոմայից սկսած մինչեւ մեծ գերաճ, որը հանգեցրել էր միզակապության ու կատետերիզացիայի հանգեցրել։

Լրագրողների հետ զրույցում «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը պարզաբանեց, որ դա պիլոտային ծրագրի նման մի բան էր, բուժկենտրոնում ուզում էին համոզվել, որ էմբոլիզացիան ադենոմայի դեպքում նույնքան արդյունավետ է, որքան արգանդի միոմայի ու լյարդի ուռուցքների դեպքում։ Նա հիշեցրել է, որ վերջին երկու վիրահատություններն արդեն մի քանի տարի է հաջողությամբ կիրառվոմ են բուժկենտրոնում ու լավ արդյունքներ ունեն։ Ադենոմայի անոթների էմբոլիզացիայի արդյունքները եւս ոգեւորող էին ու հիվանդանոցում հիմա կարող են համարձակորեն այն ներդնել ավելի լայն պրակտիկայի մեջ։ Այդ բուժակարգը կրկնակի թանկ է, քան բուժման ավանդական մեթոդները, բայց արդարացնում է իր արժեքը։

Էմբոլիզացիայի հիմնական առավելությունները շագանակագեղձի ադենոմայի հեռացման ավանդական վիրահատական մեթոդների համեմատ (տրանսուրետրալ ռեզեկցիա, էնդոսկոպիկ ռեզեկցիա, բաց վիրահատություն) այն է, որ էմբոլիզացիան բացարձակապես տրավմատիկ չէ, արվում է առանց անեսթեզիայի, հիվանդը վիրահատությունից մի քանի ժամ հետո արդեն ոտքի է կանգնում ու դուրս գրվում հաջորդ օրը։ Միզարձակման ֆունկցիան մի քանի օրվա ընթացքում կարգավորվում է։ Բայց ամենակարեւորը ՝ նման միջամտությունը չի հանգեցնում սեռական խնդիրների առաջացմանը՝ իմպոտենցիայի, մինչդեռ բուժման ավանդական մեթոդների դեպքում այդ ռիսկը բավականին մեծ է։

«Էրեբունի» ԲԿ-ի ինտերվենցիոն սրտաբան Արսեն Ծատուրյանը, որը այս մեթոդը սովորել է Պորտուգալիայում, պարզաբանեց, որ էմբոլիզացիան մի մեթոդ է, որի ժամանակ խցանում են ադենոման սնող անոթները։ Հիվանդի ազդրի վրայի անոթի մեջ կատետեր են մտցնում, որը տարվում է դեպի կոնքի անոթներ, կատետերի միջով շատ բարակ գործիքներ են մտցնում։ ԿՏ- անգիոգրաֆիայի միջոցով ՝ կոնտրաստի կիրառումով, որոշվում են բոլոր մանր անոթները, որոնք սնում են ուռուցքը, դրանց մեջ ներարկվում է միկրոգրանուլաներով հատուկ նյութ, որը փակում է անոթները։ Վիրահատությունը կարող է տեւել 40 րոպեից մինչեւ 2 ժամ՝ քանի դեռ չեն փակվում ադենոման սնող բոլոր մանր անոթները։ Ինչպես պատկերավոր կերպով նշեց Արսեն Ծատուրյանը, եթե պատկերացնենք, որ ուռուցքը խաղող է, ապա այդ բուժակարգից հետո այն կնճռոտում է ու դառնում չամիչ։ Դրա չափերը այնքան են փոքրանում, որ այն այլեւս հիվանդին ոչ մի անհանգստություն չի պատճառում։

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան շատ տարածված հիվանդությոն է տղամարդկանց շրջանում, որը հանդիպում է 50-ն անց տղամարդկանց ավելի քան 50 տոկոսի մոտ ու հանգեցնում է կյանքի որակի նվազմանը։ Այդ հիվանդության բուժումը հրատապ խնդիր է ամբողջ աշխարհում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել