• Latest news

Հայաստանում առաջնային օղակի բժիշկներին եւ նեղ մասնագետներին կսովորեցնեն ճանաչել հոգեկան խանգարումները

30 մայիսի, 2017  17:45

Հայաստանի առողջապահության նախարարությունը, Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցացիան եւ «Սանոֆի» դեղագործական ընկերությունը 2016 թվականի դեկտեմբերից շիզոֆրենիայով եւ դեպրեսիայով տառապող մարդկանց բուժման լավագույն հասանելիություն ապահովելու նպատակով համատեղ նախագիծ են իրականացնում Հայաստանում։ 3 տարի ժամկետով պետական-մասնավոր գործընկերությունը նախաձեռնել են Լեւոն Ալթունյանը, Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցացիայի նախագահ Թոմ Քրեգը եւ նախկին նախագահ Դրիս Մուսաուին, ինչպես նաեւ «Սանոֆի» ընկերության դեղերի մատչելիություն բաժանմունքի փոխնախագահ Ֆրանսուա Բոմպարը։

Մայիսի 30-ին Հայաստանի գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ համաձայնագիրը կնքվել է հաջողված պիլոտային նախագծի հիման վրա, որը Երեւանում իրականացվել է 2013-2015 թվականներին։ Տվյալ նախագծի թիրախում շիզոֆրենիան էր։ Այդ շրջանակում վերապատրաստվեցին առաջնային օղակի ավելի քան 50 մասնագետներ (ընտանեկան բժիշկներ, թերապեւտներ), ինչպես նաեւ ավելի քան 120 հոգեբույժներ։ Մոտ 150 հիվանդներ եւ նրանց ընտանիքներ հոգեբանական ինքնօգնության վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերեցին։

Այժմ նախագծի շրջանակն ընդլայնելու եւ դրանում նաեւ դեպրեսիայով տառապող մարդկանց ներառելու որոշում է կայացվել։ Սամվել Թորոսյնաը նշել է, որ այսօր դեպրեսիան մեծ սպառնալիք է ամբողջ մարդկությանը։ Երկրագնդի բնակչության շուրջ 56 տոկոսը տառապում է այդ հիվանդությամբ, սակայն նրանցից 80 տոկոսին համապատասխան ախտորոշում չի տրվել։ «Նրանք հոգեբույժի չեն դիմում, այդ պատճառով էլ շատ կարեւոր է առաջնային օղակի բժիշկների դերը, որոնք կարող են ժամանակին ախտորոշել այդ հիվանդությունն ու հիվանդին նեղ մասնագետի մոտ ուղարկել», - ասել է նա։

Նրա խոսքով՝ նոր ծրագիրը կներառի Հայաստանի երկու սահմանամերձ մարզերը՝ Տավուշի եւ Սյունիքի, երկրաշարժից տուժած Շիրակի եւ Լոռու մազրերը, ինչպես նաեւ Արմավիրի մարզը, որպեսզի համեմատական վերլուծություն իրականացնելու հնարավորություն լինի։ Նախագծում կներառվի նաեւ Արցախը։ Ծրագրվում է վերապատրաստել առաջնային բժշկական օղակի շուրջ 600 մասնագետի եւ 180 հոգեբույժի։ Ծրագրում կներառվեն նաեւ ծանր հիվանդություն ունեցող մարդկանց հետ առնչվող բժիշկները՝ ուռուցքաբաններ, սրտաբաններ, էնդոկրինոլոգներ, ինչպես նաեւ մանկաբարձ-գինեկոլոգներ, քանի որ այսօր հետծննդաբերական դեպրեսիան լուրջ խնդիր է։

Պրոֆեսոր Թոմ Քրեյգը հայտնել է, որ Սոցիալական հոգեբանության համաշխարհային ասոցիացիան աշխատում է երեք ուղղությամբ՝ հոգեբուժական օգնության համակարգի բարելավում, մասնագետների ավելի լայն շրջանակի վերապատրաստում եւ պայքար խարանի դեմ։

Դրիս Միսաուին, իր հերթին, նշել է, որ երկիրը չի կարող առաջընթաց ապրել առանց առողջության եւ որ հոգեկան խանգարումները երկրին ամենամեծ վնասն են հասցնում։ Շատ արդիական է խարանման խնդիրը, ինչի համար մարդիկ վարում են «չեմ տեսնում, չեմ լսում, չգիտեմ» քաղաքականությունը։ Սակայն խնդիրը վաղ փուլում հայտնաբերելու դեպքում հեշտությամբ կարելի է բուժել։ Հենց այդ պատճառով այժմ ավելի շատ շեշտադրվում են առաջնային օղակի մասնագետները, քան հոգեբույժները։ Նրանք պետք է իմանան եւ կարողանան ճանաչել հոգեկան խանգարումները։ 

Հանդիպմանը ներկա գտնվող Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն խոստացել է ամեն կերպ սատարել տվյալ նախաձեռնությանը՝ նշելով, որ Ֆրանսիան ու Հայաստանը լայնորեն համագործակցում են առողջապահության տարբեր ոլորտներում։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել