• Latest news

Նոր հակաբիոտիկը 25.000 անգամ ավելի հզոր է իր նախորդից

2 հունիսի, 2017  11:57

Քալիֆորնիական Scripps Research Institute-ի գիտնականները մոդիֆիկացրել են բավական հին հակաբիոտիկը՝ վանկոմիցինը. նրանք 25 հազար անգամ ուժեղացրել են դրա ազդեցությունը՝ դիմակայուն բակտերիաներին հաղթելու ունակություն հաղորդելով: Նրանց աշխատանքի արդյունքը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Վանկոմիցինը մշակվել է դեռեւս 1958 թվականին, ոսկեգույն ստաֆիլոկոկի եւ այլ վարակների դեմ պայքարի համար: Այն երկրորդ դասի դեղամիջոց էր համարվում եւ կիրառվում էր միայն այն ժամանակ, երբ պակաս հզոր հակաբիոտիկն արդյունք չէր տալիս: Դեղամիջոցը հազվադեպ էր օգտագործվում, այդ պատճառով դրա հանդեպ կայունություն բակտերիաները ձեռք են բերել բոլորովին վերջերս:

Քիմիկոսների մի քանի թիմեր մի քանի տարի շարունակ աշխատել են այս հակաբիոտիկի հետ: 2011 թվականին Scripps Research Institute-ից Դեյլ Բոջերի ղեկավարած թիմն այն նոր՝ D-ala-D-lac մոլեկուլի հետ կապելու միջոց է գտել: Մեկ այլ թիմ էլ բակտերիաների կողմից բջջային պատ կառուցելու գործընթացը դանդաղեցնելու միջոց է գտել, երրորդ խումբը՝ այդ պատերը պակաս ամուր դարձնելու միջոց, որպեսզի հակաբիոտիկն անցնի դրանց միջով ու ոչնչացնի բակտերիաները:

Հիմա Բոջերն ու նրա գործընկերները կարողացել են այս երեք դեղամիջոցները միավորել մեկում. վանկոմիցին 3.0-ն կապվում է զարգացած բակտերիաներին, քայքայում է դրանց բջջային պատերը եւ ներս թափանցում: Հետազոտողների հաշվետվության համաձայն՝ այն 25 հազար անգամ ավելի արդյունավետ է սկզբնական հակաբիոտիկից, որը նույնպես բավական հզոր է:

Փորձերը ցույց են տվել, որ բակտերիաները չեն կարողանում դիմակայել հակաբիոտիկին նույնիսկ 50 փուլով վերամշակումից հետո, մինչեւ այլ հակաբիոտիկների պարագայում բավարար է միայն մի քանի փուլը: Գիտնականները բացատրել են, որ բակտերիաները պարզապես չեն կարողանում գործողության երեք միջոցների դեմ պայքարի միջոց գտնել, ինչով էլ բացատրվում է նոր հակաբիոտիկի արդյունավետությունը:

Նոր դեղամիջոցը դեղատներում դեռեւս չի հայտնվի: Գիտնականները դեռ պետք է լաբորատոր փորձարկումները շարունակեն հենց բակտերիաների վրա, հետո՝ կենդանիների, եւ հետո միայն, հաջողության դեպքում, մարդկանց: Զուգահեռաբար պետք է հակաբիոտիկի պատրաստումն էժանացնելու միջոց գտնեն՝ զանգվածային արտադրություն սկսելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել