• Latest news

Գիտնականները հերքել են սեւ հացի օգտակարության եւ սպիտակի վնասակարության մասին առասպելը

9 հունիսի, 2017  11:54

Գիտնականները սեւ հացի օգտակարության եւ սպիտակի վնասակարության միանշանակ ապացույցներ չեն գտել, քանի որ թե՛ մեկ, թե՛ մյուս տեսակի հացի օգտագործման նկատմամբ մարդու օրգանիզմի ռեակցիան զգալիորեն տարբեր է, նշված է Cell Metabolism ամսագրում հրապարակված հոդվածում:

«Այս բացահայտումը հետաքրքիր է ոչ միայն այն պատճառով, որ բնակչության առողջության համար, հնարավոր է, շատ կարեւոր է, այլեւ այն պատճառով, որ մեզ փաստի առջեւ է կանգնեցրել՝ միեւնույն սննդին մարդիկ կարող են միանգամայն տարբեր կերպ արձագանքել: Մինչեւ այժմ մթերքների դիետիկ արժեքավորությունը միատեսակ էր համարվում բոլոր մարդկանց համար: Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, այս մոտեցման հիմքով դիետաները մշտապես ձախողվել են»,- հայտարարել է Ռեհովոթի (Իսրայել) Վայցմանի ինստիտուտից Էրան Էլինավը:

Վերջին տարիներին լրատվամիջոցներում հաճախ են հրապարակվում դիետոլոգների հայտարարություններ այն մասին, որ սպիտակ հացն ընդհանուր առմամբ մարդու առողջության համար վնասակար է, քանի որ ածխաջրեր շատ է պարունակում, իսկ բջջանյութ՝ քիչ, եւ նպաստում է դիաբետի ու ճարպակալման առաջացմանը: Սեւ հացը եւ թեփի հիմքով պատրաստվածը, հակառակը, օգտակար էր համարվում, քանի որ շատ էր պարունակում միկրոտարրեր, բուսական մանրաթելեր եւ այլ նուտրիենտներ:

Էլինավը եւ նրա գործընկերները 20 կամավորների խումբ են հավաքել, որոնցից կեսը համաձայնվել է 2 շաբաթ շարունակ սնվել միայն սեւ հացով, իսկ մյուսները՝ սպիտակ: Թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում կալորիաների գրեթե քառորդ մասը բաժին է ընկել հացին, իսկ սննդակարգի մնացյալ մասը կազմել են սովորական մթերքները: Մեկ ամիս հետո խմբերը տեղերը փոխել են եւ սկսել ուտել հացի մյուս տեսակը:

Գիտնականները հետեւել են կամավորների առողջական վիճակին՝ ստուգելով, թե նրանց արյան մեջ գլյուկոզայի, միկրոտարրերի եւ սպիտակուցների խտությունն ինչպես է փոխվել հացի դիետայի անցնելիս եւ հացից ամբողջությամբ հրաժարվելիս, հետեւել են նաեւ նրանց քաշի, ճնշման եւ ֆիզիոլոգիական այլ բնութագրերի փոփոխություններին:

Էլինավի խոսքով՝ այս դիտարկումներով անսպասելի արդյունքներ են ստացվել. ստացած տվյալների առաջին վերլուծությունը ցույց է տվել, որ սպիտակ եւ սեւ հացը օրգանիզմի աշխատանքի վրա գրեթե միատեսակ է ազդել եւ գրեթե չի փոխել այն, թե կամավորների օրգանիզմում ինչպես է կատարվել նյութափոխանակությունը:

Փորձի նման արդյունքներից զարմացած՝ իսրայելցի կենսաբանները համեմատել են, թե տարբեր կամավորների օրգանիզմն ինչպես է արձագանքել սպիտակ եւ սեւ հացին: Պարզվել է, որ ցորենի եւ աշորայի ալյուրին արձագանքը շատ տարբեր է: Դրա շնորհիվ որոշ կամավորների համար առավել օգտակար է եղել սպիտակ հացը, մյուսների՝ սեւը: Հետաքրքիրն այն է, որ ո՛չ մի, ո՛չ մյուս հացի օգտագործումը միկրոֆլորան չի փոխել, ինչը նախկինում կապում էին մարդու առողջության վրա սեւ հացի դրական ազդեցության հետ:

Գիտնականները դեռեւս չգիտեն տեղի ունեցողի պատճառը, սակայն ենթադրում են, որ սա կապված է միկրոֆլորայի մանրէների աշխատանքի տարբերությունների հետ, որոնք պատասխանատու են օսլայի, գլյուկոզայի եւ մյուս ածխաջրերի մշակման համար: Էլինավի եւ նրա գործընկերների կարծիքով՝ այս տարբերությունների բացահայտումը կօգնի հասկանալ, թե տարբեր խմբերի մարդկանց որ տեսակի հացն արժե ուտել եւ նրանց օրգանիզմի աշխատանքի առանձնահատկություններն ինչպես կազդեն այս կամ այն դիետաների հաջողության կամ անհաջողության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է