• Latest news

Հակաբիոտիկների հետեւանքով կողմնակի էֆեկտներ են առաջանում 20 տոկոս դեպքերում. հետազոտություն

15 հունիսի, 2017  16:40

Հակաբիոտիկներ ստացող հիվանդների 20 տոկոսի մոտ այս դեղամիջոցների հետ կապված կողմնակի էֆեկտներ են առաջացել: Ավելին՝ հենց հակաբիոտիկներն են «մեղավոր» դեղերի հետ կապված բոլոր կողմնակի էֆեկտների 20 տոկոսի առաջացման համար: Այս մասին նշված է Johns Hopkins University School of Medicine-ի (ԱՄՆ) գիտնականների կատարած հետազոտության մեջ:

Գիտնականները վերլուծել են 1500 հիվանդների տվյալները, որոնք ստացիոնարում են եղել միջինում 4 օրից ոչ պակաս եւ հոսպիտալացվելուց հետո առնվազն 24 ժամ հակաբիոտիկներ են ստացել: Առավել հաճախ կիրառվող հակաբիոտիկներն են 3-րդ սերնդի ցեֆալոսպորինները, վանկոմիցինը եւ ցեֆեպիմը: Հիվանդների միջին տարիքը 59 տարեկան էր, փորձի մասնակիցների 51 տոկոսը կանայք էին: Կիրառվող հակաբիոտիկների նկատմամբ ռեակցիաներին հետեւել են 30 օր՝ Clostridium difficile զուգակցված ինֆեկցիայի բուժումը սկսելուց հետո եւ 90 օր՝ բազմաթիվ դեղային կայունությամբ ինֆեկցիաների բուժումը սկսելուց հետո: Գիտնականները նման կողմնակի ռեակցիաներ են գրանցել աղեստամոքսային համակարգի կողմից, ինչպես նաեւ մաշկաբանական, ոսկրամկանային, արյունաբանական, սրտային, երիկամային, հեպատոբիլիար եւ նյարդաբանական կողմնակի ռեակցիաներ:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հիվանդների 20 տոկոսի մոտ (298) դիտվել է հակաբիոտիկների կիրառման նկատմամբ առնվազն մեկ կողմնակի ռեակցիա: Դրանից բացի, պարզվել է, որ հիվանդների 19 տոկոսը (297) ստացել են այնպիսի հակաբիոտիկներ, որոնք իրականում նրանց համար կլինիկական ցուցումներ չունեին: Այս հիվանդների 20 տոկոսի (56) մոտ նույնպես կողմնակի ռեակցիաներ են նկատվել:

Ընդհանուր առմամբ նշվել է հակաբիոտիկների հետեւանքով կողմնակի ռեակցիաների առաջացման 324 դեպք (21,6 տոկոս), որից 186 դեպք (57 տոկոս) տեղի է ունեցել բուժումը սկսելուց 30 օրվա ընթացքում, 138 դեպք (9,2 տոկոս)՝ 90 օրվա ընթացքում: Առավել տարածված կողմնակի ռեակցիաներից էին, որոնք առաջացել են 30 օրվա ընթացքում, աղեստամոքսային համակարգի (42 տոկոս), երիկամային (24 տոկոս) եւ արյունաբանական (15 տոկոս) ռեակցիաները: Դրանից բացի, հետազոտողները հայտնաբերել են, որ հակաբիոտիկային բուժման յուրաքանչյուր լրացուցիչ 10 օրը կողմնակի ռեակցիաների առաջացման հավանականությունը 3 տոկոսով մեծացրել է:

Հետազոտության հեղինակ դոկտոր Փրանիթա Թաման հատուկ ընդգծել է, որ չնայած ակնհայտ օգուտին, որը կարող է ապահովել հակաբիոտիկների գրագետ կիրառումը, անհրաժեշտ է ծանրութեթեւ անել դրանց նշանակման նպատակահարմարությունը եւ կուրսի երկարատեւությունը, որպեսզի դեղամիջոցների նկատմամբ կողմնակի ռեակցիաների առաջացման հավանականությունը նվազագույնի հասցվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել