• Latest news

Իսրայելի Առողջապահության նախարարությունը ոստիկանություն է դիմել Հայաստանի դիպլոմների հարցով. հայկական կողմը չի շտապում մեկնաբանել

21 հունիսի, 2017  19:45

Հայկական բժշկական բուհերը եւ Կրթության ու Առողջապահության նախարարությունները չեն շտապում մեկնաբանել իսրայելական The Marker պարբերականի հաղորդումն այն մասին, որ Իսրայելի ոստիկանությունը քննում է երկրի Առողջապահության նախարարության բողոքը` կապված այն փաստի հետ, որ Հայաստանում իսրայելցի ուսանողները, հնարավոր է, կեղծ բժշկական դիպլոմներ են ստանում:

Այսպես` առողջապահության նախարարությունից NEWS.am Medicine-ին հայտնեցին, որ դիպլոմները կրթության նախարարության պատասխանատվության ոլորտում են, կրթության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանն էլ խորհուրդ տվեց մեկնաբանության համար դիմել Երեւանի պետական բժշկական համալսարանին, չնայած Հայաստանում բժշկական դիպլոմներ են տալիս եւս մի շարք մասնավոր բուհեր:

Երեւանի պետական բժշկական համալսարանի մամուլի քարտուղար Շուշան Դանիելյանը խոստացավ վաղը մեկնաբանություն տալ, սակայն ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել. «Ոչ պետական բուհերի չկանոնակարգված գործունեությունը բերեց նրան, որ Հայաստանը դիտարկում են մի երկիր, որտեղ պարզապես արտադրվում են դիպլոմներ....»:

«Հայբուսակից», Հայկական բժշկական ինստիտուտից եւ Երեւանի Մեհրաբյանի անվան բժշկական իստիտուտից մեր զանգերին չպատասխանեցին:

Իսրայելական The Marker պարբերականի հաղորդմամբ` Իսրայելի ոստիկանությունը ստուգում է Առողջապահության նախարարության ներկայացրած բողոքը Հայաստանում տրամադրվող գիտական աստիճանների վերաբերյալ, որոնք, հնարավոր է, կեղծ են: Հաղորդվում է մի ամբողջ ինդուստրիայի գործունեության մասին, որը Հայաստան է տեղափոխում արաբ ուսանողներին, որոնք ձախողվել են անվանի համալսարաններում եւ ուսումն ավարտում են Հայաստանում:

Ինչպես պարբերականին հայտնել է Ատամնաբույժների ասոցիացիայի արաբական սեկտորի ղեկավար Փհարի Հասանը, Իսրայելում գործակալներ են գործում, որոնք գտնում են այն արաբ ուսանողներին, որոնք բժշկություն կամ ատամնաբուժություն են սովորում այնպիսի երկրներում, ինչպիսին են Հորդանանը, Գերմանիան կամ Իտալիան, եւ որոնց այդպես էլ չի հաջողվել ուսման առաջին կամ երկրորդ տարին ավարտել: Գործակալները (նույնպես արաբական հատվածից) ձախողված ուսանողներին առաջարկում են Հայաստան տեղափոխվել, որը ներառում է կեցավայրը եւ որոշակի վճարի դիմաց տեղական համալսարաններում սովորելը: Տարբեր տեղեկություններով` խոսքը 10 հազար եվրոյի մասին է:

Ուսանողները Հայաստան են ժամանում, որտեղ նրանց է սպասում այս ինդուստրիայի ներկայացուցիչը, նույնպես արաբ, որը հոգում է նրանց պահանջմունքները: Հաստատություններում, որտեղ նրանք ընդունվում են, նրանք պարտավոր չեն իրենց ձախողած դասընթացը վերահանձնել, ուսումը սկսում են միանգամից երկրորդ կամ երրորդ կուրսից եւ 5 տարվա հաջող ուսման դիպլոմ են ստանում: Դեռեւս պարզ չէ` նրանք այս համալսարաններում ընդհանրապես սովորում են, թե ոչ:

«Սա կոմերցիոն ընկերությունների ինդուստրիա է, որն աշխատում է Իսրայելում։ Նրանք ուսանողների մոտ հայտնաբերում են ցանկացած գնով բժիշկ կամ ատամնաբույժ դառնալու ցանկությունը, եւ այստեղ միլիոնավոր կեղծ սերտիֆիկատներ են պտտվում»,- Հասանին է մեջբերում The Marker-ը:

Պարբերականը նշում է, որ այս վկայությունների հիման վրա Իսրայելի Առողջապահության նախարարությունը արդեն մեկ տարուց ավելի չի հաստատում Հայաստանից վերադարձած հարյուրավոր ուսանողների դիպլոմները: Թողարկվել է նաեւ Առողջապահության նախարարության հատուկ զգուշացում Հայաստանում կրթություն ստանալ ցանկացող ուսանողների համար, որ նրանց դիպլոմները, հնարավոր է, Իսրայելում չճանաչվեն:

Իսրայելական պարբերականը նշում է, որ Հայաստանի իշխանությունները նույնպես վերջերս սկսել են այս հարցի քննությունը՝ իսրայելցիների եւ արաբական երկրներից ուսանողների մեծ հոսք հայտնաբերելուց հետո:

Հասանը նաեւ պնդում է, որ այժմ այս ինդուստրիան այլ երկրներ է տեղափոխվում. «Հայկական ծորակը փակվելուց հետո գործակալները  փորձում են ուսանողներին տեղափոխել Մոլդովայի, Ուկրաինայի եւ Վրաստանի հաստատություններ: Կեղծիքի ինդուստրիան շարունակում է միլիոնավոր շեկել պտտեցնել, ամեն անգամ ուրիշ երկրում»:

Հարկ է նշել, որ The Marker-ի հոդվածում չի նշվում, թե Հայաստանի հատկապես որ բուհերում են ուսանողներին իբրեւ թե կեղծված դիպլոմներ տալիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է