• Latest news

«Իզմիրլյան» ԲԿ-ում բժիշկներին հաջողվել է խթաղիքի մեծ ադենոկարցինոմայի հերթական վիրահատությունն իրականացնել առանց կոլոստոմա ձեւավորելու (ֆոտո)

21 հունիսի, 2017  20:36

«Իզմիրլյան» ԲԿ-ի Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքում խթաղիքի հերթական վիրահատությունն են արել՝ ադենոկարցինոմայի կապակցությամբ։ Դա բավականին մեծ նորագոյացություն էր՝ տեղային տարածվածությամբ, կատարվել է խթաղիքի մեծ մասի ՝ ուռուցքի հետ միասին հեռացում շրջակա հյուսվածքներով ու ռեգիոնար ավշային համակարգով։ Նման վիրահատությունների դեպքում հաճախ ստիպված են լինում որովայնի առաջնային պատին ձեւավորել արհեստական սրբան, այսինքն  կոլոստոմա  տեղադրել, սակայն տվյալ դեպքում բժիշկներին հաջողվել է ձեւավորել առաջային միջաղիքային բերանակցում: 

Բաժանմունքի ղեկավարը՝ Հայաստանում կոլոպրոկտոլոգիայի առաջատարներից մեկը, պրոֆեսոր Արամ Հակոբյանը գոհ է մնացել այդ արդյունքից՝ չէ՞ որ նրանց հաջողվել է ապահովել հիվանդի կյանքի նորմալ որակը,  ժամանակավորապես նրան չդարձնելով հաշմանդամ:

Վիրահատությունն իրականացրել են բաժանմքունքի վարիչ Արամ Հակոբյանը, վիրաբույժ-կոլոպրոկտոլոգ Սամվել Պողոսյանը եւ կլինիկական օրդինատոր Արման Հովհաննիսյանը։

Առհասարակ, ինչպես պարզաբանել է պրոֆեսոր Արամ Հակոբյանը NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում, լինում են դեպքեր, երբ կոլոստոման ժամանակավոր է տեղադրվում։ Ու եթե նրանց հաջողվում է պահպանել սեղմանը, ապա հիվանդին առաջարկում են վերականգնողական վիրահատություն երկու կամ վեց ամիս հետո՝ կախված այն բանից, թե անջատված աղիքի ծայրատը որովայնային խոռոչում է գտնվում, թե հետանցքի մոտ։

Նրա խոսքով՝ չնայած այդքան կարճ ժամանակահատվածում կրկնակի վիրահատության ամբողջ վտանգավորությանը՝ իրենք նախընտրում են դիմել այդ ռիսկին, խուսափելու համար այսպես կոչված դիվերսիոն կոլիտի զարգացումից։ Այն սովորաբար զարգանում է, երբ աղիքի անջատված հատվածը երկար ժամանակ մնում է չգործող վիճակում։

«Ինչ վերաբերում է սեղմանին, մենք ամեն կերպ ձգտում ենք պահպանել այն, հակառակ դեպքում մարդն ամբողջ կյանքում հաշմանդամ է մնում։ Կան իհարկե պլաստիկ, վերականգնողական վիրահատություններ, մենք էլ ենք անում դրանք, բայց ֆունկցիոնալ տեսակետից դա չի ապահովում նույն արդյունքները, որոնք լինում եմ սեփական սեղմանի պահպանման դեպքում»,- ասել է Արամ Հակոբյանը։

Բժիշկը պատմել է, որ «Իզմիրլյան» ԲԿ-ում աշխատում է նաեւ քիմիաթերապեւտ՝ Արմինե Զարգարյանը։ Կոլոռեկտալ քաղցկեղի շարունակական բուժումը իրականացվում է նրա հետ միասին։ Անհրաժեշտության դեպքում վիրահատությունից 25-30 օր հետո հիվանդները հենց այստեղ անցնում են քիմիաթերապիայի կուրս՝ միջազգային ուղեցույցների համաձայն։ Երբ առաջանում է ճառագայթային բուժման անհրաժեշտություն, օրինակ աղիների ստորին հատվածի տափակբջջային ուռուցքի դեպքում, եթե չկա արյունահոսություն ու անանցանելիություն, հիվանդին խորհուրդ են տալիս նախ ճառագայթային թերապիա անցնել, հետո նոր վիրահատվել։

«Իզմիրլյան» ԲԿ-ի Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքում, որը դեռ 1982թ-ին Պրոկտոլոգիայի ինստիտուտում ստեղծված բաժանմունքի իրավահաջորդն է, իրականացվում են նաեւ շեքի բոլոր վիրահատությունները։ Որովայնային խոռոչի վիրահատությունները, նորագոյացություններից բացի, արվում են  բնածին արատների դեպքում, ինչպիսիք են դոլիխոսիգման ու դոլիխոկոլոնը՝ սիգմայաձեւ կամ ամբողջ հաստ աղիքի երկարացում։ 

Պրոֆեսոր Արամ Հակոբյանը պարզաբանեց, որ այդ հարցում բժիշկները տարբեր տեսակետներ ունեն։ Ոմանք համարում են, որ դոլիխոսիգմայի ու դոլիխոխոկոլոնի դեպքում վիրահատել պետք չէ, քանի դեռ չի զարգացել աղիքի ոլորում, անանցանելիություն։ Իսկ Արամ Հակոբյանն ինքը նախընտրում է հեմիկոլէկտոմիա անել արդեն քրոնիկ փորկապությունների զարգացման դեպքում, չհասցնելով սուր անանցանելիության ու աղեոլորքի։ Նման մոտեցման շնորհիվ, բժշկի խոսքով, Հայաստանում վերջին տարիներին աղեոլորքի դեպքերը զգալի կրճատվել են։

Արամ Հակոբյանը նշել է, որ կոլոռեկտալ քաղցկեղը  ունի անշեղ աճ և վերջին տարիներին շատ երկրներում սկսել է  զբաղեցնել առաջին դիրքերը քաղցկեղային հիվանդությունների շարքում։ Նա հիշեցրել է, որ 2011-ին կայացել է միջազգային սիմպոզիում, ԱՊՀ երկրների մասնագետների մասնակցությամբ, որի ժամանակ  որոշում է ընդունվել ԱՊՀ երկրների բժշկական համալսարաններում կոլոպրոկտոլոգիայի ամբիոններ բացելու մասին։ Չնայած, ինչպես հավելեց բժիշկը, Հայաստանում այդ ամբիոնը ստեղծվել է դեռ 2001թ-ին, այսինքն նման որոշման կայացումից տասը տարի առաջ։

Կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդացությունը որպես կանոն կապակցում են ժառանգականության, սննդակարգի, էկոլոգիայի ու բորբոքային հիվանդությունների հետ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է