• Latest news

Աֆրիկան ինձ շատ ավելին տվեց, քան ես սպասում էի. Արմինե Բարխուդարյան

24 հունիսի, 2017  17:07

Դեռեւս ուսանողական տարիներից մանկաբարձ գինեկոլոգ Արմինե Բարխուդարյանը երազում էր Աֆրիկայում աշխատելու մասին: Նա երկար ժամանակ չէր պատկերացնում, թե դա ինչպես է հնարավոր կազմակերպել, սակայն անցյալ տարի, վերջապես, նման հնարավորություն ստեղծվեց: Ծանոթներից մեկի խորհրդով նա կապ հաստատեց Քենիայի հիվանդանոցներից մեկի հետ եւ շուտով այնտեղ մեկնեց որպես կամավոր:

Քենիայում 6 ամիս աշխատելուց հետո բժիշկ Բարխուդարյանը եւս մեկ ամիս անցկացրեց Սուդանի Նուբայի լեռներում գտնվող «Գթության մայր» հիվանդանոցում, որտեղ ռազմական բժիշկներ` փոխգնդապետ Գեւորգ Ոսկանյանի եւ մայոր Հայկ Հովհաննիսյանի հետ ժամանակավորապես փոխարինեց միսիոներ բժիշկ Թոմ Քաթինային` մինչ նա Հայաստանում մասնակցում էր «Ավրորա» հումանիտար մրցանակի եզրափակիչ միջոցառումներին: Քենիայից մինչեւ Սուդան հեռու չէ` օդանավով ընդամենը 1,5 ժամ: Բժիշկ Բարխուդարյանն, իր խոսքով, առաջարկն ընդունեց առանց ծանրութեթեւ անելու:

Աֆրիկան նրան չհիասթափեցրեց, նույնիսկ հակառակը. Քենիայում 6 ամսվա աշխատանքի ընթացքում, ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում խոստովանեց Արմինե Բարխուդարյանը, Աֆրիկան իրեն շատ ավելին տվեց, քան սպասում էր ստանալ: Աֆրիկան, նրա խոսքով, օգնեց իր զարգացմանը որպես անհատ եւ որպես մասնագետ:

Ե’վ Քենիայում, ե’ւ Սուդանում աշխատանքի տեմպը զգալիորեն տարբերվում է այն ամենից, ինչին բժիշկը վարժվել էր. այստեղ միայն քչերն են ամեն օր մի քանի վիրահատություն կատարում, իսկ Քենիայում ինքը եւ իրեն կցված ինտերնը ստիպված էին օրվա ընթացքում մոտ 10 կեսարյան հատում կատարել:

Արմինե Բարխուդարյանի խոսքով` նոր, անծանոթ միջավայրում ապրելն ու աշխատելը շատ հետաքրքիր էր: Սնունդը նույնպես ե’ւ Քենիայում, ե’ւ Սուդանում զգալիորեն տարբերվում էր այն սնունդից, ինչին սովոր էր:

Սուդանում բժիշկը եւ նրա գործընկերները հիմնականում սնվել են Աֆրիկայում ամենատարածված մթերքներով`բրինձ եւ լոբի: Այնտեղ միրգ եւ բանջարեղեն չկա (այս պատճառով շատ տեղացիներ տառապում են վիտամինների եւ հանքանյութերի պակասից): Սուդանում նաեւ հաց չկար, առանց որի շատ հայեր ճաշը չեն պատկերացնում, սակայն հատուկ հայ բժիշկների համար տեղացիները սկսել են հացին նմանվող ինչ-որ բան թխել: Սննդակարգում քիչ էր նաեւ միսը` շաբաթական գրեթե մեկ անգամ այծի միս էին ուտում:

Քենիայում սննդակարգը գրեթե նույնպիսին էր, սակայն այնտեղ, ի տարբերություն Սուդանի, մրգեր կային` մանգո, բանան, նարինջ:

Քենիական ճաշատեսակներից բժիշկն ավելի շատ հիշում է ուգալի կոչվող ճաշատեսակը: Սա ջրով պատրաստվող եգիպտացորենի ալյուրի կազմությամբ շատ խիտ շիլա է: Ուգալին ավանդաբար ձեռքով են ուտում`գնդեր պատրաստելով, որոնց մեջ միս, լոբի կամ այլ բանջարեղեն են դնում:

Բժիշկը երկար ժամանակ ուգալիից հրաժարվել է, բայց հետո, այնուամենայնիվ, սկսել է ուտել, իսկ Քենիայում գտնվելու վերջին շաբաթներին այս ճաշատեսակը նույնիսկ հավանել է:

Մի անգամ Սուդանում հայ բժիշկների համար ուգալի են պատրաստել: Գեւորգ Ոսկանյանը եւ Հայկ Հովհաննիսյանը նախկինում երբեք այս ճաշատեսակը չէին տեսել եւ հրաժարվել են ուտել, իսկ բժիշկ Բարխուդարյանն այն հաճույքով է կերել:

Արմինե Բարխուդարյանի խոսքով` ինքը կցանկանար նորից մեկնել Աֆրիկա աշխատելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել