• Latest news

Ղեկին դիաբետով հիվանդ է. ի՞նչ պետք է իմանալ

30 հունիսի, 2017  22:29

Շաքարային դիաբետի առկայությունն ամենեւին ավտոմեքենա վարելուց հրաժարվելու պատճառ չէ: Սակայն այս հիվանդության բարդությունների, մասնավորապես` հիպոգլիկեմիայի հնարավոր նոպաների հետեւանքով մեքենա վարելը կարող է կապված լինել մի շարք վտանգների հետ, որոնք անտեսել չի կարելի: Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց էնդոկրինոլոգ Յան Բրոզը (Չեխիա), դիաբետով տառապող մարդկանց պետք է իրազեկել, թե մեքենա վարելիս իրենց մոտ ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ եւ դրանք ինչպես է հնարավոր հաղթահարել:

Հիպոգլիկեմիայի նոպան ամենալուրջ խնդիրներից մեկն է, որին դիաբետիկը կարող է բախվել մեքենա վարելիս: Հիպոգլիկեմիան ախտածին վիճակ է, որի դեպքում արյան մեջ գլյուկոզայի խտությունը 3,5 մմոլ/լ-ից (որոշ աղբյուրների համաձայն` 2,2 մմոլ/լ-ից) ցածր է, որի հետեւանքով հիպոգլիկեմիկ համախտանիշ կամ հիպոգլիկեմիկ կոմա է առաջանում:

Այսինքն` արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ նվազման պատճառով (երբեմն դա տեղի է ունենում դիաբետի բուժման շրջանակում) դիաբետով հիվանդի մոտ կարող է առաջանալ ուժեղ գլխապտույտ, գիտակցության խառնաշփոթ, որոշ դեպքերում նա կարող է գիտակցությունը կորցնել: Այս ամենը կարող է ճանապարհային պատահարի հանգեցնել, որի հետեւանքով, հնարավոր է, հիվանդից բացի` նաեւ այլ մարդիկ տուժեն:

Մեքենա վարելիս դիաբետիկն ինչպե՞ս կարող է խուսափել խնդիրներից:

Յան Բրոզը դիաբետով (հատկապես 1-ին տիպի դիաբետով) տառապող մարդկանց խորհուրդ է տալիս ավտոմեքենա նստելուց առաջ շարժական գյլուկոչափով չափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Այս պարզագույն քայլն արդեն կօգնի շատ խնդիրներ կանխել:

Խորհուրդ է տրվում նաեւ մեքենայի մեջ դեղերի տուփ ունենալ, որի մեջ դեղամիջոցների ստանդարտ հավաքածուից բացի` պետք է գլյուկոչափ լինի: Ինքնազգացողության աննշան վատթարացման կամ նոպայի սկսվելու կանխազգացման դեպքում անհրաժեշտ է մեքենան կայանել եւ ստուգել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Եթե նույնիսկ տվյալ տեղանքում կայանումն արգելված է, միեւնույն է` ստիպված եք դա անել, վտանգավոր է երթեւեկությունը շարունակել` առանց համոզվելու, որ ամեն ինչ նորմալ է:

Ցանկալի է մեքենայի մեջ մշտապես ունենալ գլյուկոզայի մակարդակն արագ բարձրացնող ինչ-որ բան, օրինակ` կոնֆետ կամ շոկոլադ: Ցանկալի է այն պահել վարորդի նստատեղից հեշտ հասանելի տեղում: Եթե գլյուկոչափը ցույց է տալիս, որ գլյուկոզայի մակարդակն իսկապես նորմայից ցածր է, խորհուրդ է տրվում կոնֆետ ուտել եւ 30-45 րոպե սպասել մինչեւ վիճակն ամբողջովին կարգավորվի, եւ միայն դրանից հետո ճանապարհը շարունակել:

Այս պարզագույն խորհուրդները կարող են դիաբետիկներին օգնել մեքենա վարելիս շատ խնդիրներից խուսափել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել