• Latest news

Հայաստանին կարո՞ղ է սպառնալ մոծակների կողմից փոխանցվող հիվանդությունների համաճարակը

6 հուլիսի, 2017  19:43

Ներկայումս մոծակների փոխանցվող հիվանդությունները համարվում են գլոբալ խնդիր, որը վերաբերում է առանց բացառության բոլոր երկրներին: Հայաստանում, մասնավորապես, կա 4 ցեղի դասվող մոծակների 24 տեսակ, որոնք տեսականորեն կարող են փոխանցել մի քանիսը այն ինֆեկցիոն հիվանդություններից, որոնց հնարավոր համաճարակի մասին զգուշացրել է Բիլլ Գեյթսը։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցողով պայմանավորված եւ մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

Ըստ նրա, երկրում տարածված են, օրինակ, կուլեքս ցեղի մոծակներ, որոնք փոխանցում են Արեւմտյան Նեղոսի տենդը: Անցյալում համարվում էր, որ այս հիվանդությունը հիմնականում տարածված է արեւադարձային եւ մերձարեւադարձային տարածաշրջաններում, սակայն այսօր այն ավելի հաճախ է գրանցվում նաեւ ոչ արեւադարձային երկրներում: Իսկ քանի որ վերջին շրջանում Արեւմտյան Նեղոսի տենդի դեպքեր են գրանցվել հարեւան երկրներում, մենք զգոնությունը չպետք է կորցնենք, նշեց մասնագետը:

Լուսինե Պարոնյանի խոսքով` Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները Եվրոպական Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի հետ համատեղ ուսումնասիրում են Հայաստանում բնակվող տարածված մոծակներին` պարզելու համար Արեւմտյան Նեղոսի տենդի վիրուսի շրջանառության առկայությունը մեր երկրում: Հետազոտության արդյունքների մասին հայտնի կլինի ավելի ուշ:

Իսկ առայժմ սահմանային անցման բոլոր կետերում դիտարկումներ են կատարվում`ջերմատեսադիտման սարքերի օգնությամբ, առանձնացվում են բարձր ջերմությամբ մարդիկ: Ցանկացած կասկածի դեպքում այս մարդկանց մեկուսացնում են եւ ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխում: 2015 թվականին, օրինակ, դեպք է պատահել, երբ օդանավակայանում մալարիայով հիվանդ մարդ է հայտնաբերվել: Նրան անմիջապես հոսպիտալացրել են, ինչը հիվանդին արդյունավետորեն բուժելու եւ երկրում հիվանդության տարածումը կանխելու հնարավորություն է տվել:

Ինչպես նշեց մասնագետը, Հայաստանում մալարիայով վարակվելու տեղական վերջին դեպքերը գրանցվել են 2005 թվականին: Դրանից հետո եղել են միայն, այսպես կոչված, «բերովի» դեպքեր, երբ այլ երկրում վարակված մարդը Հայաստան է ժամանել: Տեսականորեն, եթե նման մարդկանց չհայտնաբերեն եւ անմիջապես չհոսպիտալացնեն, նրանք կարող են հիվանդության տարածման աղբյուր լինել:

Ինչ վերաբերում է մլակների փոխանցած հիվանդություններին, Հայաստանում վերջին տարիներին գրանցվել է միայն լեյշմանիոզը: Երկրում այս հիվանդության ամենամեծ թվով դեպքերը (18) գրանցվել են 2015 թվականին:

Նշենք, որ կլիմայական պայմանների փոփոխություններով պայմանավորված մոծակների եւ մլակների պոպուլյացիաները ընդլայնում են իրենց բնակության արեալը`տարածելով ինֆեկցիոն հիվանդություններ, որոնց փոխանցողների դերում են հանդես գալիս: Վերջին տարիներին այնպիսի հիվանդությունները, ինչպիսին են մալարիան, դենգե տենդը, Չիկունգունիան, Զիկա տենդը, ավելի հաճախ են գրանցվում այն երկրներում, որտեղ նախկինում երբեք չեն հանդիպել:  Ստեղծված իրավիճակով մտահոգություն են հայտնում ե´ւ գիտնականները, ե´ւ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի նման բարեգործները:

Վավերագրական նոր ֆիլմում, որը հուլիսի 6-ին կցուցադրվի Discovery Channel հեռուստաալիքով, նրանք պատմում են այն վտանգների մասին, որոնք կապված են մլակների եւ մոծակների կողմից փոխանցվող հիվանդությունների համաճարակի հետ. նրանց խոսքով` եթե ոչ մի բան չձեռնարկվի, Զիկա, դենգե տենդի, մալարիայի, չիկունգունյայի եւ Արեւմտյան Նեղոսի տենդի նման հիվանդությունները կարող են խլել մոտ 10 մլն մարդու կյանք` ավելի շատ, քան գլոբալ պատերազմը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել