Թեխասի համալսարանի Առողջության գիտական կենտրոնից (UT Health San Antonio) բժիշկ Ռոն Լին իր գործընկերների հետ 15 տարի հետազոտել է BRCA1 գենի, այսպես կոչված՝ «Ջոլիի գենի» գործողության մեխանիզմը: Հայտնի է, որ BRCA1-ի արատավոր պատճենը ժառանգած կանայք 70 տարեկանում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման 65 տոկոսի հավանականություն ունեն, եւ ձվարանների քաղցկեղի առաջացման մինչեւ 39 տոկոս:
«Պարզվել է, որ BRCA1-ը շատ կարեւոր դեր ունի հետազոտման համար ձեր ընտրած գործնականում ցանկացած տիպի բջիջների ԴՆԹ-ի վերականգնման մեջ»,- ասել է բժիշկ Լին:
Բժիշկ Լին եւ նրա թիմը հետազոտել են BRCA1 արատավոր գեն կրող եւ այն չկրող կանանց կրծքագեղձի հյուսվածքների մի քանի նմուշներ: Պարզվել է, որ այս հյուսվածքների միջեւ զգալի տարբերություն կա:
BRCA1 գենի գործողության մեխանիզմի համաձայն՝ այն ծածկագրում է ԴՆԹ-ի վնասվածքների վերականգնումը եւ բջիջների բաժանումը կարգավորող սպիտակուցը: Այսպիսով՝ գենն օրգանիզմը պաշտպանում է ուռուցքների առաջացումից: BRCA1-ը նաեւ ազդում է էստրոգենի ռեցեպտորների վրա՝ արգելափակելով կրծքագեղձի եւ մյուս օրգանների բջիջների չափից ավելի բազմացումը, որոնք կախված են այս հորմոնից: Եթե գենում վնասվածք (մուտացիա) կա, գենոմի բազմացման եւ ամբողջականության վերահսկողությունը թուլանում է, ի հայտ է գալիս ԴՆԹ-ի անկայունություն եւ կարող է զարգանալ կրծքագեղձի բջիջների չարորակ փոխակերպում: Այսինքն՝ քաղցկեղ է առաջանում:
Ներկայումս հայտնի է BRCA1-ի ավելի քան 1000 մուտացիա: Պոպուլյացիայում մուտացիաներ հանդիպելու հաճախականությունը 1 տոկոս է: Այսինքն՝ 100-ից 1 կնոջ մոտ հայտնաբերվել է BRCA1 գենի վնասվածք:
Եթե կնոջ մոտ առկա է այս մուտացիաներից մեկը, կծքագեղձի քաղցկեղի հավանականությունը զգալիորեն մեծանում է՝ կազմելով 50-80 տոկոս: Մեծանում է նաեւ օնկոլոգիական այլ խնդիրների առաջացման հավանականությունը, մասնավորապես՝ ձվարանների, շագանակագեղձի, աղիների, էնդոմետրիայի, կոկորդի եւ մաշկի չարորակ հիվանդությունները:
Ընտանեկան հիվանդության զարգացման վատթար պատմության դեպքում հավանականությունը մեծանում է՝ BRCA1 գենի մուտացիաները կրողների դեպքում մինչեւ 65 տոկոս կրծքագեղձի քաղցկեղի եւ մինչեւ 39 տոկոս ձվարանների քաղցկեղի համար:
«Կուրծքը եւ ձվարանները 2 հիմնական օրգաններն են, որոնք կնոջ օրգանիզմում էստրոգենի նկատմամբ զգայուն են, եւ հենց սրանք են թիրախ հանդիսանում BRCA1 գենի վնասման դեպքում անոմալ հյուսվածքային կառույցների աճի համար»,- ասել է բժիշկ Լին: «Մեզ արդեն հաջողվել է հայտնաբերել BRCA1-ի դիսֆունկցիայի եւ կրծքագեղձի ու ձվարանների քաղցկեղի հակվածության միջեւ կապերի մեխանիզմը: Սա հետագա թեստավորման համար շատ գրավիչ մոդել է, որի շնորհիվ կարող է փոխվել կրծքագեղձի քաղցկեղի դեմ դեղերի զարգացման ուղղությունը»,- ասել է նա:
Nature Communications-ում հրապարակված հետազոտությունն առայժմ վերաբերում է միայն կրծքագեղձի հյուսվածքներին: Շուտով հետազոտողների խումբը կանցկացնի ձվարանների հյուսվածքների համանման հետազոտություններ:
Հիշեցնենք, որ BRCA1 գենը «Ջոլիի գեն» են անվանել այն բանից հետո, երբ հայտնի դարձել, որ հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլին պրեւենտիվ մաստէկտոմիա է կատարել սեքվենիրացման ժամանակ BRCA1 եւ BRCA2 մուտանտ գեների հայտնաբերումից հետո, որը նրան ժառանգաբար է փոխանցվել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր