• Latest news

Հոգեկան հիվանդների ագրեսիվ վարքը հազվադեպ երեւույթ է, իսկ բժշկի կամ հոգեբանի վրա հարձակվելը՝ բացառիկ․ հոգեբան

21 հուլիսի, 2017  11:09

Նման դեպքեր ծայրաստիճան հազվադեպ են պատահում, երկար տարիների աշխատանքի ընթացքում ես առաջին անգամ եմ բախվել նման դրսեւորման։ Դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ հիվանդը հալյուցինացիա ու զառանցական մտքեր է ունենում, նա կարող է լսել ձայներ, որոնք նրան կարող են ինչ-որ գործողություններ թելադրել։ Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է Աբովյանի անվ. ՀՊՄՀ  Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը՝ մեկնաբանելով նույն ամբիոնի պրոֆեսոր  Ռուբեն Պողոսյանի վրա հիվանդի հարձակման դեպքը։

«Կոնկրետ այս դեպքում ես չգիտեմ, թե ինչն է դարձել պատճառը, բայց պրակտիկայում նման դեպքերը շատ հազվադեպ են»,- ասել է նա՝ հավելելով, որ նման հիվանդները  ավելի հաճախ իրենք իրենց են վնասում, ինքնասպանություն են գործում, բայց բժշկի վրա հարձակվելը հազվադեպ երեւույթ է։ «Հոգեկան հիվանդները,  հիմնականում վտանգ չեն ներկայացնում  հասարակության համար։ Ավելի հաճախ ագրեսիվ վարք են դրսեւորում փսիխոպաթիայի ու սոցիոպաթիայի որոշ տեսակներով տառապող անձինք, հենց նրանք են հաճախ հանցագործություններ իրականացնում, բայց նման մարդիկ բուժման հազվադեպ են դիմում։ Շիզոֆրենիայով, նեւրոզներով  տառապողները  հազվադեպ են դիմում ագրեսիայի, նրանք սովորաբար   տագնապային են, կաշկանդված, ինքնամփոփ»,- նշեց Սամվել Խուդոյանը եւ հավելեց, որ նման հիվանդների հետ սովորաբար աշխատում են եւ՛ հոգեբույժը, եւ՛ հոգեբանը, այսինք հոգեթերապիային զուգահեռ նրանք նաեւ դեղորայքային բուժում են ստանում։ Նման համատեղ աշխատանքն ընդունված պրակտիկա է եւ խիստ արդյունավետ։ Ու որքանով նրան հայտնի է, այսինքն ինչպես հայտնել է «ԱՅԳ» կենտրոնի տնօրեն Վարուժան Մելքոնյանը, այն հիվանդը, որը հարձակվել էր Ռուբեն Պողոսյանի վրա, բուժում էր ստանում նաեւ հոգեբույժի մոտ։

«Ռուբեն Պողոսյանը պրոֆեսիոնալ հոգեթերապեւտ է՝ բազմամյա փորձով, նա չէր կարող իրեն թույլ տալ աշխատել զառանցանքով կամ շիզոֆրենիայով տառապող հիվանդի հետ ու նրա հետ բացառապես միայն հոգեթերապիայով զբաղվել, քանի որ նման դեպքերում հոգեթերապիան օժանդակ բնույթ է կրում, իսկ բուն բուժումը դեղորայքով է իրականացվում»,- ասաց նա։

Հոգեբանի խոսքով, հնարավոր է՝ հիվանդի կյանքում ինչ-որ սթրեսային իրավիճակ է եղել, որը հանգեցրել է ագրեսիվ դրսեւորումների, նա հայտնվել է աֆեկտի վիճակում, ու նույնիսկ դեղամիջոցները չեն օգնել։ Ընդ որում, Սամվել Խուդոյանը նշեց, որ չգիտի, թե հոգեբույժներից ով է բուժել տվյալ հիվանդին ու հավելեց, որ իրականացվում է քննություն, որը կտա բոլոր հարցերի պատասխանները։

Հիշեցնենք, որ հանրահայտ հոգեբան Ռուբեն Պողոսյանը մահացել է այսօր առավոտյան «Հերացի» համալսարանական հիվանդանոցում, որտեղ նրան տեղափոխել էին հուլիսի 17-ին,այն բանից հետո, երբ «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնում թուղթ կտրելու դանակով նրա վրա էր հարձակվել 34-ամյա Հրանտ Հ․-ն։ Բժիշկների տվյալներով, հոգեբանը ստացել էր բազմաթիվ վիրավորումներ, նաեւ արյան մեծ կորստի պատճառով ինֆարկտ էր տարել։ Նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել