• Latest news

Անհաս երեխաներ՝ ռիսկեր ու խնամքի առանձնահատկություններ

10 օգոստոսի, 2017  21:27

Ինչո՞ւ են որոշ երեխաներ ժամկետից շուտ ծնվում․ Ո՞ր երեխաներն են անհաս համարվում։ Ինչո՞ւ են նրանք նվազ կենսունակ։ Այս հարցերի պատասխանները ստանալու հարցում NEWS.am Medicine-ի թղթակցին օգնել է ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը։

Ո՞րն է վաղաժամ ծննդաբերության պատճառը

Վաղաժամ ծննդաբերության պատճառները բավականին շատ են։ Նորածնի կողմից դրանք կարող են լինել ներարգանդային ինֆեկցիաները, զարգացման արատները կամ քրոմոսոմային անոմալիաները։ Մոր կողմից՝ մի շարք հիվանդություններ ու խնդիրներ, որոնք բարձրացնում են վաղաժամ ծննդաբերության հավանականությունը՝ այդ թվում պրեէկլամpսիան, որոշ գինեկոլոգիական ու էնդոկրին հիվանդություններ, սուր ինֆեկցիոն հիվանդություններ հղիության ժամանակ , տրավմաներ, մասնագիտական վնասակար ազդեցություններ եւ այլն։

Բազմապտուղ հղիությունը նույնպես շատ հաճախ ավարտվում է վաղաժամ ծննդաբերությամբ, ընդ որում որքան շատ են պտուղները, այդքան, որպես կանոն, նրանք շուտ են լույս աշխարհ գալիս։ Clinical Obstetrics and Gynecology ամսագրում հրապարակված հետազոտության տվյալներով, երկվորյակների 51 տոկոսն ու եռյակների 91 տոկոսը ժամկետից շուտ են ծնվում։ Ավելին, երկվորյակների 14 ու եռյակների 41 տոկոսը ծնվում են խորը անհաս, շատ ցածր քաշով։ Համեմատության համար ասենք, որ միապտուղ հղիության դեպքում երեխաների միայն 9․4 տոկոսն է ծնվում անհաս ու 1․7 տոկոսը՝ խորը անհաս։

Անհաս է համարվում այն երեխան , որը ծնվել է գեստացիայի 37 ամբողջական շաբաթից շուտ։ Երեխաները, որոնք ծնվել են 1500 գրամ կամ ավելի քիչ քաշով, համարվում են խորը անհաս, շատ ցածր մարմնի զանգվածով, իսկ 1000 գրամից քիչ քաշով ծնվածները՝ ծայրահեղ անհաս, ծայրահեղ ցածր մարմնի զանգվածով։ Ճիշտ է ,նկատեց մասնագետը, երեխայի քաշը ծնվելու պահին ոչ միշտ է նշանակում նրա հասունությունը։

Ի՞նչ խնդիրների է բախվում անհաս երեխան

Անհաս երեխայի առողջական վիճակն ու նրա կենսունակությունը կախված է նրանից, թե ինչ ժամկետում է նա ծնվել ու որքանով են զարգացած նրա օրգանները՝ արգանդից դուրս կյանքի համար։

Թոքեր Եթե երեխան ծնվել է 28 շաբաթականից շուտ, նրա մոտ, որպես կանոն, դեռ զարգացած չեն ալվեոլները, այն «քսակները», որոնք ծածկում են թոքերի մակերեսը ու մասնակցում շնչառական ակտին՝ ալվեոլները իրականացնում են գազի փոխանակություն թոքի մազանոթների հետ։ Թերզարգացածության պատճառով՝ անհաս երեխայի թոքերն արտաշնչելիս ասես փակվում են ու երեխան ստիպված է ամեն անգամ շունչ քաշելիս նորից փչել դրանք։ Ալվեոլների փակվելը կանխելու համար անհաս երեխաներին տալիս են սուրֆակտանտ՝ սպիտակուցների, ածխածինների ու ֆոսֆոլիպիդների ունիկալ կոմպլեքս։ Այն նվազեցնում է ալվեոլների մակերեսի ներքին՝ դեպի օդ ուղղված մակերեսային լարվածությունը, թույլ չտալով, որ դրանք արտաշնչելիս փակվեն։

Երեխայի շնչառական ուղիներում դրական ճնշումը նույնպես կանխում է ալվեոլների փակումը, դրա համար էլ անհաս երեխաների խնամքի համար հաճախ են օգտագործում CPAP։ Որոշ անհաս երեխաներ շաբաթներով կամ նույնիսկ ամիսներով ստանում են շնչառական աջակցություն, մինչեւ նրանց թոքերը այնքան են զարգանում, որ կարողանում են շնչել առանց դրա։

Աղեստամոքսային տրակտ։ Շատ անհաս երեխաներ նաեւ բախվում են աղեստամոսքսային տրակտի խնդիրների, թերզարգացածության պատճառով այն չի կարողանում մարսել սննդի ծավալը, որն ահրաժեշտ է երեխայի կենսական ֆունկցիաները պահպանելու համար։ Դրա համար էլ կյանքի առաջին շաբաթներին որոշ անհաս երեխաներ ներերակային սնուցման կարիք ունեն, որը նրանց տալիս է ամինաթթուներ, ճարպեր ու զարգացման համար անհրաժեշտ այլ սննդարար նյութեր։

Կլման ու ծծելու ռեֆլեքները պտղի մոտ զարգանում են հղիության միայն 33-34 շաբաթվա ընթացքում, դրա համար էլ մինչեւ այդ ժամկետը ծնվածներին հաճախ ստիպված են լինում զոնդի օգնությամբ կերակրել։

Իմունիտետ Անհաս երեխաների իմունիտետը, որպես կանոն, շատ ավելի թույլ է, քան հասուն ծնվածներինը, ու դրա համար էլ նրանք ավելի ընկալունակ են ինֆեկցիաների նկատմամբ, այդ թվում ներհիվանդանոցային։ Պավել Մազմանյանը նշեց, որ զարգացած երկրներում հիվանդանոցների նեոնատալ բաժանմունքներում անհաս երեխաներով զբաղվում է հատուկ անձնակազմ, ու եթե նրանք մյուս հիվանդներից առանձնացված բաժանմունքում են գտնվում, նրանց ապրելիությունը լավանում է, իսկ ինֆեկցիաների հաճախությունը՝ նվազում։

«Ցավոք, Հայաստանում ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող բոլոր նորածիններին առայժմ պահում են նույն բաժանմունքում, բայց մենք լրջորեն մտածում ենք խորը անհաս երեխաների համար առանձին բաժանմունք ստեղծելու մասին»,- նշեց գլխավոր նեոնատոլոգը։

Անոթներ Անհաս երեխաների գլխուղեղի անոթները հաճախ շատ փխրուն են լինում, դրա համար էլ նրանց մոտ հաճախ են տեղի ունենում արյան զեղումներ, երբեմն շատ վտանգավոր, կյանքին սպառնացող։

Աչքեր Ցանցաթաղանթի ու ցանցաթաղանթի արյունատար անոթների զարգացման խանգարման պատճառով որոշ անհաս երեխաներ բախվում են անհասների ռետինոպատիայի խնդրին․ ցանցաթաղանթի մակերեսին գոյանում են բազմաթիվ սպիներ, որոնց պատճառով ցանցաթաղանթը կնճռոտում է ու սկսում է շերտավորվել, ինչը կարող է հանգեցնել կուրության։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է