• Latest news

Ինչպե՞ս է ախտորոշվում անպտղությունը կանանց եւ տղամարդկանց մոտ

8 սեպտեմբերի, 2017  15:50

Զույգն անպտուղ է համարվում, եթե առանց հակաբեղմնավորիչների մեկ տարվա կանոնավոր սեռական կյանքից հետո կինը չի հղիանում։ Լրագրողների հետ զրույցում գինեկոլոգ Տաթեւիկ Ղորուխչյանը նշեց, որ անպտղությունը առաջնային է համարվում, եթե նախկինում երբեք կինը հղի չի եղել, եւ երկրորդային, եթե կինն առնվազն  մեկ հղիություն է ունեցել։

Անպտղությունն ինքնուրույն հիվանդություն չէ. սովորաբար դրա հետեւում այլ խնդիրներ ու հիվանդություններ են թաքնված, որոնք եւ մասնագետները փորձում են գտնել ու բուժել։

Տաթեւիկ Ղորուխչյանը նշեց, որ երբ կինը մասնագետի է դիմում՝ բողոքելով չհղիանալուց, առաջին հերթին ստուգում են, թե նրա մոտ ձվազատում լինում է, թե ոչ։ Դա արվում է ուլտրաձայնային հետազոտության միջոցով. այդ պրոցեդուրան կոչվում է ֆոլիկուլոմետրիա, եւ այն բացարձակ անցավ է։ Ուլտրաձայնային հետազոտությունը ինքն իրենով կարող է շատ կարեւոր ինֆորմացիա տալ կնոջ օրգանիզմի առողջության եւ վերարտադրողական օրգանների վիճակի մասին։

Հետո անհրաժեշտ է ստուգել սեռավարակների առկայությունը, որոնցից մի քանիսը կարող են անպտղության պատճառ դառնալ կամ հղիության ժամանակ խնդիրներ առաջացնել։ Պետք է նաեւ անալիզներ հանձնել որոշ հորմոնների քանակը ստուգելու համար, ինչպես նաեւ ստուգել արգանդափողերի անցանելիությունը։ Եթե այդ փուլերից մեկում խնդիր է հայտնաբերվում, այն անհրաժեշտ է բուժել։ Որոշ դեպքերում անհրաժեշտ է որոշ գենետիկ անալիզներ հանձնել, որոնք պետք է մասնագետը նշանակի։

Մասնագետը նշեց, որ անպտղության հանգեցնող խնդիրների մեծ մասն այսօր լուծվում է։ Անգամ եթե երկու արգանդափողն էլ անանցանելի են կամ բացակայում են, կինը կարող է արտարգանդային բեղմնավորման միջոցով հղիանալ։

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա սեքսապաթոլոգ Մարատ Զախարյանի խոսքով՝ նրանք առաջին հերթին պետք է սպերմոգրամմա անցնեն, որով հնարավոր է պարզել, թե տղամարդը խնդիրներ ունի, թե ոչ։ Եթե սպերմոգրամման ոչ մի շեղում չի հայտնաբերում, տղամարդն, ամենայն հավանականությամբ, պտղաբերության խնդիր չունի։ Եթե անալիզը խնդիրներ է հայտնաբերում, դրանց պատճառները պետք է փնտրել հաջորդող հետազոտություններն անցնելիս։ Տղամարդը կարող է հորմոնալ համակարգի խնդիրներ ունենալ, սեռական օրգանների անոմալիա, վարիկոցելե եւ այլ խնդիրներ, որոնք բացասաբար են ազդում սերմնահեղուկում սպերմատոզոիդների քանակի եւ որակի վրա եւ անհնար դարձնում բեղմնավորումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել