Սրտի բնածին արատներն ու առիթմիան վերարտադրողական տարիքի կանանց մոտ. հնարավո՞ր է արդյոք անվտանգ հղիություն ունենալ

10 սեպտեմբերի, 2017  16:43

Հղիությունը լուրջ ծանրաբեռնվածություն է կնոջ օրգանիզմի համար, ու եթե նա սրտի բնածին արատներ կամ այլ սրտաբանական խնդիրներ ունի, դրանց մասին պետք է նախօրոք իմանա` հասկանալու համար արդյոք այդ կնոջը կարելի է հղիանալ ու եթե այո՝ ինչպես կարելի է ապահովել հնարավորինս անվտանգ հղիություն՝ թե կնոջ, թե պտղի համար։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասել է հայտնի մանկական սրտաբան Հրայր Կարապետյանը (ԱՄՆ)։

Հենց սրտի բնածին արատներով ու առթիմիայով տառապող վերարտադրողական տարիքի կանանց հսկողությանն էր նվիրված համաժողովը, որը կազմակերպել էր «Աստղիկ» ԲԿ-ն սեպտեմբերի 9-ին։ Սրտաբանները, մանկաբարձ-գինեկոլոգներն ու բազմաթիվ այլ մասնագետներ հավաքվել էին՝ այս ոլորտի արդի հարցերը քննարկելու։ Իսկ հարցերը շատ են. ինչպե՞ս է պետք վարել սրտի բնածին արատով կամ սրտի ռիթմի խանգարումով կանանց հղիությունը։ Ինչպե՞ս է պետք վարել հղիությունը, եթե պտղի մոտ է կասկածվում բնածին արատ։ Ինչպե՞ս է պետք սրտաբանական խնդիրներով կանանց նախապատրաստել գինեկոլոգիական վիրահատություններին։

Շատ բան է պայմանավորված արատի տեսակով

Սրտի արատները տարբեր են լինում, ու հղիության վերաբերյալ կանխատեսումները կախված են տվյալ կնոջ մոտ արատի տեսակից, վստահեցնում է Հրայր Կարապետյանը։ Օրինակ, Մարֆանի համախտանիշով կանանց մոտ մեծ է աորտայի պատռվելու վտանգը՝ զարկերակային ճնշման տատանումների պատճառով։ Իմանալով, որ հիվանդն ունի այդ համախտանիշը` մասնագետների թիմը պետք է մշակի նրա հղիությունը վարելու մեթոդաբանություն այնպես, որ նրա մոտ չլինեն զարկերակային ճնշման տատանումներ ու նրա կյանքին սպառնացող վիճակներ։

Իսկ ահա եթե հղիի մոտ Էյզենմենգերի համախտանիշն է (անդառնալի ծանր թոքային հիպերտենզիա, որը դիտարկվում է սրտի որոշ բնածին արատների դեպքում), ապա, մասնագետի խոսքով, ավելի քան 50 տոկոս հավանականություն կա, որ նա կմահանա հղիության ընթացքում։ Նման հիվանդներին, որպես կանոն, խորհուրդ չի տրվում շարունակել հղիությունը։

Գիտաժողովի ընթացքում բժիշկ Կարապետյանը դասախոսություն ընթերցեց «Հղիության վարումը սրտի բնածին արատների ժամանակ՝ ըստ ամերիկյան չափորոշիչների»։ Թեման հսկայական հետաքրքրություն առաջացրեց հայ մասնագետների շրջանում, ովքեր ելույթից հետո բառացիորեն հարցերի տեղատարափ ուղղեցին դասախոսին։

Առիթմիան հղիության ընթացքում կարող է մահացու լինել

Հղիության ընթացքում սրտխփոցից գանգատվում են գրեթե բոլոր կանայք, ու չնայած մեծամասամբ սրտի ռիթմի փոքր խանգարումները ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում ոչ կնոջ, ոչ էլ պտղի համար, լինում են դեպքեր, երբ դրանք մահացու վտանգավոր են դառնում։

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Աստղիկ» ԲԿ-ի մանկական սրտաբան, առիթմոլոգ Մարիամ Սապոնջյանը, բժիշկների գլխավոր խնդիրն է որոշել՝ արդյոք տվյալ կնոջ մոտ առիթմիան նորմայի սահմանում է, թե լուրջ հիվանդության ախտանիշ է։ Եթե երկրորդն է՝ ուրեմն անհրաժեշտ է պարզել առիթմիայի պատճառը ու ընտրել համապատասխան բուժում՝ որոշ դեպքերում կարող է օգնել դեղորայքային բուժումը, երբեմն էլ պետք է փոխել հղիությունը վարելու մարտավարությունը, եզակի դեպքերում պահանջվում է վիրահատական միջամտություն, իսկ երբեմն էլ, ավաղ, հղիությունը պետք է լինում ընդհատել։

«Հղիության ընթացքում առիթմիան հիմնականում իրենից վտանգ չի ներկայացնում, բայց կա առիթմիայի փոքր տոկոս, որը կարող է սպառնալ կնոջ կյանքին կամ էլ այլ անդառնալի հետեւանքներ ունենալ։ Դրա համար էլ մենք պետք է հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք, որպեսզի իմանանք, թե ինչպես օգնենք տվյալ հիվանդին», - նշել է մասնագետը, որը համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել դասախոսությամբ՝ հղիների մոտ առիթմիայի թեմայով։

Գինեկոլոգիական վիրահատություններին նախապատրաստվել է պետք

Գինեկոլոգիական վիրահատությունները նույնպես ծանրաբեռնվածություն են կնոջ օրգանիզմի համար, հատկապես եթե նա սրտի բնածին արատներ ունի կամ էլ սրտի վիրահատության է ենթարկվել ու հակակոագուլյանտներ է ընդունում։ «Աստղիկ» ԲԿ-ի սրտաբանական ծառայության ղեկավար Կարինե Սարգսյանը նշել է, որ մասնագետները պետք է իմանան՝ ինչպես նման կանանց պատրաստեն վիրահատություններին, ինչպես պետք է անցնեն բուն վիրահատությունները ու ինչպիսին պետք է լինի դրանց հաջորդող ռեաբիլիտացիայի ժամանակաշրջանը։ Հենց այդ թեմայով էլ մասնագետը ելույթ է ունեցել համաժողովի ժամանակ։

Պերինատալ սրտաբանական ծառայությունը անհրաժեշտություն է Հայաստանում

Հայտնի մանկական սրտաբան Կարեն Կուրդովը, այս համաժողովի կազմակերպիչը, վաղուց էր երազում Հայաստանում ստեղծել պերինատալ սրտաբանական ծառայություն, որը կզբաղվի սրտի բնածին արատներով հղիների ու պտղի խնդիրներով։ Այս ծառայության շնորհիվ հնարավոր կլինի արատ ունեցող կնոջ համար ապահովել առավելագույն անվտանգ հղիություն ու ծննդաբերություն, իսկ արատով երեխայի համար՝ անվտանգ ծնունդ ու համարժեք նեոնատալ խնամք։

Բժիշկ Կուրդովի խոսքով՝ նման ծառայությունն ավելի հեշտ է կազմակերպել բազմապրոֆիլ հիվանդանոցում, որտեղ կա եւ սրտաբանական, եւ կարդիովիրաբուժական, եւ պրենատալ, եւ գինեկոլոգիական ծառայություններ։ Հենց այդ պատճառով էլ ընտրությունը կանգ է առել «Աստղիկ» ԲԿ-ի վրա՝ այստեղ այս տարվա հունվարից նա անցկացնում է պտղի էխոկարդիոգրաֆիա ՝ հետազոտություն, որի օգնությամբ հղիության դեռ 18-22 շաբաթներում հնարավոր է բացահայտել պտղի սրտի արատների մեծ մասը։

«Որպեսզի ծառայությունը լավ աշխատի՝ անհրաժեշտ է, որ բժիշկները շփվեն իրար հետ։ Նախկինում յուրաքանչյուր մասնագետ պարզապես գրում էր իր եզրակացությունն ու ուղարկում այն մեկ այլ մասնագետի։ Բայց հիմա մենք վերջապես սկսել ենք շփվել, զրուցել՝ դա հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչն է անհանգստացնում, օրինակ, սրտաբանին, գինեկոլոգին. նման մոտեցումն ավելի արդյունավետ է», - նշել է մասնագետը։ Տարբեր պրոֆիլների մասնագետների անձնական շփման դերն է հենց եղել համաժողովին նրա զեկույցի հիմնական թեմաներից մեկը։

NEWS.am Medicine

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հակաբեղմնավորման ո՞ր մեթոդները կարող են պաշտպանել ՄԻԱՎ-վարակից:
1. Ընդհատված սեռական ակտը
2. Պահպանակը
3. Հորմոնալ հակաբեղմնավորիչները
4. Ներարգանդային պարույրը
5. Չգիտեմ