• Latest news

«Աստղիկ»-ում ներդրվեց նեյրոմոնիտորինգը վահանաձեւ գեղձի վիրահատությունների ժամանակ

25 սեպտեմբերի, 2017  15:57

Վահանաձեւ գեղձի վիրահատությունների թիվը տարեցտարի աճում է, արդյունքում աճում է նաեւ հետվիրահատական բարդացումների քանակը։ Խոշոր բարդացումներից մեկը ձայնալարերի կաթվածն է (պարեզ)։ Այս ամենը դրդում է որոնել տարբեր մեթոդաբանություններ, որոնք թույլ են տալիս նվազեցնել տվյալ ռիսկը։ «Աստղիկ» ԲԿ-ում վահանաձեւ գեղձի վիրահատությունների ժամանակ ինտրավիրահատական նեյրոմոնիտորինգի թեմայով դասընթացի ժամանակ այս մասին հայտնեց բուժկենտրոնի էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար, բգթ, դոցենտ Արմեն Վարժապետյանը։

Դասընթացի դասախոս, Սանկտ Պետերբուրգի ԱՆ-ի բազմապրոֆիլ կենտրոնի տնօրենի բժշկական մասով տեղակալ, Էնդոկրինոլոգիայի ու էնդոկրին վիրաբուժության հյուսիս- արեւմտյան կենտրոնի ղեկավար, բգդ, պրոֆեսոր Իլյա Սլեպցովն իր ելույթում նշեց, որ ձայնալարերի հետվիրահատական կաթվածի խնդիրը հատկապես ակտուալ է այն մարդկանց համար, ովքեր մշտապես օգտվում են իրենց ձայնից՝ երգիչների, դասախոսների, հաղորդավարների եւ այլն։ Նա հիշեցրեց դասական օրինակը , որը ներկայացվում է էնդոկրինոլոգների համաժողովներում. դա հայտնի ամերիկացի երգչուհու, մեցցո սոպրանոյի օրինակն է, որն ինքնասպան էր եղել, քանի որ վահանաձեւ գեղձի վիրահատությունից հետո այլեւս չէր կարողանում երգել։ Ընդ որում, նա կարողանոմ էր նորմալ խոսել, պարզապես այլեւս չէր կարողանում բարձր նոտաներ «վերցնել»։

«Նրա ձայնը հաճախ է հնչում սեմինարներում»,- ասաց նա։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Սլեպցովը պարզաբանեց, որ վահանաձեւ գեղձը շատ հաճախ վիրահատվող օրգան է։ Կանանց 50 տոկոսի մոտ 50 տարեկանից հետո կան հանգույցներ, իսկ ընդհանուր բնակչության շրջանում այդ հանգույցների տարածվածությունը 30 տոկոս է գնահատվում։ Այդ իսկ պատճառով վահանաձեւ գեղձը վիրահատում են շատ հաճախ, ու հետվիրահատական բարդացումները նույնպես հաճախակի երեւույթներ են։

Իսկ ինչո՞վ է վտանգավոր վահանաձեւ գեղձի վիրաբուժությունը

Իլյա Սլեպցովը պարզաբանեց, որ վահանաձեւ գեղձը պարանոցի այն հատվածում է գտնվում, որով անցնում են գլխից մարմնի մյուս մասերին հասնող գրեթե բոլոր «լարերը»՝ նյարդերը, անոթները, կերակրափողը, շնչափողը եւ այլն։

«Հենց վահանաձեւ գեղձի մոտով են անցնում այն երկու նյարդերը, որոնք պատասխանատու են ձայնային ֆունկցիայի համար։ Դրանք կրում են էլեկտրական ազդակ, որը ստիպում է ձայնալարերին կրճատվել։ Եթե մենք խափանում ենք նյարդի աշխատանքը, ձայնային ֆունկցիան էլ է խախտվում։ Ձայնը կարող է խզվել, կամ մարդն առհասարակ դադարում է խոսել։ Բազմաթիվ մասնագիտությունների համար դա կարող է իրոք լուրջ խնդիր դառնալ։ Դրա համար էլ կարեւոր է օգտագործել տեխնոլոգիաներ, որոնք կարող են նվազեցնել խախտումների տոկոսը։ Վահանաձեւ գեղձը չվիրահատել մենք չենք կարող, քանի որ այն հիվանդանում է, բայց պետք է ձգտել այն վիրահատել առանց հիվանդների համար խնդիրներ ստեղծելու»-ասել է նա՝ հավելելով, որ նման մեթոդներից մեկն է նեյրոմոնիտորինգը վիրահատության ժամանակ։

Դրա սկզբունքը վիրահատության ընթացքում նյարդերի էլեկտրախթանումն է ու հատուկ մոնիտորի վրա ցուցումների դիտումն է։

«Բոլոր նյարդերը նման են էլեկտրական լարերի, եթե կտրենք լարը, լույսը կմարի։ Նեյրոմոնիտորը հաղորդում է էլեկտրական ազդակ, որն անցնում է նյարդի միջով: Եթե ազդակն անցնում է, ապա արդեն վիրահատության ժամանակ մենք կարող ենք իմանալ, որ նյարդն աշխատում է»,- ասել է նա։

Մասնագետը պարզաբանել է, որ ի տարբերություն էլեկտրական լարի նյարդը վնասելու համար պարտադիր չէ այն կտրել, այն կարող է դադարել աշխատել կամ վատ աշխատել, եթե այն սեղմես, սխալ ձեւով դիպչես, դրա համար էլ շատ կարեւոր է հետեւել դրա վարքագծին վիրահատության ժամանակ։

«Եթե դուք տեսնում եք վիրահատության ժամանակ, որ ձեր լույսը սկսում է մարել, դուք արդեն հասկանում եք, որ  ինչ-որ բան այն չեք անում, ըստ երեւույթին ինչ-որ տեղ ինչ-որ բան վնասվել է։ Մոնիտորինգը մեզ հնարավորություն է տալիս տեսնել, որ նյարդը տուժում է վիրահատության ժամանակ, վիրաբույժը կարող է փոխել մոտեցումը վիրահատության հանդեպ ու այնպես անել, որպեսզի լույսն ամբողջովին չմարի»,- ասել է նա։

Ներկայացնելով նեյրոմոնիտորինգի մեթոդը՝ Իլյա Սլեպցովը հայ բժիշկներին պատմել է, որ իր կենտրոնի բժիշկների համար այսօր ամենասարսափելի կենդանին «лось»-ն է։  Նրանք հենց այդպես էլ միմյանց ասում են ««лось»-ը եկավ, հետո գնաց, կամ մնաց»։ Նկատի ունեն loss of signal (ազդանշանի կորուստ)՝ ու դա գրեթե հաստատ ձայնալարերի կաթված է  նշանակում։ Իսկ ամենասարսափելին երկկողմանի «loss»- ն է։

 «Ինչո՞վ է կարեւոր loss-ը։ Նրանով, որ եթե դուք տեսնում եք անցանելիության խախտում, դուք կարող եք փոխել վիրահատության ծրագիրը։ Աշխատություններից մեկը ցույց է տալիս, որ 36 մարդու մոտ անցանելիության խախտում է եղել։ Ազդանշանի ամբողջական կորուստ։ 16 դեպքերում վիրաբույժը չի փոխել վիրահատության ծրագիրը ու հեռացրել է նաեւ վահանաձեւ գեղձի երկրորդ կեսը։ Ու դեպքերի 19 տոկոսում ստացվել է երկկողմանի պարեզ։ 20 դեպքերում վիրաբույժը փոխել է ծրագիրը ու հեռացրել է երկրորդ կեսը մեկ ամիս անց, իսկ 2 ամիս հետո երկկողմանի պարեզի ոչ մի դեպք չի եղել»,- ասել է նա՝ հավելելով.  «Վիրահատության ժամանակ կանգ առնելը խայտառակություն չէ։ Դա ասես 1812-ին Մոսկվայի հանձնումը լինի, որը հիմարություն չէր։ Այստեղ էլ դուք կարող եք կանգ առնել, հետո վերադառնալ, այդպես ավելի երկար կտեւի, բայց ավելի հուսալի կլինի»։

Իլյա Սլեպցովի երկրորդ դասախոսությունը նվիրված էր վահանաձեւ գեղձի քաղցկեղին։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա պարզաբանել է, որ վահանաձեւ գեղձի քաղցկեղի հարցում հիմնական խնդիրը նախ ճիշտ ախտորոշելու կարողությունն է՝ դա քաղցկեղ է , թե՞ ոչ, այնուհետեւ՝ բուժման ռազմավարությունը ճիշտ որոշելը՝ պետք է արդյոք հեռացնել այդ ուռուցքը, թե ոչ , պետք է արդյոք վահանաձեւ գեղձն ամբողջությամբ հեռացնել, թե՞ մասամբ, ճառագայթային թերապիա պետք է, թե ոչ, եւ այլն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում, օրինակ, ցիտոլոգները շատ հաճախ վիրաբույժներին որոշակի պատասխան չեն տալիս՝ հիվանդն ունի՞ քաղցկեղ, թե ոչ, ու վիրաբույժը որոշում է ռիսկի չդիմել ու անել վիրահատություն՝ դրանից բխող բոլորբարդություննբերով։ Մինչդեռ, Իլյա Սլեպցովի խոսքով, այս հարցի լուծումը բավականին պարզ է, ու այդ խնդրի կանոնակարգման հարցում օգնել է ճապոնացի ու կորեացի վիրաբույժների փորձը։

«Երկար տարիներ արեւմտյան դպրոցը շարժվում էր ավելի շատ բուժելու, ամբողջ վահանաձեւ գեղձը հեռացնելու, ռադիոակտիվ յոդով, հորմոններով բուժում իրականացնելու ուղղությամբ։ Իսկ ճապոնացիներն ու կորեացիները իրենց ուղիով էին գնում՝ չհեռացնել ամբողջը, չանել ռադիոակտիվ յոդով բուժում։ Այն տվյալները, որոնք նրանք կուտակել են այդ մարտավարության 50 տարիներին, ցույց են տալիս, որ այդքանը բավարար է։ Եվ 2015-ին վերջապես տեղի է ունեցել արեւմտյան ու արեւելյան դպրոցների միաձուլում»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ նոր ուղեցույցներում արդեն ամեն ինչ հստակ տարանջատված է։

«Հիմա մենք գիտենք, թե ում է պետք շատ բուժում, իսկ ում՝ քիչ։ Ու ինչպես կարելի է հետեւել հիվանդի վիճակին։ Այս ամենը բավականին հստակ որոշված է։ Ու իրականում, շատ հեշտ է հասկանալ, թե ում ինչ է պետք անել»,- ամփոփեց մասնագետը։

Սեմինարի ընթացքում ռուսական RT мed ընկերության ներկայացուցիչ Նիկիտա Իլյուշենկովը ներկայացրեց գերմանական Inomed ISIS C2 ինտրավիրահատական նեյրոմոնիտորը, որն էլ հենց օգտագործում են Հյուսիս- արեւմտյան կենտրոնի բժիշկները։

Մեկ նման մոնիտոր ռուս մասնագետներն իրենց հետ են բերել ու Իլյա Սլեպցովի գլխավորությամբ Արմեն Վարժապետյանն  «Աստղիկ» ԲԿ-ում իրականացրեց երկու ցուցադրական վիրահատություն՝ հայ բժիշկների համար։

 

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել